Մայիսի 3-ին նշվեց մամուլի ազատության միջազգային օրը, ինչի կապակցությամբ երեկ Նկարիչների միությունում բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 70-ից ավելի լուսանկար ու երգիծանկար:
Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքին ու այն խոչընդոտող հանգամանքներին: Ցուցահանդեսը եւս մի անգամ հիշեցնում է կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին, առհասարակ հանրությանը, որ ինֆորմացիա ստանալու իրավունքին հասնելու համար մեծ է բոլորի դերակատարումը:
Բացմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ցուցահանդեսը, որը բաց կլինի 10 օր, կազմակերպել էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Իսկ ներկայացված աշխատանքները կտպագրվեն կատալոգում` նվիրված մամուլի ազատության համաշխարհային օրվան:
Ի. Պ.