«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2012-05-03 | #81, 2012-05-04 | #82, 2012-05-08


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՄԼՈՒՄ

Երեկՙ մայիսի 7-ին, անսովոր շուք եւ փայլ ստացած Կրեմլի պալատում տեղի ունեցավ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը:

Եռանդուն եւ մարզիկի կոփվածքով 59-ամյա Պուտինը, որը վստահորեն հաղթանակ տարավ մարտի 4-ին կայացած նախագահական ընտրություններում ` հավաքելով ավելի քան 63 տոկոս, փոխարինեց 46-ամյա Դմիրտրի Մեդվեդեւին:

Երդմնակալության արարողությունը Պուտինի համար թեեւ երրորդն էր, սակայն նա առաջին անգամ ստանձնեց պաշտոնը վեց տարով, քանի որ 2008 թվականին փոփոխություններ կատարվեցին սահմանադրության մեջ, որոնց համաձայնՙ նախագահն այժմ ընտրվում է ոչ թե չորս, այլ վեց տարով,

Վլադիմիր Պուտինը երկիրը ղեկավարել է նաեւ 2000-2008 թվականներին` երկու անգամ ընտրվելով նախագահ: Այս անգամ Պուտինը նախագահի պաշտոնում կմնա մինչեւ 2018 թվականի մայիս:

Արարողակարգի համաձայնՙ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի պալատում դիմավորեց հետնորդին, որը Կրեմլ ժամանեց ՌԴ կառավարությունից:

Արարողությանը հրավիրվել էր մոտ 3000 մարդ: Նրանց թվում էին Ռուսաստանի Դաշնության կառավարության, Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ: Ներկա էին Պուտինի նախընտրական շտաբի վստահված անձինք, դիվանագիտական, գիտական, մշակութային, հասարակական գործիչներ:

Հրավիրվածների թվում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, հոգեւորականներ, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:

Լրագրողներս հատկապես մեծ ուշադրություն դարձրինք բարձրաստիճան հյուրերի հագուկապին եւ զգեստներին. տղամարդիկ կրում էին մուգ կոստյումներ, իսկ կանայք` «սովորական երկարության» զուսպ զգեստներ, զինծառայողները` տոնական համազգեստ:

Երդմնակալության արարողությունը սկսվեց կեսօրին եւ տեւեց մոտ 40 րոպե:

Այն սկսվեց Կրեմլի Սոբորնայա հրապարակում` գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` նախագահական գնդին հրաժեշտով:

Կրեմլի պալատի Անդրեեւսկի դահլիճում Մեդվեդեւը նորընտիր նախագահին փոխանցեց նախագահական իշխանության խորհրդանիշը:

Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրաՙ Պուտինն ասել է. «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պարտականություններն իրականացնելիս հարգել եւ պահպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հետեւել եւ պաշտպանել ՌԴ սահմանադրությունը, պաշտպանել պետության անկախությունը, անվտանգությունը եւ ամողջականությունը, հավատարիմ ծառայել ժողովրդին»:

Պուտինի երդումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը նրան հայտարարեց ՌԴ նախագահ, որից հետո նվագախումբը եւ երգչախումբը կատարեցին Ռուսաստանի հիմնը:

Նոր նախագահի երդում տալուց հետո Դմիտրի Մեդվեդեւը, որ 4 տարի ղեկավարել էր երկիրը, դադարեց կատարել պետության ղեկավարի պարտականությունները:

Պուտինին` որպես ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, փոխանցվեց ռազմավարական միջուկային ուժերի կառավարումը:

Արարողության ավարտից հետո Կրեմլի Սոբորնայա հրապարակում տեղի ունեցավ նախագահական գնդի միջոցառումը, որը երեկ տոնում էր նաեւ իր ձեւավորման 76-րդ տարեդարձը:

Երդմնակալության արարողությունը ուղիղ հեռարձակում էին վեց հեռուստաալիքներ: Ողջ աշխարհի կիզակետում հայտնված այդ իրադարձությունը հեռարձակվում էր նաեւ անգլերեն, արաբերեն եւ իսպաներեն լեզուներով, իսկ համացանցի օգտատերերը ողջ աշխարհում հնարավորություն ունեցան online ռեժիմով հետեւելու այդ հանդիսությանը, որը հասանելի էր նաեւ YouTube-ում:

Երդմնակալության արարողությանը պետական բյուջեից հատկացվել էր 26 մլն ռուբլի: Ռուսաստանի 4-րդ նախագահի երդման արարողությունը որեւէ սկզբունքային փոփոխության չի ենթարկվել եւ ընթացավ նույն սցենարով, ինչպես 2000-ին, 2004-ին եւ 2008-ին:

Վլադիմիր Պուտինը, ստանձնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնըՙ մի քանի ժամ անց արդեն Պետդումային է ներկայացրել արդեն նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնի համար:

Ընդդիմադիր ուժերի կողմնակիցները փորձել են Պուտինի երդման օրը Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոստիկանությունը ցրել է նրանց:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4