Հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով, որոնց վերաբերյալ արձանագրությունը երեկ ստորագրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, խորհրդարան են անցնում ընտրությունների մասնակից 9 քաղաքական ուժերից 6-ը` 5 կուսակցություն եւ 1 դաշինք: ՀՀԿ-ն ստացել է 44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսըՙ 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»` 5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20% (3080 ձայն): Կուսակցությունները պետք 5 % հաղթահարեին, դաշինքները` 7 %` խորհրդարան անցնելու համար:
Այս ընտրությունները աչքի ընկան մասնակցության բարձր տոկոսով` ընտրացուցակներում ներկայացված 2,5 մլն-ից ավելի ընտրողից` 1,5 մլն-ից ավելին եկել է քվեարկության: Ոմանք դա բացատրում են շահագրգռող գործոններով` նշելով, որ այստեղ դեր են ունեցել ավելի վաղ, հատկապես իշխանական ուժերի բաժանած ընտրակաշառքը, յուրաքանչյուր ընտրատարածքում «սեփական» ընտրողներին տաքսիներով եւ միկրոավտոբուսներով ընտրության հասցնելը ու այս կարգի այլ` դժվար ապացուցելի գործոններ:
Սակայն փաստն այն է, որ ընտրողը գնացել է ընտրատեղամաս եւ սեփական ձեռքով ընտրություն է կատարել: Ու եթե այս կարգի շարժիչներ են անգամ ընտրատեղամաս բերել ընտրողների գերակշիռ մասին, ուրեմն մեր ժողովուրդը հենց այս հոգեվիճակում է, եւ այստեղ ոչինչ անել չես կարող: Այսպես թե այնպես` նոր խորհրդարանի նախնական պատկերն արդեն առկա է, որը հազիվ թե փոխվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:
ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության ինտրիգը, թվում է, լուծվեց, քանի որ ՀՀԿ-ն 40 եւ ավելի տեղ ունենալով համամասնական կարգով եւ 30` մեծամասնականով (30 ընտրատարածքում մեծամասնական կարգով նախնական արդյունքներով հաղթել են ՀՀԿ-ականները) 70 մանդատով (մի քիչ ավել-պակաս) որակյալ մեծամասնություն է ունենալու: Սակայն ինտրիգը երեկվա դրությամբ պահպանվում էր, քանի որ ԲՀԿ-ն ընտրությունների վերահսկման համար ստեղծված միասնական շտաբում ընտրակեղծիքների դեմ պայքարելու նպատակով գործակցում էր ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, ու նա նույնպես ներշնչող տոկոս է ստացել` 30, 2 տոկոս, իսկ այդպիսի տոկոսով բավական լուրջ գործոն կարելի է դառնալ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմադիր դիրքերից: Հավանաբար խորհրդարան անցած ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց 7 եւ 5,5 հասնող տոկոսներով կակընկալեն ԲՀԿ-ի հետ խորհրդարանական համագործակցության ձեւաչափ, սակայն նույնիսկ գործակցության դեպքում, պատռի-տրաքի, ընդհանուր 46-47 մանդատից ավելին չեն կարող ունենալ, քանի որ ՀՀԿ-ի ենթադրվելիք մինչեւ 70 կամ ավելի մանդատների դեմ ինչ-որ խնդիր լուծել նույնիսկ միասին ունեցածով չեն կարողանա, «Ժառանգությունը» կարծես լրիվ հեռացավ մյուս ընդդիմադիր միավորներից: Ընդդիմադիր թեկնածուներից մեծամասնական կարգով ոչ ոք չի անցել, մինչդեռ ՀՀԿ-ն մեծամասնական կարգով ստանում է 30, ԲՀԿ-ն 8 մանդատ, եւ 1-ը` ՕԵԿ-ը: Մանավանդ ՕԵԿ-ի 5-6 մանդատն էլ ՀՀԿ-ի կողմում է:
Այն ենթադրութունները, թե ընդդիմությունը կարող է հրաժարվել մանդատներից, նույնպես դեռեւս անհասցե են` ո՞վ է ընդդիմությունը, արդյո՞ք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությո՞ւնը», թե՞ ԲՀԿ-ն; Վերջինս, այնուամենայնիվ, կուզենա այլընտրանք լինել այժմ արդեն վստահ տոկոսով խորհրդարան անցած ՀՀԿ-ին եւ շարունակել օգտվել ընդդիմադիր գործընկերների ճնշման գործիքից` դեպի նախագահական ընտրություններ: Իսկ գուցե ԲՀԿ-ն առաջվա պես կոալիցիա՞ է կազմելու ՀՀԿ-ի հետ, մանավանդ, կամա թե ակամա, ԲՀԿ-ն իր ստացած ձայներով պահպանեց կոալիցիոն հուշագիրը` չավելացնելով իր ներկայացվածությունը: Այդպիսով` ընդդիմությունը կմնա ձեռնունայն, ինչը հենց սկզբում ենթադրելի էր: Սակայն այստեղ մեկ բայց կա` հեռահար գործողությունները դեպի նախագահական ընտրություններ. եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածուով է գնալու նախագահական ընտրությունների, ապա թեկուզ նվազ մանդատներով իր գործընկերների հետ պետք է շարունակի գործակցել: Իսկ թե ով, ինչ գործելակերպ կորդեգրի, դա կտեսնենք ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո: Առայժմ առաջին արձագանքներից պարզ է դառնում, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ հատկապես ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» խիստ դխգոհ են ընտրությունների արդյունքներից եւ ՀՀԿ-ի ստացած ձայները համարում են որոշակի գործողությունների արդյունք:
Բոլոր դեպքերում, ընտրությունների ընթացքում ակտիվացած միասնական շտաբի դուռը երեկ փակ էր, իսկ ԲՀԿ-ի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողներին ասում էր, թե երբ ընտրությունների ամբողջ պատկերը պարզ լինի` կքննարկեն, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն կանի: Իսկ առաջին գնահատականը հնչեցնելու է ՀԱԿ-ն այսօրվա հանրահավաքում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ