Ընտրությունների օրը, քվեարկությունից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ վաղը նոր Հայաստանում ենք արթնանալու»: Գրեթե նույն ձեւակերպումներով քվեարկությունից հետո լրագրողներին դիմեց նախագահ Սերժ Սարգսյանը . «Ես քվեարկեցի Հայաստանի առաջընթացի համար, հանուն ապագայի Հայաստանի», ավելի վաղ` քարոզչության ընթացքում ՀՀԿ նախագահը մեկ անգամ չէ, որ ասել էր. «ՀՀԿ-ի ծրագիրը ապագայի Հայաստանի ծրագիրն է, ու ՀՀԿ-ն է, որ կարող է երկրում իրականացնել լուրջ բարեփոխումներ»: ԲՀԿ-ն էլ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի , ցանկանում է, որ «հայ կնոջ դեմքից ժպիտը չիջնի, ու հայ տղամարդը կարողանա պահել իր ընտանիքը», Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նաեւ ընդգծում են. «Հավատա, վստահիր, պահանջիր», տրամաբանորեն ստացվում էՙ քվեարկիր ԲՀԿ-ի օգտին ու պահանջիր, որ... կինդ ժպտա...
ՕԵԿ-ն էլՙ գրեթե նույնը. Արթուր Բաղդասարյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ինքը քվեարկել է «Օրենքների Հայաստանի համար», ՀՅԴ առաջին համար Վահան Հովհաննիսյանը ավելի հեռուն էր գնացել` նշելով. «Ես քվեարկել եմ հանուն մեր հայրենակիցների վերադարձի», ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանն էլ, հավանաբար վերհիշելով իր նախագահության տարիները, իսկ գուցե դրանք մոռացած լինելու պատճառով, ասել էր. «Ես քվեարկել եմ հանուն ավելի լավ Հայաստանի»:
Դատելով ԿԸՀ-ի նախնական տվյալներից, ինչպես նաեւ նախքան այդ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ու Gellup internatioanl-ի «անսխալական ուսումնասիրություններից», նոր խորհրդարան են անցնում հենց այս ուժերը, հետեւաբար երիցս իրավացի էր Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը , որը քվեարկությունից հետո հայտարարեց. «Եկել եմ թոռներիս ցույց տամ, թե ի՞նչ է ընտրությունը», պետք էր միայն հավելել` բացառապես դրա համար... Իսկ Դեմկուսն ու «Միավորված հայերը» միասին հազիվ մեկ տոկոս են հավաքել... Շնորհավորում ենք:
Ինչեւէ, ընտրություններն անցան, իսկ դա նշանակում է, որ այսօրվանից «Հայաստանն ապագային նայում է ավելի ուժեղացած», որ այսօրվանից «նոր Հայաստանն է», քանի որ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական բոլոր ուժերի ղեկավարներն ու ներկայացուցիչները միաբերան պնդում էին. այս ընտրությունները խիստ վճռական են, հետեւաբար դրանից հետո մեր երկրում «բան է փոխվելու»: Այդպե՞ս է արդյոք: Ինչ խոսք, փոփոխությունները մեկ օրվա չեն, ու դրանց մեկ օրում չէ, որ հասնում են:
Երեկ մայրաքաղաքի փողոցում ճարահատյալ մուրացկանին անգամ ընտրված ամենալավ իշխանությունը չի կարող այսօր դարձնել ոչ մուրացկան, սա հասկանալի է: Խնդիրն ուրեմն ոչ թե փոփոխությունների ժամկետի, առավել եւս` անհրաժեշտության, կարիքի մեջ է, այլՙ փոփոխությունների տանողների: Այսինքն, եթե դուք սրընթաց երթեւեկության սիրահար եք, ձեզ դա երբեք չի կարող ապահովել հանգիստ քշող վարորդը, որքան էլ նա խոստանա, որ «այս անգամ արագ կվարի մեքենան»: Ընդ որումՙ այդ խոստացողը հաճախ ամենեւին էլ չի ստում, նա իրականում կամենում է, ձգտում է արագ վարել, սակայն... ոչ մի ժողովուրդ պարտավոր չէ սպասել այնքան, մինչեւ իր իշխանությունը սովորի երկիր կառավարել, այո` կառավարել, այլ ոչ թե ղեկավարել. սրանք խիստ տարբեր բաներ են, ճիշտ է, հաճախ կառավարիչը չի դիմանում ղեկավարելու գայթակղությանը, ու սա էլ խնդիր է...
Բայց վերադառնանք. «այսօրվանից նոր Հայաստանում ենք ապրում» ասում են, նորից, արդեն որերորդ անգամ... Չնայած «հնում» էլ, «նորում» էլ իշխանությունը նույն անունն ունի, իսկ նույնը երբեք նոր չէ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ