Շվեդիայի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ «Իրավիճակը Ղարաբաղում» բանաձեւի նախագծի դեռեւս նախորդ տարի մեկնարկած ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը կրկին մեջտեղ է եկել: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրես» կոչվող կազմակերպությունը մասնակցելու է այսօր Շվեդիայի խորհրդարանում այդ բանաձեւի նախագծի քննարկմանը:
Ադրբեջանցիները, բնականաբար, այնպիսի պիտակավորումներով են ներկայացնում այդ բանաձեւի նախագիծն ու դրա քննարկումը, կարծես խոսքն իսկապես լրջագույն մոտեցման ու մեծ աջակցություն վայելող մի նախագծի մասին է: Մինչդեռ «Ազգի» հարցմանը Շվեդիայի խորհրդարանի տեղեկատվության բաժնից (մեր իրականության համեմատությամբ ուղղակի հրթիռային արագությամբ եւ չտեսնված մանրամասնումներով-Ա.Հ.) արագ արձագանքեցին, ներկայացնելով, որ ամենից առաջ դեռեւս նախորդ տարի հոկտեմբերի 5-ին ներկայացված բանաձեւի նախագիծը ոչ ավել, քան մասնավոր նախաձեռնություն է, այն էլ ծագումով թուրք պատգամավորի` Մեհմետ Կապլանի կողմից:
Ադրբեջանական կազմակերպությանը ծառայող թուրք պատգամավորի բանաձեւի առաջարկի առնչությամբ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական վերաբերմունք է արտահայտել, մասնավորապես առաջարկելով դադարեցնել նախաձեռնությունը: Սակայն, ըստ Շվեդիայից «Ազգին» տրամադրված բացատրության, պալատն ինքն այսօր պետք է քննարկմամբ ու քվեարկությամբ որոշի իր վերաբերմունքը:
Թերեւս պատահականություն չէ, որ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող բանաձեւը Շվեդիայի խորհրդարանը կարող է քննարկել հենց մայիսի 9-ին, սակայն այդ նշանակալից օրվա խորհուրդն ու բերած հաղթանակը դժվար թե մթագնվեն ադրբեջանամետ բանաձեւի ընդունմամբ, հատկապես որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդ նախագծին բացասաբար է մոտեցել:
Ա. Հ.