Մայիսի 6-ին շատերս գնացինք ընտրության: Ոմանք ընտրեցին այն քաղաքական ուժին, որը իրենց տվել է աշխատանք, ուրիշներն ընտրեցին նրան, որից անմիջական կամ մի քանի կողմերից կախում ունեն, մի փոքր խումբ ընտրեց այն ուժին, որից վախենում է կամ որի չլինելուց է վախենում, ոմանք էլ ընտրեցին նրան, որն իրենց աշխատանքի խոստում տվեց կամ էլ ինչ-որ բան տվեց... Եվ այս համապատկերում հետաքրքրական է, թե քանի՞ տոկոսն է մեր քաղաքացիների գնացել ընտրության` քաղաքականապես կողմնորոշված ու կատարել գաղափարական ընտրություն: Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի ՙ մեր քաղաքացիների 2/3-ն են այսկերպ ընտրել, այսինքն` «ելնելով իրենց ազնիվ գաղափարներից»: Փաստորեն մեր քաղաքացիների 1/3-ը ընտրել է ամենեւին էլ ոչ «ելնելով ազնիվ գաղափարներից», այսինքն ինչպե՞ս:
«2-2,5 մլն դոլար»
Ըստ Ադիբեկյանիՙ ընտրողների ձայների 3-5 տոկոսն է «ծախված», ու եթե դիտարկենք, որ ընտրություններին մասնակցել է 1 մլնից ավելի մարդ ու եթե իրապես ընտրակաշառք վերցրել է ամբողջ ընտրողների 3-5 տոկոսը, յուրաքանչյուրը միջինը` 10 հազար դրամ (30 դոլար), ապա ստացվում է, որ ընտրությունների մասնակից ուժերն ու թեկնածուները միայն ընտրակաշառքի համար բոլորը միասին ծախսել են 2-2,5 մլն դոլար: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Դավթաշենի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները քվեները հաշվելու պահին հայտնաբերել են մի «տարօրինակ ծրար», որի մեջ...10 հազար դրամ է եղել` մակագրությամբ. «Բկներիդ մնա»: Թե ո՞րն է քաղաքացիական դիրքորոշում` ընտրակաշառք վերցնե՞լը, թե՞ այն «վերադարձնելը», այլ քննարկման հարց է, բայց փաստը, որ մեր շատ քաղաքացիների ընտրակաշառք բաժանվել է, շատերը վերցրել են, ոմանք` ստիպված, մի մասը` ճարահատյալ, ոմանք էլ` չգիտակցելով:
Տեր-Պետրոսյանի առողջությունն ու ՀՀԿ-ի «սպիտակ փուչիկները»
Մեր ընտրողները, սակայն, որքան էլ առաջնային համարեն սեփական սոցիալական, ոմանք անգամ` կենցաղային խնդիրների լուծումը, ընտրում են նաեւ այլ տարրեր հաշվի առնելով: Օրինակ, Ադիբեկյանը պնդում է, որ քարոզարշավի ընթացքում, երբ Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրներ ունեցավ, դա անդրադարձավ ՀԱԿ-ի էլեկտորատի վրա, որը «սկսեց իջնել»: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ի առաջնորդի վատառողջ լինելու ժամանակահատվածում էր, որ Ադիբեկյանը նկատել էր, թե Կոնգրեսը խորհրդարան չի անցնի: «Սակայն երբ Տեր-Պետրոսյանը երեւաց կրկին, ՀԱԿ-ի էլեկտորատը կրկին բարձրացավ», ասում է Ադիբեկյանը: Հետաքրքրական է, որ «փաստորեն» Տեր-Պետրոյսանի «կրկին երեւալուց» հետո ՀԱԿ-ը, ըստ նախնական տվյալների, հավաքեց 7-ից փոքր ինչ ավելի տոկոս, ինչը բավարար է կուսակցական դաշինքի համար` խորհրդարան մտնելու:
Ուշագրավ է, որ ըստ Ադիբեկյանի, քարոզարշավի վերջին օրըՙ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ պայթած սպիտակ փուչիկները որեւէ կերպ չեն անդրադարձել ՀՀԿ-ի «բարձր էլեկտորատի վրա», չնայած մինչեւ օրս էլ հիվանդանոցներում այդ պատահարից տուժածներ կան: «Բանն այն է, որ դա տեղի ունեցավ ընտրություններից մեկ օր առաջ, եւ իրադարձությունը չհասցրեց անդրադառնալ ՀՀԿ-ի քվեների վրա», ասաց Ադիբեկյանը: Ի դեպ, ՀՀԿ-ի քվեն, Ադիբեկյանի համոզմամբ «80 տոկոսով կայուն է». «Նույնիսկ եթե աշխարհը փուլ գա, այս շերտը գնալու եւ ընտրելու է Հանրապետականին, եւ միայն 15 տոկոսն է, որ տատանվում է», ասաց Ադիբեկյանը:
«ՕԵԿ-ը եղել է, կա եւ կմնա...»
Թե քանի՞ տոկոս են կազմում այն քաղաքացիները, որոնք տատանվում են` ընտրե՞լ ՕԵԿ-ին, թե ոչ, դժվար է ասել, մանավանդ որ Ադիբեկյանն էլ չասաց: Պարզապես նկատենք. ՕԵԿ-ի 15-ամյակի միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ «այսօր ՕԵԿ-ն ունի 160 հազար անդամներ», սակայն ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ըստ որոնց ՕԵԿ-ին ընտրել է 80 հազարից քիչ ավելի մարդ, ստացվում է, որ ոչ բոլոր ՕԵԿ-ականներն են ընտրել իրենց կուսակցությանը:
Ինչեւէ, նախագահն ասում է. «ՕԵԿ-ն ապացուցեց, որ քաղաքականությունը բարոյականություն է...», իսկ Ադիբեկյանն էլ թեՙ «ՕԵԿ-ը եղել է, կա ու կմնա որպես իշխանական ռեսուրս, ու իշխանությունը «վարիանտ» չունի նրան ձայն չտալ»: Հիմա միայն չհասկացանք, իշխանությո՞ւնն է մեր երկրում «ձայն տվողը», որ ՕԵԿ-ին տա, թե չտա, եթե այո, ապա ինչպե՞ս է նույն Ադիբեկյանն ասում. «Ոնց որ թե արդարացան մեր հույսերը, որ այս անգամ արդար ընտրություններ կլինեն»:
Ինչեւէ, ընտրություններն ավարտվեցին, դրանց արդյունքները չնայած դեռ նախնական են, բայց արդեն իսկ պարզ են, իսկ արտասահմանյան դիտորդները, գրեթե բոլորը, ընդհանուր առմամբ պնդում են, որ այս ընտրությունները Հայաստանում քայլ առաջ էին: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այսպիսի մի համոզմունք ունի. «Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը», այնպես որ միանշանակ ոչինչ չկա, այդ թվում` այն, որ չկա ոչինչ միանշանակ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ