«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ՀՈՒԺԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ

Իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը

Մայիսի 10-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արեւմուտքումՙ ալ-Կազզազի շրջանում որոտացել է երկու հուժկու պայթյուն: Երկրի պետական հեռուստատեսության նախնական տվյալները վկայակոչելովՙ Ֆրանսպրեսը հաղորդում է առնվազն 40 սպանվածների եւ 170 վիրավորների մասին:

Հատուկ ծառայությունների շենքերի մոտ պայթեցվել են ականված ավտոմեքենաներ: BBC-ն հաղորդում է, որ պայթյուններից ավերվել են հատուկ ծառայությունների երկու հիմնական շենքերը:

Սիրիայի հեռուստատեսությունը ցուցադրել է պայթյուններից ծռմռված բազմաթիվ ավտոմեքենաներ եւ մարդկանց այրված դիակներ:

Պայթյունները տեղի են ունեցել վաղ առավոտյան, երբ ծառայողները գնում էին աշխատանքի, երեխաներըՙ դպրոց:

«Ալ Մանար» հեռուստաալիքը նշում է, որ սաստիկ պայթյունների ցնցումները զգացվել են ամբողջ քաղաքում: Ահաբեկչություններից դժգոհ բնակիչները երեկ Դամասկոսի հրապարակներից մեկում կազմակերպել են հանրահավաք, որի ընթացքում իշխանություններից պահանջել են ահաբեկիչներից պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Նախօրեին Սիրիայում երկու ռումբ էր պայթեցվել դեպի Դերաա քաղաք շարժվող ՄԱԿ-ի դիտորդների եւ լրագրողների շարասյան ճանապարհին:

Երեկվա ահաբեկչությունների համար որեւէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Իշխանությունները մեղադրում են ընդդիմության հետ կապված զինյալներին: Երեկվա պայթյունները Դամասկոսում ամենից արյունալի ահաբեկչությունն են վերջին տարիներին:

Մայիսի 6-ին քաղաքում պայթյունից վիրավորվել էր երեք զինվոր: Ապրիլի վերջերին քաղաքի մզկիթներից մեկի մոտ մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցնելովՙ սպանել էր 10 մարդու: Այդ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էին տեղացի արմատական իսլամիստները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4