Իսրայելական «Հաարեց» թերթում Զվի Բարելը տեղեկացնում է, որ Թուրքիան դեմ է Իսրայելի մասնակցությանը մայիսի 20-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որովհետեւ ցարդ Իսրայելի կառավարությունը ներողություն չի խնդրել Թուրքիայից 2010 թվի հունիսին «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի առթիվ:
«Իսրայելի մասնակցության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչեւ այդ երկրի կառավարությունը ներողություն չխնդրի եւ փոխհատուցում չվճարի միջազգային ջրերում այդ միջադեպի զոհերի համար: Մենք չենք կարող գործընկեր կոչել այն երկիրը, որի բանակը իշխանությունների հրամանով մեր զինվորներին է սպանել», ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի հերթական ժողովի ժամանակ:
Թուրքիայի նման կեցվածքը հավասարազոր է վետոյի եւ պարտավորեցնող ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների համար:
Մ. Նահանգները, Ֆրանսիան, այլ պետություններ եւ նույնիսկ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անձամբ խնդրել են Թուրքիայինՙ վերանայել դիրքորոշումը, եւ նույնիսկ սպառնացել, որ իրենք էլ իրենց հերթին դեմ կլինեն Եգիպտոսի, Մարոկկոյի, Մավրիտանիայի, Ալժիրի եւ այլ ոչ անդամ պետությունների մասնակցությանը «Միջերկրականյան երկխոսություն» անվան տակ անցկացվող գագաթաժողովին, սակայն Թուրքիան անհողդողդ է մնացել:
Թուրքիան սրանից առաջ էլ մեկ այլ առիթով դարձյալ դեմ էր եղել Իսրայելի մասնակցությանը միեւնույն պատճառաբանությամբ: Ջանքերըՙ ուղղված երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը, առայժմ արդյունավետ չեն: Քաղաքագետների կարծիքով, այդ հարաբերությունների վատթարացումից Իսրայելն ավելի շատ է տուժել, քան Թուրքիան, որի հեղինակությունը բարձրացել է Սիրիայի Բաշար Ասադի դեմ որդեգրած իր ընդդիմադիր կեցվածքի շնորհիվ:
Հ. Ծ.