«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արամ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպելով` հայտարարեց, թե քաղաքական որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը: Նա նաեւ լրագրողներից եւ հանրությունից ժամանակ խնդրեց` մի շարք խնդիրներ լուծելու համար, որից հետո հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի առավել ընդգրկուն հայտարարություն կանի եւ հանրության հարցերին կպատասխանի: Սակայն լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույցին զուգահեռ` Ա. Սարգսյանը նաեւ հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է, թե առաջիկայում կուսակցական ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցության ձեւաչափը, ընդ որում` չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը: Հայտարարության մեջ նշված է ՀԱԿ-ի հետ անցյալ տարաձայնությունների մասին, որոնց մասին բարձրաձայնվել է թեեւ, սակայն չկարեւորելով սեփական հավակնությունները` Ա. Սարգսյանն ամեն ինչ արել է հնարավորինս ընդհանրական հաջողության համար: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ մոտակա համագումարում Ա. Սարգսյանը ներկայացնելու է պատկերացումները նոր Հայաստանի եւ անցնելիք ճանապարհի մասին:
Իսկ բուն ճեպազրույցին Ա. Սարգսյանը նշեց, որ մարդկանց իննսուն տոկոսը փոփոխություն է ուզում, եւ անգամ իշխանությունն է փոխելու մասին խոսել` քվե ստանալու համար: Ենթադրություններ կան, որ Ա. Սարգսյանը հակված է նոր քաղաքական հոսանք կամ բեւեռ ձեւավորելու, եւ իր խոսքով` անցած տարվա գարնանից տարաձայնություններ է ունեցել ՀԱԿ-ի հետ, ու մինչեւ այժմ չհեռանալը պայմանավորված է եղել այն բանով, որ ժողովուրդն ընդդիմության համախմբումը կարեւոր է համարել: Նա հնարավոր համարեց բոլոր ուժերի եւ անձանց հետ համագործակցությունը` բացառությամբ նրանց, ովքեր ժողվրդի հետ ազնիվ չեն եղել, իրենց շահն ավելի բարձր են դասել, քան հանրության շահը եւ պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար:
Վերադառնալով մանդատից հրաժարվելու քաղաքական պատճառին` նա նշեց, թե, ցավոք, Հայաստանի Ազգային ժողովն այդպես էլ լուրջ քաղաքական մարմին չի դարձել, այլ դակիչ է նախագահ-կառավարություն շրջագծում եւ վերեւից իջեցված հրահանգներ է կատարում: Իսկ հիմա, այս նոր մեծամասնության պայմաններում դա ավելի կընդգծվի: Ասելով, որ ժողովրդի իննսուն տոկոսն ընդդիմություն է, իսկ ԱԺ-ում ներկայացված է այդ ընդդիմության տասնհինգ-քսան տոկոսը միայն` Ա. Սարգսյանը նկատեց.«Գերադասում եմ այդ իննսուն տոկոսի հետ լինել փողոցում եւ ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու համար, դա դուք դեռ կտեսնեք»:
Թեեւ Արամ Սարգսյանի մանդատ վայր դնելը սպասված իրադարձություն էր, սակայն դրանից չի կարող նվազել այդ քայլի անդրադարձը վերջին շրջանում ՀԱԿ-ի վարած քաղաքականության հետ այլ անհամաձայն քաղաքական միավորների կամ անձերի առումով, հավանաբար կլինեն այնպիսիք, որ կհետեւեն Ա. Սարգսյանին, մանավանդ շատերը դժգոհ մնացին ՀԱԿ-ի յոթտոկոսանոց ներկայությունից ապագա խորհրդարանում: Այլ մանդատահանձնումներ եւս ենթադրվում են: Տեր-Պետրոսյանն իր մանդատը տվեց Հրանտ Բագրատյանին, Արամ Սարգսյանն իր մանդատը որեւէ անձի համար վայր չի դնում, սակայն ամենայն հավանականությամբ նրա փոխարեն ըստ ցուցակի խորհրդարան կգնա ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը, որն արդեն հայտարարել է, որ ուրիշ մեկի համար մանդատը վայր չի դնի: Այլ հրաժարիմքներ եւս կարող են լինել, ուրեմն եւ հնարավոր է նաեւ, որ Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում հայտնվի:
Մ. Խ.