«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2012-05-09 | #84, 2012-05-11 | #85, 2012-05-12


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` «ԷԺԱՆ ԾԱԽՎԱԾ», ԻՍԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՄՈԲԻ ԴԻՔ

Ռիչարդ Կիրակոսյանն ամփոփեց ընտրությունները

Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանի, որը երեկ ասուլիս էր հրավիրել, այս ընտրությունների «ամենամեծ դրական քայլը» ՀԱԿ-ի անցումն էր խորհրդարան. «Հիմա ՀԱԿ-ը ներկայացնում է ամենադինամիկ եւ ամենահատվածական ընդդիմադիր ուժը», ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ դրական է նաեւ անձամբ Հրանտ Բագրատյանի ու Վարդան Օսկանյանի` պատգամավոր դառնալու հանգամանքը:

Ընդհանուր առմամբ, սակայն, Կիրակոսյանի գնահատականը անցած ընտրություններին, հետեւյալն էՙ «բարելավված, բայց ոչ բավարար»: Այս առումով Կիրակոսյանը նաեւ ընդգծեց, թե «միջազգային հանրության գնահատականն էլ մեր ընտրություններին, թե՛ դրական, թե՛ բացասական առումներով, եղել է արդարացի»: Փորձագետի համոզմամբՙ ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար քննություն էին, մարտահրավեր. «Մարտահրավերն այն էր, որ շատ բարձր մակարդակի ակնկալիքներ կային, որ կանցկացվեին բարելավված, թափանցիկ եւ արդար ընտրություններ: Սա հնարավորություն էր Սարգսյանի կառավարության համար, որպեսզի սկսեին լուծել մարտի մեկի խնդիրները», ասաց Կիրակոսյանը:

Բանախոսի խոսքերով ընտրություններն ունեցան նաեւ «մտահոգող արդյունք», այն է` մականունավորների ու օլիգարխների վերադարձը խորհրդարան. «Սա մտահոգիչ է եւ մեծ վնաս է հասցնում խորհրդարանական ինստիտուտին ու նաեւ անմիջական սպառնալիք է պետության համար», ընդգծեց Կիրակոսյանը: Այս համատեքստում փորձագետը կարծիք հայտնեց. «Հայ ժողովուրդը բաց թողեց մի շատ կարեւոր հնարավորություն: Այլ բառերով ասած` ժողովուրդն իրեն էժան ծախեց եւ չօգտվեց այն հնարավորություններից, որ իրեն ընձեռնված էր»:

Ինչեւէ, արդեն խորհրդարանական իրադարձությունների հետագա զարգացումների հետ կապված, Կիրակոսյանը նկատեց, որ «ԱԺ-ում կոալիցիան կլինի նույն կազմով». «Թեեւ դա կլինի «արհեստական ամուսնություն»: Կարող ենք տեսնել չգործող ամուսնության կրկնությունը, բայց դա կլինի, որը, սակայն, չի լուծի ՀՀԿ-ԲՀԿ խնդիրը»: Կիրակոսյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, որպեսզի «կարողանա օգտվել իշխանության լծակներից, կուսակցության համար ընդդիմություն դառնալը դժվար կլինի, քանի որ հենց սկզբից եղել է իշխանական կուսակցություն», նկատեց փորձագետը:

Իշխանական կուսակցություն ԲՀԿ-ին անվանում են դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից: Ի դեպ, երկրորդ նախագահի վերաբերյալ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց. «Քոչարյանը, հեռանալով քաղաքականությունից, վերածվել է հետաքրքրական ֆենոմենիՙ դառնալով Մոբի Դիքի պես կերպար: Նա իրականում հայկական քաղաքականության Մոբի Դիքն է. բոլորը փնտրում են նրան, մտածում նրա մասին: Այդուհանդերձ հավանականությունը, որ նա կառաջադրվի նախագահի պաշտոնում, միայն ակնկալիքների դաշտից է: Նա ավելի շատ նախկին նախագահ է, եւ այդ կարգավիճակը ժամանակի ընթացքում ավելի է ամրագրվում», ասաց Կիրակոսյանը:

Հավելենք միայն, որ ամերիկահայ փորձագետը խոսեց նաեւ ՕԵԿ-ից, մասնավորապես ասելով. «Ներողություն եմ խնդրում, բայց «Օրինաց երկիր» կուսակցությունը արժանի չէր այդքան ձայն հավաքելու եւ արժանի չէր խորհրդարան անցնելու»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4