«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ԷԼԻ ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ՈՒ ՆՈՐ ՄԻԱՅՆ....

Թեեւ ուշացածՙ Մինսկի խումբը բարձրացնում է մշակութային արժեքների պահպանության կարեւորության հարցը

Եթե մեր տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության առումով հարաբերական խաղաղության այս վիճակի պահպանումը չդիտվեր առաջնայնություն, այլ համադրվեր նաեւ հակամարտությունը լուծելու անհրաժեշտության շեշտադրմամբ, գուցե հնարավոր լիներ խուսափել Ադրբեջանի սադրանքներից ու զոհերից: Ավելին, եթե գոնե եզակի անգամ Ադրբեջանի առաջ հարց բարձրացվեր իսկապես վերջ դնելու ռազմատենչ հռետորաբանությանն ու այդ ամենը սնող սադրանքներին, ապա կարելի կլիներ ասել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գլխավոր առաքելությունն իրագործում է բավարար մակարդակով:

Այլ պարագայում մի տեսակ հոգնեցնելու աստիճան կրկնվող ու նույնաբովանդակ են դառնում նույն այդ միջնորդական խմբի բոլոր հայտարարությունները, երբ, փոխանակ շեշտադրելու իսկապես մեղավորների անուններն ու դատապարտելու կոնկրետ քայլերը եւ սադրանքները, համանախագահները լղոզում ու լղոզում են իրականությունը` այդկերպ ադրբեջանական սադրիչ քայլերի համար հարմար միջավայր ապահովելով:

Երեկ Բաքվում ավարտելով հանդիպումները` համանախագահներ Ռոբերտ Բրադկեն , Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը հայտարարություն են տարածել, ըստ որի եռյակը կրկին «մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ, կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ վրեժխնդրությունից»: Ակնհայտորեն «վրեժխնդրության» առումով նկատի ունենալով Հայաստանի արձագանքը Դովեղ գյուղի ու դրան հաջորդած միջադեպերի առնչությամբ` համանախագահները մի հայտարարությունից մյուսը «տեղափոխվող» նույն միտքն են նշել, թե «ողջունում են կողմերի վերահաստատումը, որ պատրաստակամ են` գտնելու խաղաղ կարգավորում»:

Մայիսի 11-14-ը Երեւանում եւ Բաքվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հետ հանդիպումներ ունեցած ու «եղանակային ոչ բարենպաստ պայմանների» պատճառով այդպես էլ ԼՂՀ նախագահի հետ հանդիպում չունեցած համանախագահները, ըստ հայտարարության, կողմերի հետ քննարկել են հունվարի 23-ի Սոչիի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման հարցը, ներառյալ Հիմնարար սկզբունքների առնչությամբ համաձայնության հասնելն «արագացնելն» ու զինադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը:

Հետաքրքրական է, թե «ինչ մեղվի խայթոցով», բայց հայտարարության համաձայն համանախագահները տարածաշրջանային այցելության ժամանակ, պարզվում է, նաեւ «տարածաշրջանի ժողովուրդների համընդհանուր ժառանգությունը պաշտպանելու նպատակով» քննարկել են «հայկական ու ադրբեջանական մշակութային եւ պատմական վտանգված արժեքների պահպանման ու գնահատման կարեւորությունը` վերջնական ու տեւական խաղաղության հասնելու բանակցություններին զուգահեռ»: Լավ կլիներ, եթե նմանօրինակ հայտարարություններում այսպիսի պարբերություն տեղ գտներ գոնե Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից առաջ, որպեսզի այդ հանցագործությանը չհաջորդեին ադրբեջանական տիրապետության տակ գտնվող հայկական արժեքների ոչնչացման դեպքերը:

Այդուհանդերձ, տարածաշրջանային այցելության ավարտին Բաքվում, ըստ «Ազերիպրես» գործակալության, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը անդրադարձել է Մեդվեդեւ-Պուտին փոխատեղմամբ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ակտիվության պահպանման հարցին, նշելով, որ Ռուսաստանը ելնում է մյուս համանախագահող երկրների հետ միջնորդական աշխատանքը շարունակելու դիրքերից: Որպես դրա վկայություն Պոպովը հիշեցրել է, որ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հրամանագրերից մեկը վերաբերել է արտաքին քաղաքականությանը, որում ընդգծում կա 2009-2011 թթ. ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա միջնորդական աշխատանքները շարունակելու մասին:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երեւանում համանախագահները հանդիպել էին Հայաստանի նախագահին եւ արտգործնախարարին: Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը , խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երեւան, նշել է, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարելՙ խոչընդոտելով համաձայնությունների ձեռքբերմանը:

«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից եւ իր ժողովրդին խաղաղությանը պատրաստելու փոխարեն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացին, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում», ասել է Նալբանդյանը:

Դատելով արդեն Բաքվից տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից` միջնորդները ամեն ասված, լավագույն դեպքում, ընդունում են ի գիտություն, սակայն առաջընթաց քայլեր տեսանելի չեն ինչպես ռազմատենչ հռետորաբանությունը լռեցնելու, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակելու հարցերում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4