«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՀԱԿ-ԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՀԱԿ-ի` Ազգային ժողովում 7 մանդատ ստանալու լուրին հետեւեցին Արամ Սարգսյանի մանդատ դնելն ու հայտարարությունը («Ազգն» այդ մասին գրել է): Ենթադրել էինք, որ այս կարգի գործընթացները շարունակություն կունենան, քանի որ տեղյակ ենք ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների մի մասի տրամադրություններին, այն է` անբավականություն ՀԱԿ-ի ղեկավարության վերջին շրջանի քաղաքականությունից: Թե մոտակա օրերին ինչն ինչպես կշարունակվի` դեռ կտեսնենք, սակայն երեկ Արամ Սարգսյանի հայտարարության ոգով հայտարարություն էր տարածել ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Աշոտ Զաքարյանը ` միայն հստակ նշելով, որ դադարեցնում է գործունեությունը ՀԱԿ-ում: Նա նշել է, թե վերջին երկու ամիսը լռություն է պահպանել ՀԱԿ-ի գործունեության եւ խրոհրդարանական ընտրությունների շրջանում, քանի որ, չնայած տարաձայնություններին, ՀԱԿ-ի միասնականությանը նախընտրական շրջանում ուզում էր չխանգարել, դեռ ավելին` աջակցել է ՀԱԿ-ին, որ վերջինս առավելագույն քվեներ ստանա: Ընտրություններն ավարտվել են, այդ պատճառով Ա. Զաքարյանը քաղաքական հայտարարություն է անում, ըստ որի վերջին շրջանի ՀԱԿ-ի ներքաղաքական կուրսը ոչ միայն խնդիրներ է ստեղծել ՀԱԿ-ի ներսում, այլեւ կասկածի տակ է դրել ՀԱԿ-ի վարկանիշն ու վստահությունը հասարակության մեջ, եւ այդ է պատճառը, որ երբեմնի կազմակերպված ընդդիմադիր ուժը այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ԱԺ մտնելու մինիմալ շեմը: Ա. Զաքարյանը ԲՀԿ-ի հետ համագործակցելն անհաջող փորձ է անվանում, քանի որ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայում, պատասխանատու է վիճակի համար եւ դեռ կլինի կոալիցիայում: Բացի դրանից` ԲՀԿ-ն Քոչարյանի քաղաքական հենարանն է եղել եւ է, անպես որ ԲՀԿ-ի վարկանիշին նպաստելով` Քոչարյանի համար ճանապարհ հարթելու հնարավորություն է ստեղծվում: Հիշելով Քոչարյանի օրոք տեղի ունեցած մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումը վերագրելով նրան` Ա. Զաքարյանը հայտարարել է. «Նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին` կներեք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ», ասել է նա` նշելով, թե դադարեցնում է ՀԱԿ-ի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգողի պարտակակնություններն ու ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը: Նա եւս, Արամ Սարգսյանի նման, ՀԱԿ-ին հետագա արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովում:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ի անդամ Հայաստանի լիբերալ կուսակցությունը (նախագահ Հովհաննես Հովհաննիսյան) եւս մոտ օրերս կորոշի ՀԱԿ-ից դուրս մնալ-չմնալու մասին: Այս կարգի մի բան էլ մտմտում է Պետրոս Մակեյանը («Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը): Կարող է բոլորը դուրս գան, մնա ՀՀՇ-ն ու նրան մերձ մեկ-երկու կուսակցություն: Համենայն դեպս այն, ինչ տեղի չէր ունենում այսքան տարի` խորհրդարանական ընտրությունների 7 տոկոսի ազդեցությամբ տեղի ունեցավ. այսինքն` նախ փոշիացան ՀԱԿ-ի ձայները, ապա նաեւ փոշիանում է ինքը` ՀԱԿ-ը:

Մ. Խ.

Խմբ. կողմից.- Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխին է գալիս այն, ինչը 1995թ.-ի ընտրությունների ընթացքում նա ինքը բերեց ՀՌԱԿ-ի գլխին, պառակտելով այն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4