Բաքվում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիային արձագանքել է իսրայելցի քաղաքական մեկնաբան Արյե Գուտը : Հեղինակը չի թաքցրել հրճվանքը եւ նյութը վերնագրել է` «Ադրբեջան-Իրան. լարվածությունը մեծանում է»: Դատելով ադրբեջանական կողմի վերաբերմունքից, որ դրսեւորվել է հիշյալ հոդվածի անհապաղ տիրաժավորմամբ, Բաքվում նույնպես դեմ չեն, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը մեծանա: Ադրբեջանում երեւի մանկամտորեն կարծում են, որ հրեական պետությանը ծառայող վերլուծաբանի «հովանավորությունը» բավական է, որպեսզի պաշտոնական Թեհրանը «տոնը փոխի»:
Ի տարբերություն ադրբեջանական կողմիՙ մենք չէինք ցանկանա, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում բանը հասներ «մկանների ցուցադրության»: Բայց հարեւան երկրում կարծես ստանձնել են մի նվաստացուցիչ դերակատարություն` Իրանի հետ մեծացնել լարվածությունը եւ ստեղծել կազուս-բելլի: Այդ դեպքում, ինչպես հավանաբար կարծում են Բաքվում, Իսրայելն առիթ կունենա միջամտելու. հրեական պետությունն ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից է եւ իր քայլը կպատճառաբանի «սեփական էներգետիկ անվտանգությունը պաշտպանելու» հանգամանքով:
Սա քաղաքակա՞ն, թե՞ առայժմ փորձագիտական մակարդակների հաշվարկ է` դժվար է ասել: Հիշարժան է, որ Իսրայելի արտգործնախարարի այցը Բաքու որեւէ մեկնաբանությունների տեղիք գոնե ադրբեջանական մամուլում չի տվել: Պաշտոնապես այն «նվիրված էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին»: Թեեւ Ադրբեջանն առ այսօր Երուսաղեմում դեսպանատուն չունի: «Արժե ընդունել, որ Ադրբեջանը գտնվում է բավական բարդ աշխարհաքաղաքական շրջապատում, որտեղ նա ստիպված է մշտապես խուսանավել»,- իր վերլուծականում գրել է Արյե Գուտը:
Այդուհանդերձ, իսրայելցի հեղինակը հիմնականում ծանրացել է Ադրբեջանի հանդեպ Իրանի «ոչ բարեկամական վերաբերմունքի» վրա: Հետաքրքրական է, որ նա «իրողությունը» բացատրում է նրանով, թե Իրանը «զգուշանում է, որ ուժեղ եւ աշխարհիկ Ադրբեջանը կարող է ավելի գրավիչ լինել 35 միլիոն էթնիկ ադրբեջանցիների համար, որոնք կցանկանան միանալ անկախ Ադրբեջանի հետ»: Այս շեշտադրումն ակնհայտորեն հասցեագրված է ադրբեջանական ազգայնականությանը: Իսրայելցի հեղինակն այդ կերպ փորձում է ադրբեջանական հանրությանը ներշնչել, որ իր երկրի համար նման «հեռանկարն անցանկալի չէ»:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ դա իրականության հետ կապ ունենալ չի կարող: Իսրայելի համար «միավորված Ադրբեջանը» նույնքան անցանկալի է, որքան` Իրանը: Հրեական պետության հատուկ ծառայությունների համար հազիվ թե գաղտնիք լինի, որ «միավորված Ադրբեջանում» գերիշխող կդառնա հակահրեականությունը: Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հենվում են ոչ թե ընդհանուր շահերի եւ ավանդույթների, այլ Ադրբեջանում կառավարող ընտանիքի եւ հրեական պետության վերնախավի կոնյունկտուրային շահերի վրա, որոնք որոշակիորեն հովանավորվում են Վաշինգտոնից: Նպատակն է ցույց տալ, որ Իսրայելը կարող է «համագործակցել մուսուլմանական աշխարհիկ պետության հետ»: Միացյալ Նահանգները ջատագովում է այդ «խաղը», քանի որ Թուրքիա-Իսրայել հարաբերություններն ակնհայտորեն վատթարացել են:
Իր հերթին «Ադրբեջանի միավորման հեռանկարն» Իլհամ Ալիեւը նույնպես շահարկում է` ներքին միջավայրում զբաղեցնելու ծայրահեղ ազգայնականության «աստիճանահարթակը»: Իրականում նա այդպիսի նպատակադրվածություն չունի: «Միավորել» Ադրբեջանը` նրա համար կնշանակեր զրկվել իշխանությունից: Քանի որ «Հարավային Ադրբեջանը» երբեք նրան առաջնորդ չի ճանաչի: Իսկ Իլհամ Ալիեւի նպատակն իշխանությունն ընդմիշտ «ընտրյալ ընտանիքի» ձեռքում պահելն է:
Այսպիսով, Իսրայել-Ադրբեջան «խաղում ով ում է խաբում»` մնում է ինտրիգային: Ավելի ճիշտ, երկուսն էլ խաբում են: Իսրայելը` երբ փորձագիտական մակարդակով «երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը» եւ նույնիսկ «միավորումը», Ադրբեջանը, երբ տեսք է ընդունում, թե «լիովին հավատում է հրեական պետության անկեղծությանը եւ պատրաստ է արժանին մատուցել դրա դիմաց»: Ադրբեջանի պարագայում Իսրայելի հետ «սիրախաղի» իմաստը պարզ է` հասնել նրան, որ Երուսաղեմի հետ «կապերը նվազագույնի հասցնելու դիմաց իրանական կողմն էլ հրաժարվի Հայաստանին օժանդակելուց»: Բացառված չէ, որ Իսրայելն էլ իր հերթին կարող է Իրանին առաջարկել տարբերակ, երբ Բաքու-Երուսաղեմ «առանցքը կազմաքանդելու դիմաց» Թեհրանը որոշակիորեն մեղմի հրեական պետության հանդեպ վերաբերմունքը:
Այս դեպքում Ադրբեջանը կհայտնվի կատարելապես խայտառակվածի վիճակում: Պատահական չէ, որ իսրայելցի վերլուծաբանն իր հոդվածն ավարտել է լորդ Պալմերստոնից մեջբերմամբ. «Մենք չունենք մշտական թշնամիներ եւ բարեկամներ, մենք ունենք մշտական շահեր»: Ճիշտ է, ասվածը հասցեագրվել է Իրանին, որ, իբր, «իսլամական համերաշխության գործոնն ստորադասում է Հայաստանի հետ հարաբերություններին», բայց ո՞վ է երաշխավորում, որ նա դրանով չի ակնարկել նաեւ իր երկրի վաղվա ընտրությունը:
Վ. Ա.