Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի տեղի ունեցած արտահերթ նիստում հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, եւ չնայած տարբեր կուսակցությունների զանազան հայտարարություններին, այդ թվում` ՀԱԿ-ի կողմից ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու դիմումի (որը մերժվեց), վերջնարդյունքներն էականորեն չփոխվեցին: Չի խանգարի մեկ անգամ եւս կրկնել խորհրդարան անցած ուժերի` աննշան ուղղված թվերը. ՀՀԿ` 664 440 քվե կամ 40 մանդատ (գումարած մեծամասնականով ստացած 29 մանդատը), ԲՀԿ` 454 673 քվե կամ 28 մանդատ (եւս 9 հոգի մեծամասնականով է ընտրվել), «Ժառանգություն»` 86 998 քվե կամ 5 մանդատ, ՀԱԿ` 106 903 քվե կամ 7 մանդատ, ՀՅԴ` 85 550 կամ 5 մանդատ (եւս մեկը` մեծամասնականով), ՕԵԿ` 83 123 քվե կամ 5 մանդատ (եւս մեկ մեծամասնական): Քվեարկողների թիվը 1 573 053 է եղել:
Մեծամասնական ընտրված 41 մանդատավորների մասին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հետաքրքրական վիճակագրություն ներկայացրեց ընտրվածներից 13-ը 25-40 տարեկան են, 26-ը` 41-60, 2-ը` 60-ից ավելի տարեկան, նրանցից միայն երկուսն են կին` Կարինե Պողոսյանն ու Մարինե Մարաբյանը:
Ամենատարեց պատգամավորը մամուլի աշխարհին լավ հայտնի 62-ամյա Վրեժ Մարկոսյանն է, ով հենց կվարի նոր Ազգային ժողովի առաջին նիստը` մինչեւ կընտրվի ԱԺ նոր նախագահը: Ամենաերիտասարդը 37 ընտրատարածքից ընտրված Հայկ Գրիգորյանն է: Ավելացնենք մեր նետած հայացքը մեծամասնականով անցած 41 մանդատավորներին. նրանցից 26-ը գործարար կամ օլիիգարխ են (գործարարները գուցե ավելի են, որովհետեւ երկու-երեք մարդու դիմաց նշված չեն տվյալներ, 24 հոգի (այդ թվում` գործարարների մեծ մասը) ներկա ԱԺ-ի պատգամավորներ են, եւ փաստորեն հաջողությամբ վերարտադրվել են: Երկու լրիվ թարմ անուններ կան` երկիտասարդ եւ լավ մասնագետ են (իրավաբան եւ մանկավարժ), ու ոչ գործարար են, ոչ էլ օլիգարխ` թիվ 30-ի Էդմոն Մարուքյանը եւ թիվ 37-ի Հայկ Գրիգորյանը: Մեկ դպրոցի տնօրեն կա` թիվ 17-ում հաղթած Կարինե Պողոսյանը, որին թեեւ հանգիստ կարելի է կլանի ներկայացուցիչ համարել` հաշվի առնելով, թե ում ազգականուհին է (Հովիկ Աբրահամյանի) եւ ով էր աջակցում նրան: Երկրորդը Մարինե Մարաբյանն է: Եվ կա մեկ լրագրող` այն էլ լիովին վստահ չի կարելի պնդել, թե նա գործարարությամբ չի զբաղվում` Սամվել Ֆարմանյանը:
Համամասնական կարգով ընտրվածների անուններն առայժմ հրապարակելի չեն, քանի որ կուսակցությունները ցուցակներում ընդգրկվածներն առայժմ ժամանակ ունեն ինքնաբացարկներ ներկայացնելու ԿԸՀ, որից հետո միայն կուսակցությունները հստակ կներկայացնեն պատգամավորների անունները, ովքեր էլ հանդիսավորապես ԿԸՀ-ից մանդատ կստանան: Սակայն մինչ այդ պետք է մի շարք խնդիրներ լուծվեն ստվերում` արդյո՞ք ինչ կարգի կոալիցիա (ներ) եւն կազմվելու, ըստ դրա եւ այլ պայմանավորվածությունների` ո՞ր կուսակցությունը որքա՞ն նախարար կամ այլ պաշտոնյա է ունենալու, ո՞վ է լինելու վարչապետը: Հենց այս որոշումներից է կախված, թե ո՞վ ինքնաբացարկ կհայտնի, ով մանդատ կստանա:
Չգիտենք` ով ինչ կասի, ով ինչ կմտածի, ասելն ու մտածելը իրար կբռնեն, թե՞ ոչ, սակայն լրագրողը կուսակցականից տարբերվում է նրանով, որ կուսակցական պարտադրանքներ չունի` այս կամ այն իրողություններին կուսակցական նպատակահարմարությամբ դիտարկելու: Բացի այդ` մարդը քանի շատ ապրի` այնքան լավ է հասկանալու, որ ոչինչ այս տիեզերքում չի կարող կորչել-անհետանալ, եւ ամեն ինչ` սուտն ու ճշմարտությունը, հանունն ու ընդդեմը, անկախ արդարացումներից եւ բացատրություններից, իրենց դասդասումն են ունենալու մետաերկնքում եւ ստանալու են իրենց համարժեքը: Այնպես որ` անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից, մենք, լրագրողներս բոլորից հո լավ գիտենք, թե ո՞վ` ինչպես եւ ինչո՞ւ այս կամ այն վարքագիծը դրսեւորեց ընտրություններում, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ստացել թեեւ` լավագույնս օգտվելով վարչական ռեսուրսից եւ նախօրոք մտածված ընտրական «տեխնոլոգիաներից», բայց իրականում ԲՀԿ-ին մոտ քվեներ կարող էր ստանալ: ԲՀԿ-ն էլ ՀՀԿ-ին մոտ քվեներ էր ստանալու, քանի որ անհավանական պահելաձեւով շահել էր ընդդիմադիր այն զանգվածի ձայնը, ով հիասթափվել էր բոլորից: Մենք չենք ասում, որ եթե ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առավել քվեները չշահեին, ընտրողն իր ձայնը տալու էր մյուս ուժերին, որոնցից բոլորից էլ հիասթափվել է: Սակայն ՀՀԿ-ի բարձր տոկոսներն ավտոմատ իջեցրել են մյուս բոլորի տոկոսները, քանի որ ընտրությունը մի գրաֆիկ է, որի տեսքը չի փոխվում, այլ միայն մեկի հաշվին մյուսն է ավելանում, եւ ընդհակառակը: Ահա այս ֆոնին եւ ԿԸՀ-ի հայտարարած վերջնարդյունքին զուգահեռ` մի քանի գլխավոր ֆիգուրները, որ այսօր գծում են Հայաստանի ապագան, ԶԼՄ-ների միջոցով ամեն օր եւ ամեն պահ հավանական եւ ամենանհավանական լուրերով փորձում են ԲՀԿ-ի վրա ազդելով` այս կամ այն որոշումը ստանալ նրանից: Իսկ այդ որոշումները միայն երկուսը կարող են լինել. ա/ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, հակառակ դեպքում ԲՀԿ-ն կարող է զրկվել ամեն ինչից` եւ կառավարման լծակներից, եւ բիզնես- բարենպաստությունից, բ/ կոալիցիա չկազմել, մինչեւ նախագահական ընտրությունները մի կերպ դիմանալ եւ այդ ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով, համենայն դեպս` Վարդան Օսկանյանն այս կուսակցություն է եկել հենց դրա համար: Դուք կասեք` ՀՀԿ-ն քննարկում է` առաջարկի՞, թե՞ չառաջարկի ԲՀԿ-ին կոալիցիա, ու ՀՀԿ-ում որքան այդ գաղափարին կողմ, նույնքան էլ դեմեր կան: Սակայն միայն արտաքնապես է այդպես, որ ՀՀԿ-ն քննարկումների արդյունքում ինչ-որ բան պիտի որոշի: Իրականում որոշելու է մեկ մարդ, եւ այդ մարդը երկրի նախագահն է, ում ոչ առաջ, ոչ հիմա ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղերը հարկավոր չեն, նրան հարկավոր է կանխատեսելի, կոալիցիոն, նախագահական ընտրություններին իր թեկնածությունը պաշտպանող ԲՀԿ: Եւ նա ամեն ինչ կանի այդպիսի ԲՀԿ ունենալու համար: Դրա համար հարկավոր կլինի նախարարական եւս երկու կամ երեք պորտֆել` դա կարեւոր չէ, դրանից ՀՀԿ-ականները դժգոհ կմնան` էլի կարեւոր չէ, քանի որ ողջ ՀՀԿ-ի համար նախագահը մենակ իր ուսերին քարոզարշավ տարավ: Ու այնուամենայնիվ` որոշումը ոչ էլ նույնիսկ նրա նախագահն է ընդունելու, այլ ԲՀԿ նախագահը, որը պետք է շատ դժվարին որոշում ընդունի` ո՞ր տարբերակով ԲՀԿ-ն եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը ավելի քիչ կորուստներով դուրս կգան, քանի որ Հայաստանում քաղաքականությունն այն է, թե ո՞նց ավելի մեծ իշխանություն ստանաս: Իսկ մնացածը` թե Գ. Ծառուկյանը դժգոհ է իր թիմակիցներից ոմանց աշխատանքից, ումից դժգոհ է` ասում է «ինքնաբացարկի դիմում գրեք», մի մասն էլ նախարար են դառնալու ու էլի ինքնաբացարկի դիմում են գրել, սա գուցե եւ եղել է, մանավանդ` կարծես կարկառուն ԲՀԿ-ականներից Վարդան Վարդանյանը հաստատել է այժմյան ԲՀԿ-ական նախարարների ինքնաբացարկների դիմումների մասին լուրը: Իրականությունը, սակայն, մի քանի շերտ ունի, գումարած արտաքին խաղացողների ազդեցությունը (նախագահ Սարգսյանի ռուսական հանդիպումները եւս հաշվի են): Այնպես որ այն որոշումը, որ պետք է արտացոլվեր ընտրությունների հստակ սահմանագծով, բայց այդպես չեղավ, եւ այդ որոշումն, անշուշտ, ընտրողների բավական մեծ շերտի են հիասթափեցելու, այժմ կրկին կայացնելու են երկու մարդ, եւ դուք գիտեք, թե ով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ