ՀՀԿ-ն մինչեւ մայիսի 20-ը բոլոր որոշումները կայացրած կլինի
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս օրերին ԶԼՄ-ները ողջ արեալով քննարկում են պաշտոնաբաշխման, կոալիցիա կազմել-չկազմելու, հատկապես վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնների հավակնորդների հարցերը: Մի տեսակետով վարչապետ Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում, կրկին ԱԺ նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը, ավելի վաղ էլ այս երկու անունները շրջանառվում էին հակառակ հերթականությամբ: Ե՛վ ԱԺ նախագահի, ե՛ւ վարչապետի պաշտոնի համար այլ անուններ են շրջանառվում, ասվում է նաեւ, որ այսօր-վաղը պարզ կլինի, թե ո՞վ է, ի վերջո, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներից ինքնաբացարկներ հայտնելու, ո՞վ կգնա խորհրդարան, ով` կառավարություն: Թերթերից մեկը վստահ գրել էր, թե հինգշաբթի տեղի ունենալիք ՀՀԿ գործադիրի նիստը կպատասխանի բոլոր այս հարցերին:
Այդ եւ մի քանի հարցերի մասին հետաքրքրվեցինք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից : Ըստ նրա` ՀՀԿ-ից խորհրդարան գնացողների ցուցակը հիմնականում կհամալրվի այն պատգամավորներով, որոնք նախորդ ցուցակում էլ կային եւ նախորդ Ազգային ժողովում եղել են, իսկ բացարկներ կհայտնեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք բոլորն էլ այսօր աշխատում են: Նրանք բոլորը կպահպանե՞ն իրենց պաշտոնները. «Կարծում եմ` կպահպանեն, բայց խնդիրն էնպես չէ... մեր ցուցակը նախ կազմավորվել է թիմ իմաստով, ոչ թե էն իմաստով, որ անպայման պարտադիր պատգամավոր պետք է դառնան: Ողջ թիմն ենք ներկայացրել, թիմից էլ կգնան նրանք, ովքեր արդեն փորձ ունեն, պատգամավոր են եղել, ինչ-որ համալրումներ եւս կլինեն»: Գ. Սահակյանը փաստորեն հաստատեց մամուլի տեղեկությունը, որ մոտավորապես 70 բացարկներ կլինեն ՀՀԿ ցուցակի սկզբի մասերից` նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր: Մոտ օրերս գործադիրի նիստ կլինի, մի անգամ էլ կքննարկեն ՀՀԿ-ում, ապա արդեն որպես պաշտոնական տեսակետ` որոշումները կներկայացնեն. «Չեմ կարծում, որ անակնկալ կլինի», նշեց Գ. Սահակյանը:
ԱԺ նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում` Հովիկ Աբրահամյանի, Սամվել Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի եւ հենց Գալուստ Սահակյանի: Գ. Սահակյանն այս անունների հետ կապված որեւէ հստակեցում չարեց` այժմ գնալիք ճանապարհի սցենարներն ու կատարելիք աշխատանքի մասին են քննարկումները, անունների հարցը դեռ չի պարզորոշվել. «Բայց կարծում եմ մինչեւ ամսի քսանը, ինձ այդպես է թվում, որ կհրապարակվի ամեն ինչ»:
Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ԱԺ նախագահի պաշտոնում, ձեռք չքաշեցինք. «Ես միայն տեսնում եմ իմ դերակատարումը, ինչ որ այսօր է` Գալուստ Սահակյան-գործիչ»: Մերձքաղաքական շրջանակներում շրջանառվում է մի քանի տարբերակ. ԱԺ նախագահի անցումային տարբերակ` նախագահական ընտրություններից հետո միայն փոխարինվելով մշտականով, եւ ընդհակառակը` ԱԺ նախագահ-ուժեղ ֆիգուր` եւ մինչեւ նախագահական ընտրություններ, եւ ողջ հինգ տարվա համար, այս երկու տարբերակներով տարբեր անուններ են տրվում. «Հորինվածքներ են, որովհետեւ մենք դեռեւս պաշտոնական ոչինչ չենք ասում` կանխավարկածներ են, որոնք մամուլում հրապարակվում են»: Եթե իրեն առաջարկ արվի՞. «Միայն առաջարկելով չէ խնդիրը, որ ինչ-որ մեկը պիտի ուզենա Ազգային ժողովի նախագահ դառնալ: Նայած ինչ խնդիրներ պիտի լուծի իր գործիքներով: Համենայն դեպս` ԱԺ նախագահին չի կարելի դիտարկել միայն որպես ԱԺ նիստը վարողի: Նա պիտի կարողանա բնականոն գործունեություն ապահովել Ազգային ժողովում, եւ նրա հիմնական լիազորությունների մեջ մտնող պարտականությունը բնականոն աշխատանքային մթնոլորտի ապահովումն է, ԱԺ քաղաքականության մշակմանը մասնակցելը եւ այն իրագործելը: Հիմա եթե որեւէ մեկի անունը տամ` կդիտվի արդեն պաշտոնական տեսակետ: Մի քանի օր հետո պաշտոնապես կհրապարակվի, եւ ամեն ինչ կիմանաք», ասաց Գ. Սահակյանը` միաժամանակ նշելով, որ չի կարծում, թե անսպասելի սենսացիաներ կլինեն. ՀՀԿ-ն սենսացիաների կուսակցություն չէ եւ երբեւիցե սենսացիաների հետեւից չի ընկել: Սակայն խոստովանենք` միայն ԱԺ նիստ վարելու ակնարկը ենթատեքստեր պարունակում է:
ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելը մեծ փոփոխությունների ակնկալիք քաղաքականության մեջ փաստորեն չի թողնում, տրամաբնական չէ՞, որ գոնե արտաքին հայեցողական առումով վարչապետ եւ ԱԺ նախագահ փոխվի, հարցրինք: «Պատասխանում եմ հետեւյալ կերպ. ԱԺ-ն հիմնարկ չէ, որ կրտսեր մասնագետից գա-հասնի ավագ մասնագետի, բաժնի վարիչի: ԱԺ-ն քաղաքական քուրա է, նրանք, ովքեր քաղաքական փորձ ունեն, ճանապարհ են անցել, բնական է, հենց ԱԺ-ում պիտի լինեն: Նոր Ազգաjին ժողովը էդ տեսակետից, կարծում եմ, մեծ ակտիվություն կունենա, որովհետեւ համալրվել է նորանկախ Հայաստանի քաղաքական գործիչներով` նկատի ունեմ ողջ պատգամավորական խումբը: Այսինքն` սա էն տեղը չէՙ մոդաներ ցույց տրվեն, նոր տեսք բերենք, մարդիկ տեսնեն, հրապուրվեն: ԱԺ մտնողը պիտի կարողանա քաղաքական գործունեությամբ զբաղվի կամ զբաղված լինի», ասաց ՀՀԿ փոխնախագահը, որի կուսակցության անդամ պատգամավորների քաղաքական թեքումը շուտով նոր Ազգային ժողովում բոլորին տեսանելի կլինի: