«Հաստատելով բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտությունը»` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները երեկ Մոսկվայում, Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին նվիրված հոբելյանական նստաշրջանում ընդունված հռչակագրով, որ տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում, ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ «Հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքը հնարավորինս շուտ ավարտելու կարեւորությունը»` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ իրավահավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների ստորագրած հռչակագիրն, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնում է նաեւ Իրանի շուրջը ստեղծված իրավիճակին` նախ եւ առաջ մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ: «Իրադարձությունների կոնֆրոնտացիոն սցենարով զարգացման դեպքում, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ընդհանուր անկայունության ֆոնին, հղի է լուրջ բացասական հետեւանքներով ոչ միայն անմիջապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող հարակից տարածաշրջանի երկրների, այլեւս ողջ միջազգային հանրության համար»: Ուստի ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կոչ են անում նման պայմաններում «առավելագույն պատասխանատու մոտեցում եւ զսպվածություն դրսեւորել, խուսափել հակադրության պարույրն առավել պտտելուն նպաստող հայտարարություններից եւ, առավել եւսՙ գործողություններից»:
Հռչակագրում մտահոգություն է հայտնվում նաեւ Սիրիայում եւ նրա շուրջը տիրող իրավիճակի առնչությամբ, կողմ դիրքորոշում արտահայտելով ճգնաժամի արագ հաղթահարմանը: «Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս արագ դադարեցնել բռնությունները այդ երկրում, գործարկել ընդգրկուն քաղաքական երկխոսություն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների, ու քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ անցկացնել` ի շահ Սիրիայի բոլոր քաղաքացիների»: Ըստ այդմ, ՀԱՊԿ-ի անդամները աջակցություն են հայտնել Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերին:
Հռչակագրում նաեւ գնահատական է տրվում միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը` վերահաստատելով Հավաքական անվտանգության պայմանագրի նպատակներին եւ սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին եւ անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամությունը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ