Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ ներկայացրել են Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) փաթեթը, որը գնահատում է նոր մոտեցման արդյունքները առաջին տարվա ընթացքում: Այն նաեւ առաջարկում է ճանապարհային քարտեզ` Արեւելյան գործընկերության իրականացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար: Ըստ էության, այսպիսով Եվրոմիությունը հետամուտ ու հետեւողական է իր իսկ հռչակած «Ավելին ավելիի դիմաց» քաղաքականությանը, որ Արեւելյան գործընկերության երկրներում ավելի մեծ աջակցություն է ենթադրում ավելի շատ բարեփոխումներ իրականացնողներին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նոր քաղաքականության արդյունքները գնահատման հիման վրա Եվրոմիությունը վերանայել է իր օժանդակության ծրագրերը` ավելացնելով դրանք, ընդ որում` Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման թույլատրելի սանդղակը բարձրացվել է մինչեւ 1.15 միլիարդ եվրո:
Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում «որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց, մյուսների դեպքում պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը հստակ քայլեր ձեռնարկել բարեփոխումների ուղղությամբ»:
Ընդհանուր առմամբ, էական առաջընթաց է գրանցվել գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացման ուղղությամբ: Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունները Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջն արդեն մեկնարկել են, դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների առումով էլ բանակցությունները մեկնարկել են Մոլդովայի եւ Վրաստանի հետ, շուտով կմեկնարկեն նաեւ Հայաստանի հետ: Նշենք, որ Ուկրաինայի հետ ԱՀ բանակցություններն (ներառյալ ԽՀԱԱԳ) ավարտվել են, չնայած ԵՄ-ն մտահոգություններ ունի Ուկրաինայի ներքաղաքական դրության վերաբերյալ` կասկածի տակ առնելով համաձայնագրի ստորագրման եւ վավերացման վաղաժամ լինելը` քանի դեռ այդ մտահոգությունները լուծված չեն:
«2011 թ.-ին Վարշավայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությանը համահունչ առանձին համատեղ հաղորդակցությունը առաջարկում է ճանապարհային քարտեզ դեպի Արեւելյան գործընկերության 2013 թ.-ի աշնանային գագաթաժողովը`...սահմանելով հավակնոտ աշխատանքային ծրագիր հաջորդ տարի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում», նշված է հաղորդագրության մեջ:
Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին նշել է, որ ճանապարհային քարտեզը բոլոր գործընկեր երկրների համար թափանցիկ կերպով սահմանում է Արեւելյան գործընկերության նպատակների ցանկը, գործընկեր երկրներից ակնկալվող քաղաքական միջոցառումները, ԵՄ-ի օժանդակությունն այդ նպատակներն իրագործելու համար, եւ ինչ ձեռքբերումներ կարող են լինել մինչեւ 2013 թվականի աշնանը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:
Ա. Հ.