«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2012-05-12 | #86, 2012-05-15 | #87, 2012-05-16


ՋՈՒՂԱ, ԱԳՈՒԼԻՍ, ՍՈՒՐԲ ՆՇԱՆ... ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է

Նախիջեւանում Ջուղայի խաչքարերի բացառիկ հուշահամալիրի բարբարոսական ջարդից հետո հայկական կողմը առանձնակի ոչինչ չարեց, մինչդեռ հարկավոր էր այդ թեման անընդհատ ու բոլոր ատյաններում բարձրացնել: Չանելով մեկը` առանձնակի զարմանալու տեղ չի մնում, երբ տիեզերական լուսանկարներում Ագուլիսի մի քանի վանք ու եկեղեցու փոխարեն դատարկություն է երեւում, այսինքն` թերեւս այդ կոթողները ոչնչացվել են շատ ավելի շուտ, քան մենք տեղեկանում ենք: Ուստի այս ամենով հանդերձՙ երբ Թբիլիսիում մեկը մյուսի հետեւից անտերության մատնված ու այդպես էլ Հայ առաքելական եկեղեցուն չվերադարձվող եկեղեցները փուլ են գալիս, ծնկի իջնում` մեղավորությունը միայն վրացական կողմի առնվազն անտարբեր կեցվածքը չէ:

Այս ամենի հետ միասին «մենք անտարբեր ենք, բացակա ենք ազգային բոլոր ճակատներում» ասաց ու գնահատեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` երեկ հյուրընկալվելով «Արմատ» ակումբում: Իսկ ասուլիսի առիթը Թբիլիսիի օրերս հորդառատ անձրեւներից մասամբ փլուզված Սուրբ Նշան եկեղեցու ճակատագիրն էր, որի փլված նախասրահ-զանգակատունը, ըստ մասնագետի, աղյուսաշեն լինելու պատճառով հնարավոր չէ վերականգնել, եթե, իհարկե, նորից չկառուցվի: Բայց այդ դեպքում էլ, ըստ Կարապետյանի, նախ պետք է վերականգնվի փլուզման եզրին կանգնած ու երեք սյուների հույսին մնացած ողջ եկեղեցին, որին այս տարի մեկ «հրդեհները» ծնկեցին, մեկ էլՙ «անձրեւները»:

Կարապետյանի գնահատմամբ, թիֆլիսյան հայկական եկեղեցիները օրհասական վիճակում են, հատկապես երբ իբր ամրացված լինելու դեպքում էլ տարօրինակորեն փլուզվում են եկեղեցու հատվածները, իսկ ամրացումների փայտե կամ երկաթե հատվածները մնում են կանգուն, ինչպես դա պատահեց Սուրբ Նշանի նախասրահ-զանգակատան հետ, որ նաեւ տապանատուն էր:

Հայաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել էր, թե դեռեւս ապրիլին վրացական կողմը տրամադրել էր Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի կարծիքն իմանալու համար: Եկեղեցու նախասրահի փլուզումից հետո նախարարությունը գործուղում է վերականգնող ճարտարապետի` ծանոթանալու ստեղծված վիչակին ու վրացի մասնագետների հետ քննարկելու խնդիրները:

Հ.Գ. Հերթական անգամ հայկական լրատվական դաշտում հանդիպում ենք մի երեւույթի, երբ հայտարարվում է ինչ-որ մեկի ասուլիսի մասին, բայց նախորդ օրն իսկ որոշ լրատվամիջոցներում նույն անձը կարծիքներ ու հարցազրույցներ է ներկայացնում: Դա հաստատապես դուրս է էթիկայի կանոններից, ու թեեւ չգրված օրենքների դաշտից է, սակայն հարգանքի է արժանի ինչպես ասուլիս տվողների, այնպես էլ ասուլիս հրավիրողների կողմից, այլապես մնում է արհամարհել նախորդ օրն իր խոսքը ասած, հաջորդ օրն ասուլիս տվողին` ով էլ լինի: Այս պարագայում, օրինակ, ընտրական շրջանում ասուլիս հրավիրող, բայց նախորդ օրն իրեն ներկայացնող մամուլում արդեն կարծիք հայտնած անձանց շարքում է հայտնվել Սամվել Կարապետյանը, մինչդեռ անգամ հուշարձանագետին կարելի է տեղեկացնել, որ ասուլիսից առաջ «մինի-ասուլիսներ» տալը անհարգալից վերաբերմունք է հաջորդ օրը ասուլիսի ներկայացած լրատվամիջոցների հանդեպ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4