Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» կարճամետրաժ ֆիլմը հրատարակվել է ֆրանսիական Reflets d’ailleurs հրատարակչությունում DVD գրքի տեսքով: Դա նաեւ հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիլմի նկարահանման ընթացքին: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ 50 էջանոց DVD գիրքը պատմում է սցենարի գաղափարից մինչեւ բեմադրիչի հայրենի քաղաք Գյումրիում ֆիլմի նկարահանումների մասին: Խոսվում է նաեւ տարբեր փառատոներին ֆիլմի մասնակցության, ստացած բազմաթիվ մրցանակների մասին:
Բուն ֆիլմում Լենինականի (Գյումրի) 1988-ի երկրաշարժից 13 տարի անց մի որբ աղջիկՙ շնորհալի դաշնակահար Լուսինեն պատրաստվում է միջազգային մրցույթի: Մշակույթի նախարարը Երեւանից նրան ուղարկում է համերգային դաշնամուր: Բայց Լուսինեի եւ նրա պապի կացարանը շատ փոքր է դաշնամուրի համար:
Լեւոն Մինասյանն իր ուսուցիչներն է համարում Փարաջանովին, Փելեշյանին, Գերմանին, Միխալկովին, Տարկովսկուն: Նա ավարտել է Երեւանի Գեղարվեստի ինստիտուտը: 1992-ից բնակվում է Ֆրանսիայում, որտեղ ավարտել է Փարիզի կինեմատոգրաֆիական ինստիտուտը: Նա գրել է եւ մասնավորապես Սերժ Ավետիքյանի հետ նկարահանել է Lux Aeterna եւ Terra Emota կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ընդգրկվել են աշխարհի 60-ից ավելի փառատոների ծրագրերում: «Երկրորդ ճամփորդություն» եւ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմերի համար նրա գրած սցենարները ստացել են զանազան մրցանակներ:
Պ. Ք.