Ադրբեջան-Իրան հակադրությունը հատկապես ընդգծված դրսեւորումներ է ունենում իսլամական շարժման նկատմամբ երկու երկրների տարբեր դիրքորոշումների համատեքստում, հատկապես երբ Ադրբեջանում աշխարհիկ են խաղում, իսկ Իրանից փորձում են իսլամական շարժումը առավել ընդգրկուն դարձնել հյուսիսային հարեւանի տարածքում: Ամեն դեպքում, երբ այս հակադրության ֆոնին շահարկվում են նաեւ այլ հասկացություններ, փոխադարձ ռեւերանսների փոխանակման գործընթացում մեջտեղ են բերվում նաեւ իրար սիրաշահելու հնարավորություն դիտարկվող, ասենք, «ադրբեջանական գրավյալ տարածքները վերադարձնելու» ու դրա նման հարցերը` հարկ է ողջախոհության կոչ անել... առնվազն:
Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ «Յուրովիժն 2012» մրցության անցկացմանը համընթաց, Բաքվումՙ մայիսի 22-26-ը, համասեռականների ցույց արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում, այդ կապակցությամբ առաջինը բողոքի ձայնն էլ բարձրացրել է Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին:
«Բողոքները մայիսի 8-ին իրենց գագաթնակետին հասան Իրանի հյուսիս-արեւմտյան ամենակարեւոր քաղաքում` Թավրիզում: Ավելի քան տասը հազար ցուցարարներ Իսլամական խորհրդարանում Թավրիզի նորընտիր պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սաիդիի եւ մեծ թվով հոգեւորականների գլխավորությամբ փողոց իջան», գրում է շաբաթաթերթն ու հավելում, որ Ալիեւին ամոթանք տվող լոզունգներով ցուցարարները իրենց բողոքի երթը շարունակել են մինչեւ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի շենք:
Զուտ իրանական մոտեցումների համատեքստում հնչած կոչերի ու դատապարտման հետ, ադրբեջանախոս Թավրիզը ներկայացնող հոջաթոլիսլամ Մահմուդ Էսմայիլին հիշել է նաեւ «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնագրաված լինելը»` Բաքվից պահանջելով «գործնական քայլեր նախաձեռնել այդ տարածքները ազատելու համար»:
Առավել զավեշտալի է, երբ նույն ցուցարարները հրապարակել են ընդհանուր հայտարարություն, որում, ի շարս համասեռականների ցույցի դեմ կոչերի ու բողոքների, կարդում ես հետեւյալը. «Ադրբեջանի Հանրապետությունում ապրող մեր բոլոր քույր-եղբայրներին հայտարարում ենքՙ արդ, այնպես որ այսօր «Շուշա» քաղաքի գրավման 20-ամյակին, մտահոգված ենք այդ քաղաքի եւ այլ բռնագրավյալ շրջանների ճակատագրով, մենք եւս նրանց պես սիրելի Ղարաբաղի ազատության ցանկությունն ունենք եւ Ադրբեջանում իսլամական արժեքների հաստատման համար նրանց կողքին ենք լինելու եւ խիստ հավատում ենք Աստծո տված խոստումինՙ ընչազուրկների հաղթանակին Ադրբեջանի բռնապետների դեմ»:
Նախ, ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցում Իրանի բազմիցս հնչեցրած մոտեցման համադրությամբ այս խոսքերը մեկ-երկու ադրբեջանցու կամ ադրբեջանամետի դիտարկում են, բայց որ այս կերպ փորձ է արվում «առեւտուր» անել Ադրբեջանի հետ, նման է արեւելյան շուկայում ապրանք «սաղացնողի» մտածելակերպի: Ուստի Թավրիզի հավատավորներին ոտքի հանող պատգամավորին եւ հոգեւորականին հարկ է տեղ հասցնել այն պարզ իրողությունը, որ Արցախը արդեն նույն Շուշիի ազատագրման տարիքն ունեցող անկախ պետություն է, իսկ գրավյալ դեռ մնում են արցախյան որոշ հատվածներ, որոնց վերադարձի հարցը բարձրաձայնելու կարիք իսկապես կա:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ