Երեկ պարզվեց գալիք տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակից երկու թեկնածուների անունները: Ու եթե հաշվի առնենք, որ նախագահ Սարգսյանը ակնհայտորեն դնելու է իր թեկնածությունը, ապա ստացվում է, որ մենք այսօր արդեն կարող ենք նշելՙ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանից բացի կմասնակցեն «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանը , որը երեկ ընդգծեց, թե ինքը ներկայացնելու է «լուրջ այլընտրանքային ծրագիր» ու «պատրաստակամ է պահելու ժողովրդի ձայները», որոնք, Կարապետյանի խոսքերով, մշտապես ավելի հակված են եղել դեպի ընդդիմադիր թեկնածուները, եւ Պարույր Հայրիկյանը , որը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց. «Ամենայն հավանականությամբ կդնեմ թեկնածությունս եւ հնարավոր է` կհամագործակցեմ այն բոլոր ուժերի հետ, ովքեր կառաջարկեն իրենց համագործակցությունը»:
Մինչ նախագահական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, ու վստահաբար` զարգացումներով լի ժամանակ: Մինչ այդ, երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սարգսյանը, կրկին, ինչպես Հայրիկյանը նշեց, «դարձան դրության տերը երկրում»: «Ապագա խորհրդարանում Հանրապետականն այնպիսի մեծամասնություն ունի, որ խորհրդարան անցած մնացած քաղաքական ուժերն ընդամենը կապահովեն իրենց ներկայությունը: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դարձավ երկրում դրության տերը», ասաց Հայրիկյանը: Ի դեպ, բանախոսի խոսքերով, երկրորդ նախագահ Քոչարյանին էլ «ստեղծված պայմաններում առավել շահավետ է մնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն»:
Նախագահական ընտրություններին մասնակցելու մեծ փորձ ունեցող Հայրիկյանը խոսեց նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից ու վերջինիս գլխավորած ՀԱԿ-ից: «Ընտրություններից պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի երգը երգված է, եւ այս ուժն այլեւս չի կարող նշանակալի դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում», ասաց Հայրիկյանը:
Վերջումՙ մի նրբության մասին: Հայրիկյանը նշեց, որ ինքը` նախագահական ընտրությունների ժամանակ «հնարավոր էՙ կհամագործակցեմ այն ուժերի հետ, որոնք կառաջարկեն իրենց համագործակցությունը»: Ավելի ուշ Հայրիկյանն ընդգծեց, որ Հանրապետականը նրան «խոսք է տվել, որ լրջորեն անդրադառնալու է նրա` «Կատարյալ ժողովրդավարության մոդել» ծրագրին»: Այսինքն, ստացվում է, որ եթե ՀՀԿ-ն «լրջորեն անդրադառնա» Հայրիկյանի ծրագրին ու դրանից հետո կամ դրա պատճառով առաջարկի Հայրիկյանին համագործակցել, ՀՀԿ-ի համար խիստ վճռորոշ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ի՞նչ պետք է անի Հայրիկյանը: Պե՞տք է համագործակցի ՀՀԿ-ի հետ ու հետեւաբար հանի իր թեկնածությունը հօգուտ Սերժ Սարգսյանի...
Հ. ԱՖՅԱՆ