ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ մամուլում աշխուժորեն քննարկվող տեսակետներին մասամբ գուցե պատասխանելով` երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը : Բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ կոալիցիա չգիտենք, բայց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ինչ-որ համաձայնություն արդեն կայացել է` անկախ նրանիցՙ այդ համաձայնությունը կոալիցիոն տեսք է ունենալու, համաձայնագրայի՞ն, թե՞ բանավոր:
Ապագա կոալիցիոն կառավարությանը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ Զոհրաբյանը նշել է. «Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել: Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի: Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձեւավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը: Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են»:
Նշելով, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է հանրության զգալի հատվածի` մոտ կես միլիոն ընտրողի վստահությունը, Ն. Զոհրաբյանը, ինչպես եւ հետընտրական ուղերձում Գագիկ Ծառուկյանը, վստահեցրել է. «Եվ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ»:
Մ. Խ.