«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2012-05-15 | #87, 2012-05-16 | #88, 2012-05-17


ՆԱԵՎ ԾԱՌԵՐ ՏՆԿԵԼՈՎ...

Անտառը, իրար կողքի ծառերը միասնության խորհուրդ ունեն: Քաղաքները, որտեղ ծառեր կան, երկրները, որոնք անտառներով են հարուստ, առողջ հասարակություն, քաղաքացի են կերտում, դաստիարակում: Իսկ երբ այդ քաղաքացին է անտառ ստեղծում, ծառ տնկում, ուրեմն նա գիտի, ու չի մոռանա անտառի խորհուրդն ու արժեքը, նա այլեւս ծառ չի հատի: Հետեւաբար մենք նաեւ ծառեր տնկելով պետք է քաղաքացիական հասարակություն հիմնենք, նպաստենք նրա ակտիվացմանը, նաեւ ծառ տնկելով բոլորով մի գործ ենք անում, ինչն արդեն համախմբման նշանակություն ունի:

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախաձեռնած «Անմեղ նահատակի հիշատակին» խորագրով ծառատունկը շարունակվում է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում Կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան հնչեցրեց կոչ` մինչեւ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը Հայաստանի տարածքում, հիմնականում երիտասարդության ուժերով տնկել 1,5 մլն ծառ` Ցեղասպանության ամեն մի զոհի հիշատակին:

«Ազգը» մշտապես այս նախաձեռնության կողքին է եղել, նախաձեռնություն, որը միանգամից ուղղված է մի քանի խնդիրների լուծմանը: Ցեղասպանության զոհերի հիշատակը, հատկապես երիտասարդության շրջանում վառ պահելուն, քաղաքացիական ակտիվ շերտի ձեւավորմանը, որը իր մեկ ծառը տնկելով, փաստորեն, մասնակիցն է ազգային նախաձեռնությանը, եւ վերջապես էկոլոգիական խնդիրների լուծմանը: Գաղտնիք չէ, որ մեր` առանց այն էլ «ծառազուրկ երկրում» բազմաթիվ ծառեր հատվեցին, գաղտնիք չէ նաեւ, որ այսօր շատերը պայքարում են ու բավական արդյունավետ, կանաչ տարածքների պահպանման համար, ու այս համատեքստում այս նախաձեռնությունը գալիս է էլ ավելի լրացնելու, ամբողջացնելու մեր քաղաքացիական ակտիվ հանրության ձեւավորումը, նրա մեջ ազգային արժեքների հանդեպ ակնածանքի պահպանումն ու սեփական ժողովրդի պատմության ամենացավալի էջի չմոռացությունը:

Այս տարի, ինչպես եւ անցած տարիներին, ծառատունկը մեծ արձագանք ստացավ, ավելին, այս տարի ՌԴ հայերի միության եւ Կոնգրեսի երիտասարդական կազմակերպության կոչն ընդլայնեց իր աշխարհագրությունը. Տավուշի մարզի Մովսես գյուղը` ի դեմս գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի ու գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, ապրիլի 13-ին եւ 14-ին գյուղի տարածքում իրականացրել է ծառատունկ: Տնկվել է 150 սոճի, որոնք գյուղին է տրամադրել ՌԴ հայերի միությունը եւ Կոնգրեսը: Ի դեպ, ՌՀՄ-ին ծառերի տնկիներն իր հերթին մեծ պատրաստակամությամբ տրամադրում է Սոս Սարգսյանի գլխավորությամբ գործող «Կանաչապատ երկիր» հասարակական կազմակերպությունը:

Մովսեսի գյուղապետ Ապերյանը , ընդգծելով, որ իրենք արձագանքում են Կոնգրեսի կոչին, ասում է. «Խորհրդանշական է, որ ծառատունկով հիմք դրվեց նաեւ Արցախյան ազատամարտի մովսեսցիների հիշատակի անտառակին, մշակույթի տանը կից Մովսեսի տոհմերի պուրակին, սկիզբ դրվեց Մովսեսի միջնակարգ դպրոցի 160-ամյակի միջոցառումներին»: Սա նշանակում է, որ ծառատունկը Մովսես գյուղում եւս վերածվել էր իսկական տոնախմբության, մեր հերոսների եւ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի, ու նաեւ գյուղի դպրոցի` մեկ դարից ավել տարեդարձը տոնելուն: Հենց սա էլ խորհրդանշում է ամեն մի ծառը, հիշատակում անցյալի մեծ կորուստների ու հերոսական էջերի, եւ վաղվա հանդեպ` մեծ հույս, ավելին` վստահություն:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եւս անարձագանք չթողեց այս ազգանվեր կոչը: Ռուսաստանի հայերի միությունը եւ Կոնգրեսը Մայր աթոռին նվիրաբերել է տարբեր տեսակի տնկիներ` վայրի տանձենիներ, խնձորենիներ, ընկուզենիներ, եղեւնիներ: Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաներն ու տեղի բնակչությունը, առավելաբար երիտասարդներ ու երեխաներ, մասնակցել են ծառատունկին, ինչը տեղի է ունեցել Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիների տարածքներում, այնուհետեւ` Գեղարդավանքում եւ Խոր Վիրապ եկեղեցու տարածքում:

Մայր աթոռի նման արձագանքը ՌՀՄ-ի եւ Կոնգրեսի կոչին եւս մեկ անգամ ցույց է տալիս այս նախաձեռնության ազգային, համահայկական լինելը:

Ծառատունկի հաջորդ վայրը մայրաքաղաքի Թումանյանի այգին էր: Այգում շուտով նոր տնկված պուրակում կտեղադրվի պաստառ, որտեղ կնշվի, որ պուրակն ստեղծվել է Կոնգրեսի նախաձեռնությամբ, եւ «Անմեղ նահատակի հիշատակին» հասարակական շարժման արդյունքն է: Այգում ծառատունկին մասնակցել են հիմնականում դպրոցականներ` հատուկ երաժշտական դպրոցի սաները, որոնք ամեն տարի մասնակից են լինում Կոնգրեսի նախաձեռնած ծառատունկին, Չարենցի անվան թիվ 67 դպրոցի սաները եւ կարատե-դո ֆեդերացիայի սաները: Սա, ինչպես վերը նշեցինք, խիստ կարեւոր է, քանի որ երբ ծառ է տնկում երեխան, դպրոցականը, դա նշանակում է, որ նա երբեք ծառ չի հատի:

Ռուսաստանի հայերի միության եւ Համարշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախաձեռնությունը, արդեն երրորդ տարին ապացուցված, շարունակական է: Ծառատունկը կշարունակվի նաեւ այս աշնանը: Այժմ արդեն հայտնի է, որ Ուկրաինայի հայկական երիտասարդական կազմակերպություններից մեկը խոստացել է աշնանն ուղարկել կեչիներ, իսկ Ռուսաստանի նման կազմակերպություններից մեկը ցանկություն է հայտնել իր խնամակալության տակ առնել արդեն իսկ տնկված պուրակներից մեկը:

Հարկ ենք համարում նկատել, որ սրա կարիքը կա. անցյալ տարի Ծիծեռնակաբերդի տարածքում Կոնգրեսի տնկած ծառերից շատերը ոմանք կոտրել էին... հավանաբար այդ մարդիկ երբեք կյանքում ծառ չեն տնկել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4