Կոմպոզիտորի երգերըՙ արեւմտահայերեն հնչողությամբ
Սփյուռքահայ շատ համայնքներում ազգային-մշակութային որեւէ լուրջ ձեռնարկՙ գրական, երաժշտական կամ մեկ այլ, բացի բուն գեղարվեստական նշանակությունից, համայնքային համախմբումի եւ ազգային ոգեւորության առիթ կարող է հանդիսանալ:
Այդպիսի մի համերգ փետրվարին տեղի է ունեցել Հելիոպոլիսի (Եգիպտոս) «Պլըքտանյան» սրահումՙ նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Ինչպես տեղեկանում ենք ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի մեզ հանձնած գրություններից, հայ համայնքի համար շատ սպասված այս համերգը մի քանի անգամ հետաձգվել էՙ երկրի քաղաքական անկայուն վիճակներով պայմանավորված: Հանդիսությունն իրականացվել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Աշոտ եպս Մնացականյանի հովանավորությամբ, Կահիրեի ազգային իշխանությունների կազմակերպությամբ եւ անցել է արտակարգ ջերմ մթնոլորտում եւ բարձր մակարդակովՙ շնորհիվ Կահիրեի ազգային առաջնորդարանի «Արաքս» երգչախմբի: Երաժշտական մի կոլեկտիվ, որն իր գեղարվեստական ծրագրերում մեծ տեղ եւ կարեւորություն է տալիս անցյալի մեր երախտավորներինՙ պատշաճորեն նշելով նրանց հոբելյանները:
Ծրագրի հերթական դրսեւորումներից էր 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտոր Ա. Բաբաջանյանի 90-ամյակի հոբելյանական համերգը, որի ընթացքում հնչել են դաշնամուրային մեկ կատարում, մեկական եռերգ եւ քառերգ, 12 մեներգ, 11 խմբերգ եւ պարային 5 կատարում եւ ստացել հանդիսականի հիացումի բուռն արձագանքը: «Արաքս» երգչախումբըՙ 28 անդամների մասնակցությամբ (19 սոպրանո-ալտ եւ 9 տենոր-բաս), եւս մեկ անգամ հաստատել է իր կատարողական բարձր որակները: Համերգային ծրագրի «Երազանք»ՙ նախատրամադրություն ստեղծող խորագիրը լիովին արդարացրել է ունկնդրի սպասելիքները: Այն ավելի բովանդակային է դարձրել կոմպոզիտորի կյանքի հիշարժան բազմաթիվ դրվագների ներկայացումըՙ համերգային կատարումներին պարբերաբար ընդմիջվող (հանդիսավարՙ Սեւան Տրդատյան ):
Համերգի անակնկալ նորությունը Բաբաջանյանի բազմաթիվ ստեղծագործությունների արեւմտահայերենով հնչումն էր: Հայտնի է, որ կոմպոզիտորի երգերը հիմնականում գրվել են նրաՙ Մոսկվայում բնակվելու տարիներին, ռուսերեն, ինչը արեւմտահայ ունկնդրի համար որոշակի անմատչելիություն-պատնեշ է ստեղծում: Հայտնի է նաեւ, որ նման երաժշտության ունկնդիրը գրեթե նույնքան հետաքրքրված է տեքստային բովանդակությամբ, որքանՙ մեղեդու: «Բաբաջանեական երգ-երաժշտութեան ազգային եւ հանրամատչելի մասը առաւել կամ նուազ չափով յայտնի է գաղութին երաժշտասէր անդամներուն: Մինչդեռ մէկ այլ հսկայական բարձրարժեք եւ նոյնպէս հանրամատչելի բաժին մը, հայերէն չըլլալուն պատճառով, դուրս մնացած է ոչ միայն մեր գաղութի, այլեւ ընդհանրապէս սփիւռքեան ունկնդրի լսադաշտէն: Բայց անոր երաժշտութեան շունչը այնքան արդիական է, որ վստահաբար, հայերէն տարբերակով առաւելագոյնս ընկալելի պիտի դառնար»:
Այս հարցն արծարծվել է եգիպտահայ մտավորական շրջանակներում: Եվ ահա «Արաքս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Միհրան Ղազելյանը մտահղացել եւ իրագործել է Բաբաջանյանի 15 երգերի ռուսերեն տեքստերի արեւմտահայերեն թարգմանությունը: Եվս 9 մեներգ վերածվել է խմբերգի:
Ռուս ականավոր բանաստեղծներ Ռ. Ռոժդեստվենսկու, Ա. Վոզնեսենսկու եւ Եվ. Եվտուշենկոյի տեքստերիՙ Բաբաջանյանի երաժշտությանը համընթաց ստեղծագործական ներդաշնակությունը, կատարյալ այդ ռիթմիկան պահպանելը թարգմանչից պահանջում էր բառի, հնչյունի, մեղեդու զգացողական ճշգրտություն եւ մանրակրկիտ, նուրբ աշխատանք: Ինչը եւ Միհրան Ղազելյանին հաջողվել է իրականացնելՙ պահպանելով դրանց բարձր գեղարվեստականությունը, բնագրային համարժեքությունը, ամենակարեւորըՙ ստեղծագործության բնորոշ մթնոլորտը:
Համերգային այս կատարման մյուս նորությունը կոմպոզիտորի մի շարք մեներգերիՙ որպես խմբերգ ներկայացումն է: Առավել տպավորիչը «Նոկտյուրնի» խմբերգային մեկնաբանությունն է եղելՙ փորձառու դաշնակահար Հայկ Ավագյանի վարպետ կատարմամբ: Համերգն ուղեկցվել է որոշ ստեղծագործությունների պարային բեմականացմամբ. «Արաքս» երգչախմբին բնորոշ մի ոճ, որն արդեն հաջող կիրառվել է Սայաթ-Նովային, Գուսան Շերամին, Կոմիտասին նվիրված հոբելյանական նախորդ համերգների ընթացքում:
Նախապատրաստական 6-ամսյա աշխատանքը իրապես արդյունավորվեց հրաշալի համերգով, եգիպտահայ արվեստասեր հանրության կյանքի այդ մեկ օրը գունավորեց-հարստացրեցՙ պարգեւելով գեղեցիկ երեկոյի անմոռաց տպավորություններ:
«Որեւէ մեծ անհատականութեան նուիրուած յոբելեանական համերգի մը գլխաւոր նպատակը տուեալ անձը հնարաւորինս համակողմանի կարենալ ներկայացնելն է, հնարաւորինս հանրամատչելի:
Վերջ ի վերջոյ, մեծութիւններուն դիմելու, առաւել եւս յաւերժութեան անցած մեծութիւններուն դիմելու նպատակն է ոչ թէ անոնց պարզապէս փառքը հիւսելը, այլ անոնց եւ ամէն արուեստին ընդմէջէն փորձել մենք զմեզ գտնելը, մեր մշակութային ալեծուփ խարխափումներուն ղեկը փարոսամէտ դարձնելը, մեր գեղարուեստական ճաշակը կենդանի, արթուն ու բարձրահայեաց պահելը»:
Այսպիսի վերաբերմունք է արտահայտում Միհրան Ղազելյանը համերգի առիթով ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատու» պաշտոնաթերթի հետ ունեցած հարցազրույցում, հավելելով. «Թերեւս երբեմն չնկատուող, բայց վստահ եմ, որ ոչ պակաս յաջողութիւն է սիրով եղած հաւաքական աշխատանքի իւրաքանչիւր դրսեւորում»: Նա ընդգծել է նաեւ երգչախմբի անդամների նվիրվածությունը, առանձնացնելով համերգին յուրահատուկ երանգ հաղորդած մեներգիչներ Գոհար Ղազելյանին, Լալա Նիկոլյանին, Սիլվա Թերզիբաշյանին, Արա Քեօհնելյանին, Սերժ Սետեֆճյանին եւ մեներգիչ-դպրոցականներ Գոհարիկ Վարդանյանին, Մկրտիչ Ավետանյանին եւ Ռուբեն Սաատին, որոնք, ըստ նրա, ունեն «երգչային պրոֆեսիոնալ ապագա կերտելու բոլոր անհրաժեշտ տուեալները»:
«Արաքս» երգչախմբի գործելակերպի մեջ սկզբունքային տեղ ունի համերգային ծրագրի տպագիր հայտագրի մշակումն ու պատշաճ տպագրությունը երգարան-գրքույկների տեսքով, որը հանդիսականին կոմպոզիտորի արվեստը առավել համակողմանի ընկալելու հնարավորություն կարող է տալ, նպաստել համերգն ավելի մատչելի դարձնել-յուրացնելուն: Այս վերջինի առիթով նույնպես տպագրվել է այդպիսիՙ Առնո Բաբաջանյանի երգերի տեքստերը (նաեւՙ արեւմտահայերեն թարգմանությունները) եւ զուգընթեր ռուսերեն բնագրերն ընդգրկող գրքույկ, կոմպոզիտորի մասին կենսագրական եւ այլ տեղեկություններով, որդուՙ Արա Բաբաջանյանի մտերմիկ հիշողություններով, հայ եւ օտար երաժիշտ-մտավորականների կարծիքներով, հուշերով հագեցած: Մ. Ղազելյանը դա գնահատում է այսպես. «Օրուան երեւոյթը բացահայտող շօշափելի նիւթն ալ ունի փաստագրական, ճանաչողական եւ կրթական արժէք»:
Իսկ ընդհանրապես երգչախմբի ղեկավարը շատ կարեւոր է համարում պատասխանատվության զգացումը եւ անընդհատաբար ստեղծագործական մոտեցումը յուրաքանչյուր նոր համերգին: «Իւրաքանչիւր համերգէ ետք միշտ ալ աւելի դժուար յաղթահարելի խնդիր մը դրուած է երգչախումբին առջեւ: Քանի գիտենք, որ ձեռք բերածով գոհանալը եւ աւելիին չձգտիլը արդէն ձախողութեան սկիզբն է»:
Համերգը, ինչպես նշվում է պարբերաթերթում, «Եգիպտահայ համայնքի խոնարհումն էր Առնո Բաբաջանեան մեծանուն երգահան-դաշնակահարին»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ