«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2012-05-15 | #87, 2012-05-16 | #88, 2012-05-17


ՊԱՐՈՒՅՐ ԱՂՊԱՇՅԱՆԻ ԱՐԱԲԵՐԵՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Ազգի» խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է Պարույր Աղպաշյանի «Մամլոյ յօդուածներ» արաբերեն գիրքը եւ Հայկազյան համալսարանի հրավերը ներկա գտնվելու այդ գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունենալու մայիսի 18-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի հանդիսասրահում:

«Համազգային» հրատարակչատան թողարկած, 128 էջ պարունակող բարձրորակ հատորը ներառում է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած (1990-2007) հեղինակիՙ Պ. Աղպաշյանի այդ նույն օրաթերթում տպագրած 37 հոդվածների արաբերեն թարգմանությունները, վարպետորեն կատարված Նանոր Միքայելյան-Քեքլիկյանի կողմից:

Հոդվածներում քննարկվում են ինչպես Լիբանանի ներքին, արտաքին, այնպես էլ ընդհանուր առմամբ Միջին Արեւելքի եւ նաեւ հայկական համայնքի ու Հայաստան-Լիբանան հարաբերությունների խնդիրները:

Գրքի առաջաբանը գրել է լիբանանյան մամլո սինդիկատի նախագահ Մոհամմեդ Բաալբաքին, որը նաեւ պատվո հյուրն է վերոնշյալ միջոցառման: «Այս գիրքը» խորագրի ներքո հեղինակը հակիրճ ներկայացրել է գրքի ստեղծման հանգամանքները եւ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրականություն են դարձրել հրատարակությունը:

Իր առաջաբանում պրն Բաալբաքին Աղպաշյանին բնութագրել է որպես «մշտարթուն աչքի», որն իր երիտասարդության ծաղկուն տարիներն ու ամբողջ ժամանակը նվիրել է լրագրությանը եւ իր հարազատ «Զարթօնք» օրաթերթին:

Գիրքը շնորհանդեսի ժամանակ պետք է ներկայացնի Հայկազյան համալսարանի դասախոսներից դոկտ. Ժան Սալմանյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4