ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին աջակցության հանձնաժողովը կոչ է արել ավելի քան կրկնապատկել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տեղեկացմամբ, արտաքին աջակցության համար պատասխանատու հանձնաժողովը այս շաբաթ մի շարք դրույթներ է ընդունել: Դրանք «խթանում են ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում»` առաջարկելով կտրուկ մեծացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղին 2 մլն-ից 5 մլն դոլարի, ընդ որում աջակցությունը պետք է ներառի ինչպես հումանիտար, այնպես էլ զարգացման աջակցություն, նաեւ մերժել ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի առաջարկած 7.2 մլն դոլարով կրճատումը Հայաստանին հատկացվող օժանդակության հարցում:
Այդպիսով արդյունք են տվել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի ջանքերը ոչ միայն Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին հատկացումների առումով, այլեւ Ջավախքին տրամադրվելիք աջակցության առաջնահերթության, նաեւ Երեւանի ու Բաքվի միջեւ ռազմական աջակցության զուգակշռություն պահպանելու հարցերում:
Վերջինի առնչությամբ արտաքին գործողությունների հանձնաժողովի հատկացումների գծով ենթահանձնաժողովը ԱՄՆ կառավարող վարչակազմին կոչ է արել ռազմավարություն մշակել ուղղված Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանին տրամադրվող աջակցությանը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում շարունակել աջակցությունը վտանգի տակ գտնվող հայ եւ այլ քրիստոնյա բնակչությանը Մերձավոր Արեւելքում:
Նշված բոլոր դրույթները ներառվել են ԱՄՆ 2013 թվականի արտաքին աջակցության օրենքի նախագծում, որ քվեարկության պետք է դրվեր մայիսի 17-ին Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում, իսկ Սենատը կարող է օրինագիծը քննարկել գուցեեւ հաջորդ շաբաթ:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ