ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի: Նշվել է, որ նախ հաջողվել է մեղմել դեռեւս նախորդ տարվա կեսից ձեւավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդՙ արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի աճի հաշվին: Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ միջազգային ֆինանսական կառույցները 2011 թվականի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները եւ դրամավարկային քաղաքականության ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել: «Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, եւ դա բավական դրական ձեռքբերում է: Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը: Արդեն տեսնում ենք, որ Moody’s միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ: Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն եւ հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս»:
Կառավարության հավանությանն արժանացավ նաեւ ԿԲ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նշելով, որ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին, կառավարությունը եզրակացրեց, որ Կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսեւորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտելու քաղաքականության ուղղությունները: «Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը: Հասկանալի է նաեւ, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ: Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց: Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը: Մենք ամենեւին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միեւնույնը: Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա: Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը: Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը: Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ: Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը: Հետագայում գերխնդիր էր գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ եւ նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետեւ մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով: Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երեւույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է եւ համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը եւ կառավարությունը, ինչը եւ արտահայտված է այս փաստաթղթում», կառավարության հասցեին այս առնչությամբ հնչած քննադատական ելույթների առնչությամբ ասաց Տիգրան Սարգսյանը:
Ա. Մ.