«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2012-05-16 | #88, 2012-05-17 | #89, 2012-05-18


ՌՈԲԵՐ ԴՈՒԱՆՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Փարիզի քաղաքապետարանում ապրիլ ամսին կազմակերպվել էր 20-րդ դարի նշանավոր լուսանկարիչներից մեկիՙ Ռոբեր Դուանոյի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված լուսանկարները նվիրված են մայրաքաղաքի Կենտրոնական շուկայի (Les Halles) թաղամասին: Ցուցադրվում էր 1933-1979 թթ. արված 208 լուսանկար: Սրահներից մեկում 1960-ականների գունավոր լուսանկարներն էին:

20-րդ դարի կեսերին ավելի քան 5000 մարդ էր աշխատում Կենտրոնական շուկայում. առեւտրականներ, սրճարանատերեր, օրավարձու բանվորներ եւ, իհարկե, բեռնակիրներ, որոնք կարող էին շալակած մինչեւ 200 կգ բեռ տանել: Դուանոյի լուսանկարներն արված են կերպարների հանդեպ մեծ համակրանքով, հարգանքով, սիրով: Մի առանձին խումբ են կազմում զուտ ճարտարապետական հուշարձանների լուսանկարները:

Դուանոյի աշխատանքի վերաբերյալ Պիտեր Համիլտոնի «Ռոբեր Դուանո, լուսանկարչի կյանքը» գրքում ասվում է, որ նա արթնանում էր առավոտյան ժամը 3-ին, որպեսզի Մոնռուժից հասնի Կենտրոնական շուկա եւ հենց սկզբից ներկա գտնվի շուկայի աշխատանքային եռուզեռին: Իմանալով, որ Կենտրոնական շուկան վաղ թե ուշ փակվելու է, Դուանոն ձգտում էր լուսանկարներում ամրագրել եւ իբրեւ գեղարվետսական ու պատմական վավերագրեր պահպանել շուկայի թաղամասի ամենաբազմազան դրվագներ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4