Մայիսի 18-ին տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի հետ գործակցության հարցը, որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից: ԿԸՀ-ից էլ հայտնեցին, որ երեկ ստացել են Արամ Զ. Սարգսյանի ինքնաբացարկի դիմումը:
Ավելի ուշ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց` պարզաբանելով ՀԱԿ-ը լքելու որոշումը. «Կուսակցությունը, հավատարիմ իր սկզբունքներին, պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը: Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ ազգային կոնգրեսի համոզմունքը, արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են», նշված է հայտարարության մեջ` այս գործոններով պայմանավորելով անդամակցության դադարեցումը ՀԱԿ-ին եւ միաժամանակ համատեղ ճանապարհի համար շնորհակալություն հայտնելով: Հայտարարությամբ նաեւ հաջողության մաղթանք կա` ուղղված ՀԱԿ-ին, նրա ծրագրերն իրականացնելու ճանապարհին:
Երեկ երեկոյան ՀԱԿ-ը լքեց նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի «Հայաստանի լիբերալ» կուսակցությունը, քիչ ավելի թունդ հայտարարությամբ:
Մ. Խ.