Ամերիկյան Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որով իր աջակցություն է հայտնում Արցախի անկախությանն ու նաեւ ամերիկյան ղեկավարությանը կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ներկայացուցիչներ Ֆոքսի, Մաթիելոյի, Կորվիսի, Մաքնամարայի եւ Բեննեթի առաջարկած բանաձեւով նաեւ խրախուսական վերաբերմունք է արտահայտվում Արցախի` որպես ազատ ու անկախ ժողովուրդ զարգանալու ջանքերին` միջազգային հանրության հետ ներգրավվածության ու տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ ջանքերի առումով:
Բանաձեւի քննարկման ու քվեարկության ժամանակ նահանգի ներկայացուցիչների պալատում ներկա են գտնվել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը, հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ:
Բանաձեւը մանրամասն ու իրականությանը համապատասխանող ձեւակերպումներ է պարունակում արցախյան հիմնախնդրի մասին, նախ ներկայացնելով, թե ինչպես է 1923-ին Արցախը Ստալինի ձեռամբ հայտնվել սովետական Ադրբեջանի կազմում, իսկ 80-ականներից ինչպես են արցախցիները խաղաղ պայքար սկսել հանուն անկախության ու հանդիպել սովետական Ադրբեջանի բռնաճնշումներին` «թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային անկախության վերահաստատումը»:
Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Արցախի վրա հարձակումներին, սումգայիթյան, կիրովաբադյան, Բաքվի ջարդերին, հայ փախստականներին, այդուհետեւ, չնայած արդեն իսկ դրսեւորված անկախությանը` 1991-ին անցկացված անկախության հանրաքվեին, որին, բանաձեւի հեղինակների հիշատակմամբ, ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ ու ճնշող մեծամասնության քվեով ընտրվեց ազգային ինքնորոշումը` «ավելի քան 50 միջազգային դիտորդների հսկողության ու ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին ամբողջական համապատասխանությամբ» կայացած ընտրություններով:
«1988-ի հուլիսին Միացյալ Նահանգների Սենատը միաձայն 1989-ի ֆինանսական տարում արտաքին հատկացումների օրենքում թիվ 2690 փոփոխությունը մտցրեց` մտահոգություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ու խորհրդային կառավարությանը կոչ անելով «հարգել հայերի օրինական ցանկությունները», նշելով նաեւ, որ «տասնյակ հայեր են սպանվել ու հարյուրավորները վիրավորվել վերջին դեպքերի ժամանակ...», բանաձեւում մեջբերումներ են արվում 1988-ին Սենատի ընդունած փաստաթղթից:
Բանաձեւը, ամրագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջողությունները հետպատերազմյան շրջանում, ոչ միայն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, այլեւ «խրախուսում է ԼՂՀ հարեւան ժողովուրդներինՙ խաղաղ հարաբերություններ ստեղծել ու պահպանել ԼՂՀ ժողովրդի հետ»: «Մեր երկրի առաջնորդներին կոչ ենք անում շարունակել տրամադրվող մարդասիրական ու տնտեսական վերականգնման աջակցությունը ԼՂՀ-ին` աջակցելով նաեւ ազատ ու ժողովրդավարական հասարակության շարունակական զարգացմանը», որոշվել է բանաձեւով:
Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատն իր ընդունած բանաձեւով ընդգծում է ԱՄՆ-ԼՂՀ կապերի ամրապնդման ու ուժեղացման կարեւորությունը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ