Ադրբեջանական մամուլում հաճախ են հրապարակվում տարբեր անձանց բերանը դրվող հայտարարություններ, որոնց առնչությամբ նույն այդ անձինք նախընտրում են լռել կամ արհամարհել, իբր կեղծիքն ու սուտը մեկնաբանելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Ավելին, բացառիկ են այն դեպքերը, երբ ադրբեջանական լրահոսի աղաղակող անհեթեթությունների առնչությամբ առավել քան պատասխանատու պաշտոնյաները բավարարվում են զուտ եղելությունը ժխտող հայտարարություններով, փոխանակ հերքում պահանջելու:
Հերթական անգամ մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չէին արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված էին եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Ադրբեջանական լրատվամիջոցները, ի մասնավորի հղում անելով ANS PRESS-ին, նույն օրն իսկ տեղեկություն էին տարածել, թե դիտարկման ավարտին Աղջաբեդինի շրջանի գործադիր ղեկավար Աբուլֆատ Տապդիրովը, հակահայկական անհեթեթ ու սադրիչ իր հայտարարություններում մեջբերումներ է արել իր` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկից, թե շփման գծի երկայնքով լարվածության աճ է նկատվում: Ավելին, ըստ Տապդիրովի, Կասպրչիկն իբր ասել է. «Ես զգում եմ, որ ադրբեջանական ժողովրդի համբերությունը հատնում է»:
Այդ «իբր ասել է» տարբերակը Կասպրչիկին ուղղված «Ազգի» էլեկտրոնային հարցմամբ էլ առանձնակի չհստակեցվեց: Թերթի` նման հայտարարության եղելության առնչությամբ մեկնաբանության խնդրանքին երեկ Կասպրչիկի օգնական Ուիլ Պրիորը պատասխանել է, թե «խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այդ խոսքը նշվում է «ըստ Տապդիրովի խոսքերի» ձեւակերպման»:
Այս պատասխանը կարելի է, շատ ցանկանալու դեպքում, մեկնաբանել որպես հերքում, թե Կասպրչիկը կարող էր չափած լինել ադրբեջանցիների համբերությունը: Սակայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականն ուղղակիորեն չի հերքել Տապդիրովի մեջբերումը Կասպրչիկից, մինչդեռ հարկ է հիշեցնել, որ ադրբեջանցի չինովնիկներն առաջին անգամ չէ, որ նման մեջբերումներ են անում: Իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ նաեւ անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի դիտարկում իրականացնող հարթակներում շարունակում են իբր չեզոքություն պահպանել այն դեպքում, երբ Բաքվում ասածների առնչությամբ Երեւանում հակառակն է ասվում:
Ի վերջո, եթե Բաքվի ռազմատենչության ու սադրանքների առնչությամբ Մինսկի խումբը նախընտրում է լուռումունջ լինել, ապա գոնե միջնորդների կամ Կասպրչիկի անունից տարածվող խոսքերի պարագայում հաստատապես հնարավոր է ավելի կոնկրետ ու հետեւողական լինել` հանրությանը հստակ ներկայացնելով, թե իրականում որտեղ եւ ինչ են իրենք ասել:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ