«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳԻՏԻ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍԻ` ՄԻՆՉԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎԵՆ

Օրերս «Ազգը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույց էր անցկացրել, եւ, կարելի է ասել, այն հարցերը, որ հետաքրքրում էին մեզ, այն ժամանակ էլ որոշակի պատասխան չունեցան, եւ երեկ էլ Գ. Սահակյանի ասուլիսում պատասխաններ չունեին: Այնպես որ ուղղակի մեկ-երկու ուշագրավ հատված ներկայացնենք երեկվա ասուլիսից:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հապաղում է կոալիցիա մտնել-չմտնելու վերաբերյալ որոշում կայացնել, Գ. Սահակյանը հակադարձեց, որ նաեւ նոր մարդիկ են մտնելու խորհրդարան, քննարկումներն այդ պատճառով պետք է ծավալուն լինեն, ու ԲՀԿ-ում հենց հայտարարության պատրաստ լինեն` Ծառուկյանը հայտարարություն կանի: Լրագրողներից մեկը հարցն այլ կերպ դրեց` արդյոք ԲՀԿ-ն այլընտրանք ունի՞ կոալիցիա չմտնելու. «Ճիշտ բանաձեւը սա է. քաղաքական ուժը կամ իշխանական է լինում, կամ ընդդիմություն. միջին չի լինում: Պետք է մտածել երկրի, պետության հետագա ճակատագրի մասին: Գագիկ Ծառուկյանին ի՞նչ է պատահել, որ մտածի կոալիցիա մտնի՞, թե ոչ»: Գ. Սահակյանը նաեւ համոզված է, որ քաղաքական բոլոր ուժերը փոխհամաձայնության պետք է կարողանան գալ, կոալիցիան էլ պետք է շարունակվի:

«Ազգի» հարցին ի պատասխան էլ, թե արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է մեծամասնությանը հասանելիք պորտֆելների զգալի մաս զիջել ԲՀԿ-ին, ու նույնիսկ ոչ կոալիցիոն ուժերի, Գ. Սահակյանը նշեց, թե ՀՀԿ-ն առաջնորդվում է երկրի շահով, եւ եթե դրա արդյունքում են լուծվելու խնդիրները` այո: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն երկուսն էլ հակված են փոխըմբռնման եւ կայուն իրավիճակի, համոզված էր ՀՀԿ փոխնախագահը: Իսկ ծավալուն քննարկումներն այն պատճառով են, որ կոալիցիան կազմվելու է ոչ թե մի քանի ամսվա, այլ առաջիկա 5 տարվա համար, եւ խորհրդարան եկած ուժերը պետք է կարողանան պայմանավորվել եւ համաձայնությունների դեպքում էլ հետո կատարել խոստումները:

Լրագրողներից որեւէ մեկը չկարողացավ որեւէ անուն պոկել այս կամ այն պաշտոնի կամ ԱԺ գնացողների մասին` Գ. Սահակյանն իհարկե տեղյակ է, բայց չի ասի` մինչեւ որոշումները չկայացվեն: Իսկ թե ինչու հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը, այս հարցը զարմացրեց Գ. Սահակյանին, որն ասաց, թե արդեն հիվանդանալու հնարավորություն էլ չկա, հիվանդ է Հովիկ Աբրահամյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4