Գիտությունն իր առջեւ խնդիր է դրել ապահովելու գենետիկորեն ձեւավորված օրգանիզմների բազմազանությունը, սակայն միայն ապահովելը քիչ է` հարկ է հոգալ եւ դրանց անվտանգության մասին: Գենետիկների մեծ մասը կարծում է` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն անվտանգ են, սակայն էկոլոգների մեծ մասը հակառակ կարծիքն ունի:
Եվրոպական շատ երկրներ անգամ խուսափում են դրանց ներկրումից, քանի դեռ չի հաստատվել ձեւափոխված օրգանիզմների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ կանչեց Ազգային ժողով ներկայացված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին օրենքի նախագիծը»: Հետ կանչելու որոշումը նախագիծը վերախմբագրելու նպատակով էր: Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերը կողմ արտահայտվեցին վերախմբագրելուն, քանի որ նախագիծը բացթողումներ ունի:
Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան մոտավոր բացատրեց, թե ինչ է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի պատրաստումը. մի օրգանիզմից գենը տեղափոխվում է մի ուրիշ օրգանիզմ: Ձեւափոխված օրգանիզմներից տարածված են, օրինակ` կարտոֆիլը, եգիպտացորենը:
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների պատրաստումը 50 տարվա փորձ ունի, առաջին փորձն արվել է Միացյալ Նահանգներում:
Օրենքի նախագծի բացթողումներից էկոլոգ Կարինե Դանիելյանն առանձնացրեց, որ սահմանափակումները պետք է խստացվեն: Մեր օրերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը լրիվ արգելել հնարավոր չէ, սակայն սահմանափակումները պարտադիր են, «այլապեսՙ փոփոխությունները, եթե մտնեն մեր գենոֆոնդ, ապա ուղղումներն էլ մեր ձեռքերում չեն լինի»:
Բացի օրենքի նախագծի վերախմբագրումից` Հայաստանում սննդամթերքի անվտանգությանն ուղղված ուրիշ քայլեր նույնպես արվում են, սրանց էլ «Հենարան» ակումբում անդրադարձավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը :
Մայիսի 21-ից Հայաստանի մարզերում կատարվելու են սննդամթերքի անվտանգության ստուգումներ: Ըստ նրա` սննդամթերքի անվտանգությունը մարզերում ավելի վատթար վիճակում է, քան Երեւանում: Ստուգումներից հետո հայտնաբերված ժամկետանց սնունդը կհանվի իրացման ցանցից, իսկ թերի մակնշվածները ուղարկվելու են լաբորատոր փորձաքննության:
Աբրամ Բախչագուլյանը հավելեց, որ սննդի ամենառիսկային ապրանքախմբերը կաթնամթերքը, մսամթերքն ու մանկական սնունդն են:
Ի. Պ.