«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ՀՆԴԿԱԿԱՆ ԷՊՈՍԸ` ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Հայ ընթերցողը հնդկական «Ռամայանա» էպոսին շուտով հայերեն ծանոթանալու հնարավորություն կունենա:

Հինդի լեզվի մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանը հինդիից թարգմանել ու կազմել է «Ռամայանա» էպոսի հայերեն հակիրճ տարբերակը: Հնդկաստանի մյուս էպոսը` «Մահաբհարատան» է, սրա հայերեն տարբերակն արդեն իսկ կա, սակայն թարգմանված է ոչ թե բնագրից, այլ ռուսերենից:

Հռիփսիմեն պատմում է` «Ռամայանա» էպոսի սանսկրիտով բնագիրը Հայաստանում գտնել չի կարողացել, հետեւաբար օգտվել է իր ձեռքի տակ եղած հինդի լեզվով աղբյուրներից:

Էպոսը թարգմանելու գաղափարը ծնվել է ոչ պատահականորեն: Հռիփսիմեի ուսանողներից Անդրանիկը, որը նաեւ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում բեմանկարչության բաժնի ուսանող էր, դիմել է Հռիփսիմեին` օգնելու իրեն դիպլոմային աշխատանքը պատրաստելու հնդկական թեմայով:

Քննարկումներից հետո երկուսի ընտրությունն էլ կանգ է առել «Ռամայանա» էպոսի վրա: Միասին ուսումնասիրել են էպոսի սյուժեն, ընթացքում Հռիփսիմեն որոշ նյութեր թարգմանել է հայերեն, ապա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից վերցրել է 16-րդ դարի հնդիկ գրող եւ փիլիսոփա Տուլսիդասի` միջնադարյան հնդկերենով վերամշակած «Ռամայանա» էպոսի երկհատորյակը: Կարծիքներ կան, թե «Ռամայանայի» վերամշակումներից լավագույնը հենց Տուլսիդասինն է:

Շարունակելով պատմել, թե ինչպե՞ս սկսվեցին էպոսը թարգմանելու ու գրքի վերածելու աշխատանքները, զրուցակիցս ասում է` այդ ժամանակ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան մի անգամ իրեն ցույց է տվել «Ռամայանայի» հինդիից վրացերեն թարգմանված հակիրճ տարբերակը, որը լույս էր տեսել Վրաստանում: «Դեսպանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանում էլ տպագրվի հայերենը», հավելում է Հռիփսիմեն:

Դեսպանի առաջարկով` զրուցակիցս ի մի է բերում իր մոտ առկա արդեն թարգմանված նյութերը, վերցնում Տուլսիդասի վերամշակած տարբերակն ու սկսում թարգմանությունը:

«Դեսպանի` իմ հանդեպ վստահությունը, որպեսզի հենց ես թարգմանեմ, մեծ խթան էր ինձ համար», ասում է զրուցակիցս:

Էպոսի պատկերազարդումն էլ անում է Անդրանիկ Ասատրյանն իր դիպլոմային աշխատանքն ավարտելուց հետո: Մինչ էպոսի վրա աշխատելը, Անդրանիկն ու Հռիփսիմեն համատեղ աշխատելու փորձ արդեն ունեին. Հռիփսիմեն հայերեն էր թարգմանել բանաստեղծուհի Անիտա Վարմայի մանկական բանաստեղծությունները, իսկ գրքի պատկերազարդումը դարձյալ արել էր Անդրանիկը:

Թարգմանության ընթացքում Հռիփսիմեն օգտվում է «Ռամայանայի» ուրիշ տարբերակից էլ` վերամշակված ներկայիս հինդիով:

Ռամայանա սանսկրիտից թարգմանաբար նշանակում է Ռամի ճանապարհորդությունը: Էպոսը սանսկրիտով առաջինը գրի է առել իմաստուն Վալմիկին, որի անունը հիշատակվում է դեռեւս հնագույն վեդաներում: Հնդիկ ժողովուրդը Վալմիկիին անվանում է աշխարհի առաջին բանաստեղծ (ադիկվի), իսկ «Ռամայանան»` առաջին գեղարվեստական էպոս (մհակավյը):

Բնագրով էպոսը գրված է չափածո, սակայն հայերեն տարբերակում Հռիփսիմեն այն վերածել է արձակի: Թարգմանությունը, ըստ նրա, զուտ տեխնիկական աշխատանք չէր: Քանի որ էպոսը արտացոլում է հնդիկ ժողովրդի փիլիսոփայությունը, կրոնը, ապրելաձեւը, ուստի հարկ էր հնարավորինս խորությամբ ընկալել գործը: Հռիփսիմեն մի տարի ապրել ու սովորել է Հնդկաստանում, եւ հնդիկ ժողովրդի կյանքին անմիջականորեն հաղորդակցվելու փորձառությունը եւս օգնել է նրան:

Ըստ Հռիփսիմեի` գիրքը դեռեւս տպարանում է, եւ մինչ մայիսի վերջը կլինի շնորհանդեսը: Հրատարակման ֆինանսական աջակցությունը մշակույթի նախարարությանն է, իսկ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը` հանձին Աչալ Կումար Մալհոտրայի, սկզբից եւեթ օժանդակել է գրքի ստեղծմանը:

Էպոսի հայերեն տպագրությունը, իհարկե, ձեռքբերում է, սակայն երիտասարդ թարգմանչուհին չի սահմանափակվելու այսքանով: Որոշել է հետագայում հայ ընթերցողին ներկայացնել «Ռամայանայի» մի ուրիշ` արդեն մեծածավալ տարբերակը, իսկ ավելի ուշ հայերեն թարգմանել նաեւ սանսկրիտից:

Էպոսի հայերեն թարգմանությանը առաջիկայում «Ազգը» կրկին կանդրադառնա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4