Այս տարի լրանում է Լիբանանում տպագրվող «Ազդակ» օրաթերթի 85-ամյակը: «Ազդակը» Սփյուռքում հրատարակվող հայկական կարեւորագույն թերթերից է:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հակիրճ անդրադարձավ «Ազդակի» պատմությանը. «Թերթը հիմնադրվել է որպես մասնավոր թերթ, սակայն առաջին օրվանից եղել է Դաշնակցության տրամադրության տակ»:
1965-ից «Ազդակը» ամբողջությամբ փոխանցվել է Դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեին ու լույս է տեսնում որպես կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ: 2002-ից «Ազդակը» ունի նաեւ կայքէջ:
Թերթն անդրադառնում է լիբանանահայ համայնքի, Հայաստանի ու Արցախի իրադարձություններին, որոնց հետեւում են ինչպես տեղի, այնպես էլ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությունը:
Ներկա էր նաեւ Մովսես Հերկելյանը, որը 30 տարուց ավելի ղեկավարում է «Ազդակի» մշակույթի բաժինը: Ըստ նրա` տարաբնույթ ոլորտների կողքին թերթն առանձնակի տեղ է հատկացնում եւ մշակույթին, ներկայացնում լիբանանահայ համայնքի, Լիբանանի ու ընդհանրապես միջազգային մշակութային անցուդարձը եւ արծարծում այսօրվա գեղագիտական հարցերը:
Իսկ «Փյունիկ» հիմնադրամի շնորհիվ «Ազդակը» ունի իր «Փյունիկ» սրահը, որտեղ կազմակերպվում են քննարկումներ` տեղի ու հայրենիքից հրավիրված հայ մտավորականների մասնակցությամբ, սրահը հատկացվում է նաեւ թատերական, երգի ու մշակութային այլ միջոցառումների համար:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը 2005 թվականից թղթակցում է «Ազդակին», նույնպես անդրադարձավ թերթի գործունեությանը` նշելով, որ թերթը տպագրվում է 3000 տպաքանակով հայկական մի գաղութում, որն ունի 150 հազար անդամ: Խոսելով «Ազդակ բացառիկներից»ՙ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ թերթը տարեկան 2 բացառիկ է ունենում` մեկը Նոր տարվան, մյուսը` ապրիլի 24-ի կապակցությամբ, իսկ դրանք պարզապես գրքեր չեն, այլ հայագիտական լուրջ հատորներ:
Սփյուռքի հայկական մամուլը մեծ դեր ունի հայապահպանության գործում, խոսքը ինչպես «Ազդակի», այնպես էլ մյուս գաղթօջախներում հրատարակվող թերթերի ու պարբերականների մասին է: Օրերս լրանում է նաեւ Բոստոնում լույս տեսնող ՌԱԿ-ի «Արմինյն միրոր-սփեքթեյթր» անգլերեն շաբաթաթերթի հիմնադրման 80-ամյակը:
Թաթուլ Հակոբյանը հավելեց. «Կփորձենք «Ուրբաթ» ակումբի հետ կազմակերպել նման միջոցառում Սփյուռքում հրատարակվող նաեւ մյուս թերթերի հոբելյանների առթիվ»:
Ի. Պ.