«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


«ԿԱՄԱՐ» ԹԻՎ 14, 15

Բեյրութում հրատարակվող «Կամար» հանդեսի (գլխավոր խմբագիրՙ Ժիրայր Դանիելյան, տպագրությունըՙ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ) հերթական երկու համարները (թիվ 14,15)ՙ խմբագրության ստացած, աչքի են ընկնում հետաքրքրական մի շարք հոդվածների, հրապարակումների ընտրությամբ: Հանդեսը շարունակում է ընթերցողին ներկայանալ գեղարվեստական եւ տեխնիկական ձեւավորման բարձրաճաշակ մատուցման սկզբունքով, յուրաքանչյուր անգամՙ թղթի գունային նոր ֆոնավորմամբ, հայ եւ օտար նկարիչների աշխատանքների նոր իլյուստրացիաներով: Գրական-գեղարվեստական բեյրության այս պարբերականը արձանագրում է արեւմտահայ եւ արեւելահայ արդի գրական ընթացքըՙ ներկայացնում Սփյուռքում եւ Հայաստանում ինչպես հայտնի անուններ, այնպես էլ գրական ասպարեզ նոր մուտք գործածներին: Գեղարվեստական արձակի եւ չափածոյի բաժնում հաճախ են հանդիպում նույն անունները. այսովՙ «Կամարը» ունի իր նախընտրած հեղինակային խումբը, ինչը ենթադրել է տալիս որոշակի վերաբերմունք, ճաշակ եւ միտումներՙ նախ եւ առաջ ուղղված գրական որոշակի արժեքներին եւ իհարկե ապահովում լեզվական պատշաճ մակարդակ: Այս առումով «Կամարը» առանձնանում է համահայկական գրական մամուլումՙ կատարված աշխատանքի նկատելի խնամքով:

Այս անդրադարձը, մեր ընտրությամբ կանգ կառնի առավել ուշագրավ մի քանի հրապարակումներիՙ հանդեսի տարբեր բաժիններում ընդգրկված: Այսպեսՙ «Լեզուական» խորագրի ներքո երկու համարներում տեղ գտած Արմենակ Եղիայանի «Ի պետս զարգացելոց» շարքը անդրադարձ է բառարաններում վաղուց արդեն դասական ձեւակերպում ստացած մի շարք բառերի ծագման, ստուգաբանության նոր մեկնաբանություններին: Պերճ Ֆազլյանը «Թատրոնի արկածախնդրութիւնը եւ մենք» հոդվածում ներկայացնում է արվեստի ամենահին տեսակներից թատրոնի սկզբնավորման ընթացքը, փորձում մոտենալ դրա արմատներինՙ հին հունական դիցաբանության, հունական անտիկ թատերգության միջոցով, այն կապում Դիոնիսոս երեւույթի հետ, որպես մարդկային կրքերի, զգացումների, պոռթկումների (սիրո եւ ատելության) արտահայտության ամենացայտուն կրողի:

«Տպավորապաշտ էջեր» խորագրով Հակոբ Մանուկյանի «Երկու աշուն» գրությունը Վահրամ Մավյանի համանուն բանաստեղծության վերապրումն է, աշնանային տրամադրությունների խոհեր Բեյրութի Բուրճ Համուդի ազգային գերեզմանատանը, բանաստեղծի շիրիմի մոտՙ անսպասելի հայտնված:

Գրականագիտական բաժինը ներկայացնող (թիվ 14) երկու հոդվածներից առաջինը Երվանդ Տեր-Խաչատրյանի «Հոսհոսին պարբերաթերթը» ծանոթ է «Ազգ»-ի Մշակութային հավելվածի ընթերցողներին: Հաջորդը Նարինե Թուխիկյանի ուսումնասիրություն-անդրադարձն է 20-րդ դարի վաղամեռիկ հայ քնարերգուիՙ Պետրոս Դուրյանի կյանքի դրամատիկ ավարտին, նրա մարգարեություններին, նաեւ իր սիրային լիրիկայի ենթադրյալ հերոսուհիներին: Որպես Դուրյանի ոդիսական, հոդվածագիրը մանրամասն ներկայացնում է բանաստեղծի լուսանկարի ստեղծման եւ դրա հետագա ճշգրտման հետաքրքրական պատմությունը. 1957 թ. Սկյուտարի գերեզմանատնից մի հատված երբ հատկացվել էր հարակից ճանապարհաշինությանը, Պետրոս Դուրյանի գերեզմանոցը փորելիս բանաստեղծի գանգի ոսկորները վերցրվել եւ որպես նշխարք ի պահ էր տրվել Պոլսո հայոց պատրիարքարանին, ավելի ուշ այն ուղարկվել էր Երեւան: 1970-ին ԳԱԹ-ի այն ժամանակվա տնօրենն այդ մասունքը հանձնում է հայտնի սրտաբան-վիրաբույժ եւ գանգաբան Անդրանիկ Ճաղարյանինՙ բանաստեղծի դեմքը վերականգնելու...

Հանդեսի 2 համարներում ներկայացված են վերջին լույս տեսած մի քանի գրքերի գրախոսություններ: Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ արաբական ժամանակակից բանաստեղծության ընտրանինՙ «Մայրիներուն ծիածանը» խորագրով, ներկայացնում է Դավիթ Միքայելյանը: Պեպո Սիմոնյանը անդրադառնում է Կոստան Զարյանի գրականությանը, հատկապես նրա ստեղծած լեզվական միջավայրին, այսպես ասած հայերենի ամբողջական հնչումինՙ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի վարպետ ներդաշնակմանը:

Հետաքրքրական են եւ նորություն գեղանկարչության վերաբերյալ երկու հրապարակումներըՙ Մովսես Ծիրանու անդրադարձը Հարություն Նագուլյանի (Արթըր Ք.)ՙ Բեյրութի Համազգայինի Լիւսի Թիւթիւնջյան ցուցասրահում բացված ցուցահանդեսին եւ 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմին հարող Գուստավ Գայպոթի արվեստըՙ Ալեքսան Պերեճիքլյանի ներկայացմամբ: Երաժշտության բաժնում տեղ է գտել ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 85-ամյակին նվիրված Արփի Մուրադյանի հոբելյանական անդրադարձը:

Հանդեսի էջերի մի զգալի հատված տրամադրված է գեղավեստական գրականությանըՙ բանաստեղծություն եւ արձակ: Հրապարակված են Հրաչյա Թամրազյանի, Սարգիս Կիրակոսյանի, Հարություն Նագուլյանի, Խաչիկ Տետեյանի, Հակոբ Սարգիսյանի եւ այլոց բանաստեղծություններից նոր շարքեր: Այս ընթերցման հաճելի անակնկալը Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակից Հակոբ Սարգիսյանի բանաստեղծության ներկայությունն էրՙ գրված 2012-ին: Հիշեցի տարիներ առաջ մի հանդիպման ժամանակ իր այն խոսքը, թեՙ բանաստեղծություն գրում է նաեւ հայերենը չմոռանալու համար, ինքն իր հետ այդկերպ խոսելով. շարունակում է լեզվական բացարձակ օտար միջավայրի հաղթահարումը բանաստեղծության միջոցով: Ընդ որում, վերջին շրջանի այս բանաստեղծությունները իր նախորդ ժողովածուների շարունակությունը լինելով, ի հայտ են բերում տրամադրությունների ավելի խորաթափանց շերտեր, ներքին հայացքի ավելի սուր սեւեռումներ, բանաստեղծական պատկերի մետաֆիզիկ զգացողության ինքնահատուկ հնչերանգի ավելի համոզիչ արտահայտություններ:

Գեղարվեստական արձակից առանձնացնենք երկու գործՙ Պերճ Զեյթունցյանի «Հարիւր տարի անց» պիեսը եւ Նորայր Ադալյանի «Ազնիւ մարդը կավէ սափորում» պատմվածքը: Զեյթունցյանի պիեսը գեղարվեստական արձագանք է 2010-ի իրադարձությունների հետաքրքրական մի երեւույթի. 1915-ի Հայոց ցեղասպանության հեղինակներից Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի եւ Թիֆլիսում 1922-ի հուլիսի 25-ին նրա կյանքին վերջ տված հայ վրիժառու, «Նեմեսիս» խմբի անդամ Արտաշես Գեւորգյանի թոռների հանդիպումը գրեթե 100 տարի անց, այստեղՙ Երեւանում: Նրանց (Ջեմալ եւ Անդրանիկ) երկխոսությունը երեւանյան ռեստորաններից մեկում, մերթ ընդ մերթ ընդմիջվող եղերական այդ շրջանի պատմական ակնարկներով, երկու կողմերի մտավորականների այսօրվա վերաբերմունք է, ավելի սթափ հայացք, տեսակետ: Սակայն միեւնույն է, երկվության, թեականության երանգներն անխուսափելի են: Զղջում կամ ներողություն հայցելՙ սրանք եթե կան, կամ լինեն անգամ, դրանց հետեւում մեկուկես միլիոն նահատակների արյան հիշողությունը հանգիստ չի տալիս...

Նորայր Ադալյանի վերջին շրջանի արձակը հատկանշվում է մարդկային հարաբերություններին, հասարակական բարքերին, ժամանակի բարոյականությանը գրողի ուշագրավ մոտեցումներով: Նրա հայացքը բավական լայն ընդգրկումով կարողանում է սուր արձագանքել ու թափանցել իրականության ամենատարբեր շերտերՙ մարդուն պահելով իր գրականության կիզակետում: Հերոսների գործողությունների, արարքների արտաքին, թվացյալ (կեղծ) անմեղությունը քողազերծելովՙ նա հասնում է մարդու հոգու մերկությանը, նրա ենթագիտակցական աշխարհի ստվերոտ ծալքերին եւ դրանց տարօրինակ դրսեւորումներին: Ընթերցողական հետաքրքրությունը, երբեմն գրոտեսկի հասնող երգիծանքի միջոցով, գրողը կարողանում է անվերջ թարմացնել երեւակայական նոր հնարանքներով, անակնկալ, գրավիչ պատկերներով: Ազնիվ մարդուՙ աշխարհից, մարդկային հասարակությունից անհետացող տեսակի հայտնվելը թանգարանային միջավայրում, կյանքային իրականության անմխիթար վիճակի գեղարվեստական արձանագրումն է:

«Կամարի» մնացած հրապարակումների հետագա ընտրությունը թողնենք ընթերցողին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4