«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2012-05-19 | #91, 2012-05-22 | #92, 2012-05-23


ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ԹԵՀՐԱՆ... «ՆԱԽԱՆՁԵԼՈՎ» ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրան-Ադրբեջան հարաբերությունները բացասականի ու անհանդուրժողականության իրական այնպիսի մակարդակի են հասել, երբ ավանդական «բարեկամության» մասին հայտարարություններ անողներն անգամ անցել են բացեիբաց թշնամանքի ու հարձակման:

Երեկ Բաքվում Իրանի դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հաստատվեց դեռեւս նախօրեին շրջանառվող տեղեկությունը, որ Իրանի դեսպանը «հետ է կանչվել» Թեհրան:

Այսօրինակ քայլ կարելի էր սպասել` հաշվի առնելով Ադրբեջանում «գեյ-շքերթի» անցկացման առնչությամբ իրանական հոգեւորականության բազմաթիվ կոչերը ադրբեջանական իշխանություններին` թույլ չտալու նման միջոցառման անցկացումը: Իրանական դեսպանատան երեկվա հայտարարության մեջ պատճառաբանություն կամ բացատրություն չի նշվում, այլ առկա է զուտ դիվանագիտական ձեւակերպում, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբաղիր Բահրամին մայիսի 21-ին մեկնել է Թեհրան` «անհրաժեշտ խորհրդակցությունների համար»:

Միայն «գեյ-շքերթը» բավարար պայման կամ պատճառ չէր կարող լինել, որպեսզի որեւէ երկրի դիվանագիտական ներկայացուցիչը հետ կանչվեր, ուստի ակնհայտ է, որ տեղի ունի նաեւ առավել հիմնավոր մի պատճառ, ինչն էլ արդեն մատուցում են իրանական լրատվամիջոցները:

Ըստ այդմ, վերջին օրերին Ադրբեջանում Իրանի դեսպանատան շենքի մոտ կազմակերպված ցույցերի ժամանակ ադրբեջանական իշխանական շրջանակների «ակտիվիստները» վիրավորական հայտարարություններ են արել ու նույնաբովանդակ ցուցապաստառներ կրել Իրանի հոգեւոր առաջնորդի հասցեին:

Ու թեեւ Իրանի դեսպանությունը կոշտ հայտարարություն արեց միջադեպի առնչությամբ, ադրբեջանական իշխանությունների անարձագանք մոտեցումը դարձավ «հետկանչի» առիթ:

Ըստ էության, Իրանի այսօրինակ դիվանագիտական դեմարշը տեղավորվում է ոչ միայն եվրոտեսիլյան շրջանակներում Իրանի համար անընդունելի փոքրամասնությունների շքերթին դեմ արտահայտվելու, այլեւ Իրանի շուրջը իրավիճակի լարվածության մեծացման հարցում Ադրբեջանի նշանակալի դերակատարության տրամաբանության մեջ:

Սակայն որեւէ տրամաբանության մեջ տեղավորելի չէ ադրբեջանական արտգործնախարարության` Իրանի դեսպանի հետկանչի առնչությամբ հայտարարությունը, չնայած Ադրբեջանի արտաքին գերատեսչության անհեթեթ մեկնաբանություններին նոր չենք ծանոթանում: Ադրբեջանական ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաեւը մեկնաբանել է Իրանի դեսպանի հետկանչն ու, կարծես առանց երկար-բարակ մտածելու, բնութագրական տվել, թե «Եվրոտեսիլ» անցկացնող Ադրբեջանը «շատ երկրների, այդ թվում` Իրանի նախանձի զգացումն է առաջացնում»:

«Ազերիպրես» գործակալությունը փոխանցում է, որ Աբդուլաեւի դատողությունների համաձայն` «Իրանում անորոշություն է»: Աբդուլաեւը անորոշություն է որակել այն, որ որոշ լրատվամիջոցներ փոխանցում են Իրանի դեսպանին հետ կանչելու պատճառները այն դեպքում, երբ պաշտոնապես նշվում է «խորհրդակցությունների» տարբերակը: Սրանով Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը եւս մեկ անգամ բացատրում է, թե ինչու է այսօրինակ բոլոր հարցերի եւ ավելի նշանակալի իրադարձությունների ու հանգամանքների առնչությամբ լռություն պահպանում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Աբդուլաեւի խոսքերը նաեւ ապացուցում են, որ այդ գերատեսչությունում հակասական ու անիմաստ, դիվանագիտական առումով սխալ հայտարարությունների հարցում միայն գերատեսչության որոշ վարչությունների ղեկավարները չէ, որ «հմտացել են»:

Ադրբեջանական արտգործնախարարության աշխատակիցը նաեւ անտեղյակ կամ հապշտապ ինչ-որ բան ասելու անտեղիություն է դրսեւորել, քանի որ իրանական կողմը բողոքի նոտա է հանձնել Իրանում Ադրբեջանի դեսպանին` շեշտելով հոգեւոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ անելու հանգամանքը:

Ստացվում է, որ մանեւրել փորձող Աբդուլաեւի հիմնական դատողությունն էլ Ադրբեջանին նախանձելու մասին կարելի է Ալիեւի քարոզչության ցցուն օրինակ համարել, քանի որ հատկապես եվրոտեսիլյան ժամանակահատվածում Ադրբեջանը թուքումուր է, որ կուլ է տալիս ու դեռ երկար կուլ կտա` ժողովրդավարության բացթողումների, մարդու իրավունքների համատարած ոտնահարման ու առնվազն քաղբանտարկյալների առկայության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4