Կառավարության կայքում հրապարակվել են «Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի» իրականացրած «Հայաստանի Հանրապետության կյանքի որակի ինդեքսը 2011-ին» սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Հարցվել են 2000 մարդ, որից 35,5 տոկոսըՙ Երեւանից, մնացածըՙ երկրի այլ քաղաքներից ու գյուղերից: Հարցվածների անկեղծության մակարդակը գնահատվել է 86 տոկոս:
Հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի բնակչության 10,3 տոկոսն է օբյեկտիվորեն լավ ապրում եւ գոհ իր վիճակից: 49 տոկոսն իր ընտանիքի օբյետիվ ֆինանսական վիճակը նորմայից ցածր է համարում, բայց համակերպվել է եւ բավարարված է իր վիճակից:
Բնակչության 37,4 տոկոսը նորմայից ցածր է գնահատում իր ընտանիքի ֆինանսական վիճակը եւ դժգոհ է իր կյանքից, իսկ բնակչության 3,3 տոկոսը իր ընտանիքի ֆինանսական վիճակը նորմայից բարձր է համարում, բայց նույնպես դժգոհ է իր կյանքից:
Հայաստանի բնակչության 59,3 տոկոսը բավարարված է իր կյանքից` ներառյալ 49 տոկոսը կազմող` իրենց ֆինանսական վիճակը ցածր համարողները, իսկ 40,7 տոկոսը բավարարված չէ իր կյանքից` ներառյալ 3,3 տոկոսը կազմող իրենց ֆինանսական վիճակը բարձր համարողները:
Հետաքրքրական են կյանքի որակի ընդհանուր, մակրո եւ միկրո մակարդակների գնահատականները: Կյանքի որակի ընդհանուր մակարդակի գնահատականը 2011-ին 47,6 տոկոս է, 2010-ի 44,6 տոկոսի դիմաց: Մակրո մակարդակում կյանքի որակի գնահատականը 37,5 տոկոս է, միկրո մակարդակում` 57,6 տոկոս: Միկրո մակարդակով գնահատականի ավելի բարձր լինելը մակրո մակարդակի գնահատականից բացատրվում է նրանով, որ մարդիկ համեմատաբար ավելի լավ են ապրում, քան գնահատում են երկրի ընդհանուր վիճակը:
Հետազոտության մեջ նշված են կյանքի որակը վատթարացնող հիմնական գործոնները: Ըստ այդմ, ցածր են բավարարվածությունը աշխատանքի վարձատրությունից, բնակարանային պայմաններից, ընտանիքի եկամուտներից, սննդամթերքի, կենցաղային իրերի եւ տեխնիկայի ֆինանսական մատչելիությունից:
Մակրո ոլորտում կյանքի որակի գնահատականը 38 տոկոս է, լավագույն իրավիճակը ենթակառուցվածքների ոլորտում է` 52 տոկոս, վատագույնը` տնտեսական ոլորտում` 19 տոկոս: Ենթաոլորտներում լավագույն վիճակը հեռահաղորդակցությունն է` 83 տոկոս, վատագույնը` աշխատատեղերն են` 7 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ