Պարզվեց, որ Հայաստանում բազմազանություն կա, նաեւ պարզվեց, որ Հայաստանում բազմազանությանը չհանդուրժողներ կան:
Սակայն ամենասկզբից սկսենք. օրեր առաջ երեւանյան փողոցներից մեկում, գետնին անհայտ մեկը պատկերել էր Ադրբեջանի դրոշը: Սա, իր բոլոր տեսակի առանձնահատություններից զատ, նաեւ բազմազանություն է Երեւանում: Ընդամենը մեկ օր անց Բաքվում հայտնաբերեցին հագուստ, որը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի պետական դրոշը, սա էլ, ամեն ինչից զատ, Ադրբեջանում բազմազանության առկայության նշանակություն ունի: Երկուստեք հասարակության լայն զանգվածներն արտահայտեցին իրենց դժգոհությունը, սակայն ո՛չ Երեւանում, ո՛չ Բաքվում պատկան մարմինները մինչեւ հիմա չեն հայտնաբերել «մեղավորներին»: Համաձայնեք, ինչպես Հայաստանում, այնպես էլ ու մանավանդ Ադրբեջանում նման գործողությունների հեղինակներին գտնելը բավական դյուրին գործ է, եթե իշխանությունները լրջորեն տրամադրված են: Հետեւաբար ստացվում է, որ ո՛չ այնտեղ, ոչ մեզանում նման տրամադրվածություն չկա, կամ կա, պարզապես գործողության հեղինակները նախ եւ առաջ նույնն են, եւ հետո` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունների համար անհասանելի մի տիրույթում գտնվող, ասենք, Արեւմուտքում, էլ ավելի կոնկրետ` բազմազանության եւ հանդուրժողականության կոչ անող Եվրոմիությունում, որտեղից ինչպես Երեւանը, այնպես էլ Բաքուն պարբերաբար ստանում են կոչեր` միմյանց հանդուրժելու վերաբերյալ:
Այժմՙ մեկ այլ, արդեն զուտ «երեւանյան» բանի մասին: Մեր երկրում ձեւավորված բնապահպան ակտիվիստների խումբը վերջին ժամանակներում բավական արդյունավետ աշխատեց: Օրինակ, խումբը հասավ այդքան չարչրկված Թեղուտի խնդրի որոշակի լուծմանը, Վիշապների այգում որոշակի հաղթանակ տոնեց, Քաջարանի խնդրում գոնե այժմ որեւէ` ակտիվիստների պայքարի դեմ գործողություն չի կատարվում, եւ վերջապես մայրաքաղաքի Մաշտոցի այգում կրպակները կապամոնտաժվեն: Բնականաբար, երիտասարդ ակտիվիստների այս «հաջողությունները» չէին կարող չնկատվել: Օրինակ, նախքան ընտրությունները Աշոտ Մանուչարյանը հորդորեց ընդդիմադիր կուսակցություններին իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել այս ակտիվիստներին, քանի որ, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի «շատ բան տեսած» ներկայացուցիչն ասաց. «Երկրում նկատվում է երիտասարդական ապստամբություն»: Այս երիտասարդների գործունեությունը պետք է նկատվեր նաեւ նույն Արեւմուտքում, հետեւաբար վերջինս պետք է գիտակցեր, որ, փաստորեն, Հայաստանում երիտասարդական որոշ խմբեր կարողանում են թեկուզ պահի, բայց հաջողություն ունենալ: Ու հենց այս համապատկերում, Երեւանում մեծ աղմուկ հանեց ոմն Ծոմակի ղեկավարած ակումբում պայթյունը, ու ինքըՙ Ծոմակը:
Սակայն, նախքան Ծոմակը, հերթական անգամ «հրապարակ նետվեց» Գեորգի Վանյանը, որը, սակայն, կամ չարդարացրեց արեւմտյան որոշ կենտրոնների ինչ-ինչ հաշվարկները, կամ պարզապես «հրապարակ նետված էր»` իրավիճակը ավելի լավ հասկանալու կամ էլ ավելի սրելու համար: Չստացվեց, Վանյանին Գյումրիից ու Վանաձորից, ինչպես գիտենք, վտարեցին, ինչը ամեն ինչից զատ ցույց տվեց, որ մեր հասարակությունը բառիս ամենալայն իմաստով դեռ բազմազանությանը պատրաստ չէ: Սակայն այս մեծ խաղում մեզ հետ խաղացողը ամենեւին էլ չի պարտվում, քանի որ այս խաղն ըստ էության հաղթող-պարտվողով չէ, այն հարատեւ է, եթե կուզեք` մշտական: Հետեւաբար, հայտնվեցին Ծոմակը, նրա պայթած ակումբը, ու հիմա էլ ահա` բազմազանության երթը:
Նախքան վերջինին անդրադառնալը նկատենք, որ Ծոմակի ակումբը բնակելի շենքի նկուղում էր, հետեւաբար պայթյունն այնտեղ կարող էր խլել տասնյակ մարդկանց կյանք: Սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից պայթյունի հեղինակները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Սակայն, դժվար է ասել, «բազմազանությունը» երթի կելնե՞ր Երեւանում, եթե Ծոմակի ակումբը չպայթեցվեր, հետեւաբար դժվար է ասել, ո՞ւմ է ավելի շահեկան ակումբի պայթյունը. պայթեցնողների՞ն, որոնք որոնման մեջ են, թե՞ «ծոմակենց», որոնց բավական արագորեն հայտնի դարձան, անգամ Պետրոս Ղազարյանի հյուրը: Ինչեւէ, կոնկրետ երթից խոսենք: Նախ նշենք, որ «բազմազանության» երթ կոչվածն ամենեւին էլ համասեռականների երթ չի եղել: Ինչպես հայտարարել էին կազմակերպիչներըՙ մեր հասարակությունում կրոնական, ազգային եւ այլն, նաեւ` սեռական ինքնատիպություն ունեցողների երթ է եղել: Կրոնական, այսինքն, օրինակ, Եհովայի վկաների, ազգային, այսինքն` եզդիների-քրդերի-հույների-ասորիների, եւ սեռական` այսինքնՙ համասեռականների: Հիմա, որքանո՞վ է հավանական, որ Հայաստանում քրդական համայնքը կամ ասորականը, կամ հունականը համատեղ երթի դուրս գան համասեռականների, կամ` Եհովայի վկաների հետ: Այսինքն, ինչո՞ւ այս ազգային կազմակերպությունները հրապարակային չեն հայտարարում, որ իրենք երեւանյան «բազմազանության երթին» չեն մասնակցել: Բացի սրանից, կոնկրետ համասեռականներն ու Եհովայի վկաները պնդում են, որ իրենց Հայաստանում «հալածում են», որ իրենք «ճնշված են», ու, ամենակարեւորը, որ իրենք ամենեւին էլ չեն պրոպագանդում իրենց ապրելակերպն ու դավանանքը, այլ միայն պահանջում են բոլորի հետ հավասար իրավունքներ: Շատ լավ, սակայն այդ պարագայում ի՞նչ նպատակ ունի երթը, այն էլ` համատեղ: Չէ՞ որ երթը նախ եւ առաջ հզոր պրոպագանդա է:
Իսկ իրավիճակն իրոք վտանգավոր է, ոչ թե այն պատճառով, որ «հայրենասերները» հարձակվել են «բազմազանների» վրա, ոչ էլ անգամ նրանց փոխադարձ վիրավորական, հայհոյանքային բառապաշարի պատճառով, այլ բոլորովին այլ. նախ «նաեւ ազգային բազմազանություն» երթի անվան տակ այսքան ընդդիմախոս հավաքելով, այս երթի կազմակերպիչները հավակնում են լարվածություն մտցնել հայ ժողովրդի ու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների միջեւ, ինչը անթույլատրելի է: Բացի սրանից, ու թերեւս ամենակարեւորը, մեր երկրում ձեւավորվում են հատկապես երիտասարդության երկու բավական ազդեցիկ ու լուրջ ռեսուրսներ ունեցող խմբեր, մեկն ուզում է, որ բազմազանություն լինի, սակայն պարադոքսաբար չի ուզում, որ իր կարծիքին հակառակ կարծիք լինի, մյուսն իրեն անվանում է «հայրենասեր», մոռանալով, որ հայրենասիրությունն ամենեւին էլ ծայրահեղություն չէ: Վերոհիշյալ Աշոտ Մանուչարյանը մի առիթով ասաց. «Հայաստանում կա երկու հոսանք, մեկը նրանք են, որ պարբերաբար խոսում են մարդու իրավունքներից, ազատ ու արդար ընտրություններից, նրանք հիմնականում արտասահմանյան բուհերի շրջանավարտներ են, այս խմբին ես անվանում եմ` «հարվարդյան տղաներ»: Եվ երկրորդ խումբը, որին ես անվանում եմ «հայկական նախագիծ»»: Թե ո՞ւր կտանի ու ինչի՞ կհանգեցնի այս պայքարը, դժվար է ասել, բայց որ դա վտանգավոր է ու էլ ավելի վտանգավոր է դառնում աստիճանաբար, փաստ է: Իսկ կարեւորը, ամենակարեւորը գիտակցումն է երկուստեք, որ իրականում սա պայքար չէ, քանի որ պատվիրված է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ