«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ՇՈՒՇԻՆ ԸՆԴՄԻՇՏ ԱԶԱՏ, ԿԱՆԱՉ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

Շուշիի ազատագրման 20-րդ պանծալի տարեդարձի առթիվ Լոնդոնից Օդեթ Բազիլը, վերհիշելով անցյալը, գրում է.

1992 թ. փետրվարի 3-ին լորդ Շանոնի (նախագահ), սըր Էնթոնի Մաքի (Թետչերի վարչապետության ժամանակ ռազմածովային ուժերի կրտսեր նախարար) եւ Իլինգի լորդ Մոլոյի (Լեյբորիստական կուսակցությունից պեր) հետ մենք հիմնեցինք եւ գրանցեցինք Բրիտանա-հայկական համակուսակցական առաջին խորհրդարանական խմբավորումը բրիտանական խորհրդարանում: Լոնդոնում Հայաստանի դեսպանատան բացումից անմիջապես հետո աշխարհում Հայաստանի առաջին դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանը դարձավ այդ խմբավորման հովանավորը եւ մինչեւ օրս մնում է որպես նրա ընտրյալ նախագահը:

Մինչ այդ Քուինզբերիի բարոնուհի Քոքսը վերադարձել էր Անդրեյ Սախարովի եւ այլոց հետո Ղարաբաղ կատարած իր առաքելությունից, որն ուժգնորեն դատապարտում էր ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի, եւ նրան հրավիրեցինք միանալու մեր խմբավորմանը: Անցած ինը տարիների ընթացքում նա գլխավորում է այդ խմբակցությունը:

Հիշում եմ, թե ինչպես մարդիկ, այդ թվում նաեւ հայեր, ներկա լինելով բարոնուհի Քոքսի բանախոսություններին, առաջին անգամ լսում էին Ղարաբաղի եւ այնտեղ տիրող սարսափելի իրավիճակի մասին:

Չնայած խմբակցությունը ստեղծված էր երկու երկրների խորհրդարանականների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու նպատակով, սակայն մեր առաջնահերթ խնդիրը դարձավ իրազեկելու պարտականությունը, քանի որ բրիտանական խորհրդարանականների մեծամասնությունը տեղյակ չէր, որ Հայաստան անունով մի երկիր դեռեւս գոյություն ունի: Համարյա ամեն օր նամակներ, շրջաբերականներ եւ գրքույկներ էինք ուղարկում նրանց, եւ 1995-ին արդեն որոշեցինք խորհրդարանականների մի պատվիրակություն տանել Հայաստան եւ Ղարաբաղ:

Պատվիրակության կազմում ընդգրկվեցին բարոնուհի Սիրը (Լորդերի պալատի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ), սըր Թրեւոր Սքիթը (Պահպանողական կուսակցություն), Մաքս Մադդենը (Լեյբորիստական կուսակցություն), Ջոն Քոլմանը («Նյու Յուրոպիըն» եռամսյա պարբերականի խմբագիր), լորդ Շանոնը եւ ես, որպես կազմակերպիչ: (նկար 1)

Մենք մի շարք նկարներ վերցրեցինք, որոնցից մեկում պատկերված չպայթեցրած ռումբերը կարեւոր են, որովհետեւ ՆԱՏՕ-ի համարներն են կրում: Դրանք ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային էին տրված (քանի որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէր), եւ Թուրքիան դրանք փոխանցել էր իր «զարմիկին», որպեսզի սպանի Ղարաբաղի հայ բնակչությանը: Բարոնուհի Սիրը անհողդողդ մնաց, ասելով, որ մենք դրանցից մի քանիսը պետք է Լոնդոն տանենք եւ խնդրենք կառավարությանըՙ դատապարտել Թուրքիայի նման արարքը: Պատվիրակության մյուս անդամներին դժվար եղավ համոզել, որ ռումբերի տեղափոխությունը վտանգավոր էր: Ի վերջո, բարոնուհին տեղի տվեց, բայց պնդեց, որ առնվազն դրանց նկարները մեզ հետ տանենք, ինչը մենք կատարեցինք:

Մեկ այլ նկարում Ղարաբաղի բանակի կողմից ազերիներից գերված տանկի պատկերն էր (Ղարաբաղի տղաները նորոգում էին դրանք եւ օգտագործում թշնամու դեմ), որի վրա, բացի ազերիների դրոշից, երեւում է նաեւ «գորշ գայլի», այսինքնՙ թուրքական բանակի տարբերանշանի նկարը: Դա մեզ օգնեց ապացուցելու, որ Թուրքիան զինում էր Ադրբեջանին: Բարոնուհի Սիրը Լորդերի պալատում երկար խոսեց վերոնշյալ նկարների մասին:

Իսկ վերջին նկարում պատվիրակության անդամները լեռան գագաթում են, որտեղ Շուշիի եկեղեցին էՙ զինամթերանոցի վերածված: Այդտեղից էին ազերիները ռմբակոծում Ստեփանակերտը: Պատվիրակության անդամներին բացատրվեց, թե ինչպես Ղարաբաղի հատուկ ջոկատները անաղմուկ բարձրացել էին 285 մետր բարձրության այդ լեռան գագաթ գիշերվա մթության մեջ եւ անակնկալի բերելով ազատագրել Շուշին ու նրա գեղեցիկ եկեղեցին: Մենք աղոթեցինք այդ եկեղեցում բոլոր նրանց հոգու խաղաղության համար, ովքեր զոհվել էին: Այդ երեկո ընթրիքի ժամանակ բարոնուհի Սիրը կենաց առաջարկեցՙ ասելով. «Շուշին ընդմիշտ թող մնա ազատ, կանաչ եւ գեղեցիկ»:

Լոնդոն վերադարձի հաջորդ օրը նրան հրավիրեցին իր նախկին դպրոցըՙ Քրոյդոն հայ սքուլ, որտեղ աղջիկները կարմիր վարդեր էին դրել այն նստարանին, որի վրա որպես աշակերտ նստել էր ժամանակին բարոնուհին: Այնտեղ, հարցերին պատասխանելով, նա աշակերտուհիներին պատմել էր Հայաստանում եւ Ղարաբաղում տեսած մթության, աղքատության եւ բոլոր տեսակի հարմարությունների պակասի, բայց նաեւ մասնավորապես հայրենիքի սիրո, խիզախության եւ հաղթանակի հավատի մասին: Աշակերտուհիները, մեծապես հուզված ու տպավորված նրա ելույթից, անմիջապես դրամահավաք էին կազմակերպել Շուշիի երեխաների համար: Տվել էին ով ինչքան ուներ այդ րոպեին:

Դժբախտաբար բարոնուհի Սիրը մեզ հետ չէ այլեւս: Նա վախճանվեց: Մաքս Մադդենը հրաժարական տվեց, իսկ սըր Թրեւոր Սքիթը չվերընտրվեց վարչապետ Բլերի ժամանակ իրագործված զտման քաղաքականության հետեւանքով: Մոտ 900 լորդեր, պերեր եւ պերուհիներ դուրս մնացին խորհրդարանի վերին պալատից, նրանց թվում նաեւ լորդ Շանոնը:

Բայց ականատես լինելով Հայաստանում, Ղարաբաղում եւ ամբողջ Սփյուռքում Շուշիի ազատագրման կապակցությամբ տեղի ունեցող խանդավառ իրադարձություններին եւ տոնակատարություններին, ես ցանկացա վերհիշել Ստեփանակերտում բարոնուհի Սիրի կենացի խոսքերը. «Շուշին ընդմիշտ թող մնա ազատ, կանաչ եւ գեղեցիկ»:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4