Շուրջ մեկ դար է անցել այն ժամանակից, երբ Ամերիկյան կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնը ստանձնեց հայ բնակչությանը օգնելու առաքելությունը: Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում միջոցառումը նվիրված էր մեծ մարդասեր Բարտոնին, որը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան կարմիր խաչ կազմակերպությունը: Իսկ 74 տարեկան հասակում նա ժամանել է Կոստանդնուպոլիս` կազմակերպելու 1895-96 թվականների համիդյան կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելու աշխատանքները: Նրա ջանքերի շնորհիվ ջարդերից փրկված հայերին ապահովում են կացարանով, սննդով, դեղորայքով ու հագուստով: Բայց հետագայում օսմանյան կառավարության հարուցած խոչընդոտների պատճառով տիկին Բարտոնը ստիպված վերադառնում է ԱՄՆ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երեկ շնորհանդեսն էր «Ամերիկյան կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիա» հայերեն ու անգլերեն գրքերի, հեղինակը Կլարա Բարտոնն է: Գիրքն ավելի շատ զեկույց է ներկայացնում, եւ դրա հայերեն թարգմանությանն ու հրատարակմանն աջակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Ըստ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` սույն հատորը հումանիտար պատմության մեջ լրջագույն վավերագրերից է:
Կլարա Բարտոնն իր ներդրումն ունի հայ եւ ամերիկացի ժողովուրդների փոխադարձ կապերի ձեւավորման մեջ: Եվ ինչպես նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Կլարա Բարտոնն առաջնորդ էր, կին առաջնորդ 19-րդ դարավերջին, երբ ԱՄՆ-ում կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին:
Իսկ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերություններին` նշելով, որ դրանք նոր ոլորտներ են ընդգրկում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երեկ նաեւ բացվեց Կլարա Բարտոնին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացվել էին նրան նվիրված ծրարները, հուշամեդալները, գրքերը, նաեւ նրա հեղինակած գրքերը եւ ամերիկյան մամուլի բնօրինակ նմուշները, որոնք անդրադարձել էին տիկին Բարտոնին:
Վերջինս ինքն էլ գրքերի հեղինակ է. «Կարմիր խաչի պատմությունը», «Կարմիր խաչը խաղաղության ու պատերազմի մեջ», «Իմ մանկության պատմությունը» հատորները նրա գրչին են պատկանում:
Կլարա Բարտոնը (1821-1912) ծնվել է Միացյալ Նահանգներում, դեռեւս 17 տարեկանից դասավանդել է դպրոցում, ապա հիմնել Նյու Ջերսի նահանգի առաջին հանրային դպրոցը Բորդենթաուն քաղաքում:
Պատմաբան Քեւին Փաթին, որը ներկայացնում է Կլարա Բարտոնի տուն-թանգարանը, անդրադարձավ դպրոցի հիմնադրման պատմությանը. առաջին օրը շինության առջեւ ընդամենը 6 երեխաներ էին կանգնած, սակայն նրանց թիվը շաբաթ առ շաբաթ ավելանում էր, իսկ 2-րդ տարվա մեջ աշակերտների թիվը հարյուրների էր հասնում, ինչը նշանակում էր` դպրոցի գործունեությունը հաջողվել էր:
Քեւին Փաթին նշում է` Կլարա Բարտոնն առաջին կանանցից էր, որը սկսեց աշխատել պետական դաշնային ծաառայությունում: Իսկ Շվեյցարիայում, երբ առաջին անգամ իմացավ Կարմիր խաչի մասին, որոշեց` պետք է լինի նաեւ Ամերիկյան կարմիր խաչ:
Իսկ 1896-ին` իր գործունեության մեջ առաջին անգամ Ամերիկյան կարմիր խաչը սկսեց գործել ԱՄՆ-ից դուրս` ցուցաբերելով օգնություն Հայաստանում ու Թուրքիայում:
Երեկվա միջոցառումը միայն շնորհանդեսով ու ցուցադրության բացումով չավարտվեց. այնուհետեւ Ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ ամփոփվեց Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողը, տեղադրվեց հուշատախտակ:
Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ