Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտից Նորա Ոսպիկյանը խմբագրության ուշադրությանն է ներկայացրել թուրքական «Ռադիկալ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում լույս տեսած Պինար Օգյունջի հոդվածը: Օգյունջը ընկերակցել է «Կոմիտաս» ինտիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանին , որը ձեռնարկել է ուղեւորություն դեպի Այաշ (Անկարայի ծայրամասային քաղաք), անցնելով Կոստանդնուպոլսում ձերբակալված 85 հայ քաղբանտարկյալների ճանապարհը: Նրանց ուղեկցել է նաեւ ֆիլմարտադրիչ Գագիկ Կարագյոզյանը, որը երկար տարիներ համագործակցել է Արա Սարաֆյանի հետ:
Քաղբանտարկյալներին տեղափոխող Հայդար փաշայից բացի ապրիլի 24-ին մեկնած գնացքում են եղել Սմբատ Բյուրատը, Սիամանթոն, Լեւոն Լարենցը (որը Ղուրանն է հայերենի թարգմանել), Գրիգոր Թորոսյանը, Գեւորգ Մեսրոպը, Հայկ Թիրիաքյանը, Արթին Ասատրյանը եւ ուրիշներՙ գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ: Նրանցից 70-ը սպանվել են հաջորդող մի քանի ամիսների ընթացքում: Փրկվածները, որոնց թվում են եղել դոկտ. Ավետիս Նագգաշյանը եւ Բյուզանդ Պոզաջյանը, գրի են առել իրենց հիշողությունները «Թեոդիկի տարեցույցում»: Ըստ այդ հիշողություններիՙ գնացքը կանգ է առել Սինջանքոյ ավանում, որտեղ Այաշի բանտարկյալներին առանձնացրել են Չանկիրի բանտարկյալներից: Այաշի բանտը մոտ 50 մետր հեռու է եղել կառավարության շենքից: Մոտակայքում եղել է նաեւ պատմական բաղնիքը: Այաշը սուրբ գերեզմանների դրախտավայր է անվանվել: Ըստ Սարաֆյանի, գնացքով տեղափոխվող բանտարկյալների ընդհանուր թիվը եղել է 220, իսկ ըստ Թուրքիայի պետական արխիվի ընդհանուր տնօրեն Յուսուֆ Սարընայիՙ 235:
Լրագրող Պինար Օգյունջը գրում է. «Մենք հիմա ավելի շատ բան գիտենք, քան առաջ այդ տեղահանվածների մասին, շնորհիվ 2008-ին հրատարակված Յուսուֆ Սարընայի հոդվածի: Դժբախտաբար քչերն են կարդում նման փաստագրական հոդվածներ: Ինձ էլ են շատ քննադատում այդ մասին գրելու համար: Բայց դա իմ աշխատանքի մի մասն է: Եթե ինչ-որ մի թեզ ենք պաշտպանում, պատրաստ պետք է լինենք լսելու կամ կարդալու նաեւ մյուս կողմի փաստարկները: Ես ինքս օգտագործում եմ «ցեղասպանություն» եզրը, որովհետեւ ճիշտ է բնութագրում 1915-ին պատահած դեպքերը: Խնդիր չեմ տեսնում հարցը քննարկելու նրանց հետ, ովքեր այլ կերպ են անվանում եղելությունը, եթե, անշուշտ, նրանք լուրջ են իրենց մտադրություններում: Այլապես գտնում եմ, որ ներկա խաղը այդ բառի շուրջը պարզապես ժամանակի վատնում է: Մինչ այժմ քիչ բան ենք իմացել եւ կուրորեն անձնատուր ենք եղել այդ քաղաքական խաղերին: Ինչ-որ արժեքավոր բան մեզանից խլել են: Մենք մոռացել ենք զգալ ուրիշների ցավը: Անընդհատ փորձում ենք նվազեցնել սպանված հայերի թիվը, բայց մոռանում ենք ցավի եւ ամոթանքի մասին»:
Հոդվածի վերջում նա մի փոքր հատված է բերում դոկտ. Ավետիս Նագգաշյանի հիշողություններից:
Հ. Ծ.