«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ, ԵՐԲ ՍՏԱՆԱՆՔ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԸ

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը , ընդգծելով կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի` հունիսի մեկից աստիճանական, կամավոր սկզբունքներով ներմուծման առավելությունները, նշեց նաեւ. «Որոշ ժամանակ անց այս փաստաթղթերի ստացումը կարող է դառնալ պարտադիր, քանի որ որոշ ԵՄ երկրներ կարող են օրենսդրորեն արգելել այլ երկրների այն քաղաքացիների մուտքն իրենց երկրներ, ովքեր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չունեն»: Գնդապետ Քոչարյանն ընդգծել էր նաեւ, որ 3000 դրամ արժեցող նույնականացման քարտերը կօգնեն քաղաքացիներին` «ավելի դյուրին կատարել պետական գործարքներ` առանց պաշտոնյաների հետ ֆիզիկական շփման», իսկ կենսաչափական անձնագրերը, որոնց համար սահմանվելու է 25 հազար դրամ պետական տուրք, «կհեշտացնեն մեր քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ»:

Երեկ, սակայն, նույն այս թեմայով լրագրողների հետ հանդիպեցին հասարակական գործիչներ Խաչիկ Ստամբոլցյանն ու պատմաբան Գեւորգ Յազըճյանը : Ստամբոլցյանը նախ իր գոհունակությունը հայտնեց, որ կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին օրենքում իրենց հորդորով ու պայքարով մտցվել է «կամավոր սկզբունքներով» ձեւակերպումը: Այսինքն, նախկինում օրինագիծը սահմանելիս է եղել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի պարտադիր անցում: Հիմա էլ, Ստամբոլցյանի խոսքերով, «նախաձեռնության հեղինակներին» դուր չի եկել այդ դրույթը: «Նրանք ասում են, որ, չնայած այս անձնագրերի ստացումը կամավոր հիմունքներով է, սակայն երբ ձեռք բերեք այս անձնագրերը, հեշտությամբ կարող եք մեկնել Եվրոպա: Այդ պարագայում ինչո՞ւ նույն Եվրոպայում Գերմանիան, Անգլիան, Իռլանդիան կտրականապես մերժում են այս փաստաթղթերը` համարելով ոտնձգություն մարդու իրավունքների դեմ: Նույնը` Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, իսլամական աշխարհը, այսինքն` աշխարհի բնակչության մեծամասնությունն այսօր մերժում է այդ փաստաթղթերը», ասաց Ստամբոլցյանը:

Յազըճյանն էլ հավելեց, թե այս անձնագրերից պետք է հրաժարվել, ու խնդիրը դրանց համար գանձնվող պետական տուրքի չափը չէ, քանի որ` «մի մեծահարուստ կարող է հայտնվել ու տրամադրել պահանջվող ամբողջ գումարը ՀՀ քաղաքացիների անունից», այլ այն, որ այս նախաձեռնություններով «չարը ցանկանում է հաղթանակ տանել»: Լիբանանահայ պատմաբանը հիշեց, որ Լիբանանում էլ ցանկանում էին ներմուծել «սոցիալական քարտի նման մի բան», սակայն այդ երկրի ե՛ւ իսլամական, ե՛ւ քրիստոնյա հոգեւորական վերնախավը բոյկոտեց այդ նորամուծությունը` նախ եւ առաջ հոգեւոր անվտանգությունից ելնելով:

Ինչեւէ, հասարակական գործիչների համոզմամբ, անձնագրային այս «չիպավորումից» հետո հաջորդ քայլը լինելու է, «որ մեր մարմիններում չիպեր դնեն, ինչը հնարավորություն կտա վերահսկելու քաղաքացու շարժը 20 սմ ճշգրտությամբ», ասաց Ստամբոլցյանը` ընդգծելով, որ այս նորամուծությունների հեղինակները արեւմտյան որոշ կազմակերպություններ են, օրինակ, «Սորոսը», որը, ըստ Ստամբոլցյանի` «լրտեսական կազմակերպություններ ունի նաեւ մեզանում»: Ըստ բանախոսների` նպատակն այս ամենի «գլոբալ տոտալիտար վերահսկողության սահմանումն է», Ստամբոլցյանն անգամ ավելի հեռուն գնաց` ասելով, որ «նպատակ է դրված երկրագնդի բնակչությունը հասցնել 1 մլրդի, ու դա կոչվելու է «ոսկե միլիարդ», հասարակությունն էլ` վերահսկելի»: Ի դեպ, ըստ Ստամբոլցյանի, Հայաստանում ՀԱԿ-ի էմբլեման, «եթե ուշադիր նայեք, գրեթե նույնն է «Սորոսի» էմբլեմայի հետ»:

Հ. ԱՖՅԱՆ

Հ. Գ. - Հիշեցնենք, որ կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ արդեն հունիսի 1-ից: Սկզբնական շրջանում, սակայն այդ փաստաթղթերի համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման սարքավորումներ տեղադրված են լինելու միայն մայրաքաղաքի բոլոր, Գյումրու ու Վանաձորի անձնագրային ու վիզաների բաժանմունքներում: Մնացյալ բաժանմունքները գործընթացը կսկսեն աստիճանաբար: Հավելենք նաեւ, որ հին անձնագրերը կենսաչափականով փոխարինելու պարագայում քաղաքացին հին անձնագիրը չի հանձնում, որը շարունակում է վավերական մնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է նույնականացման քարտի էլեկտրոնային կրիչին («չիպ»-ին), ապա, ըստ ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի, այդ կրիչում հավաքագրված են լինելու միայն քաղաքացու` պետության հետ ունեցած գործարքները, նրա անձնագրային պատմությունը, եւ ժամանակի ընթացքում փոխարինելու է սոցիալական քարտերին:

Ընդգծենք նաեւ, որ Ստամբոլցյանն ու Յազըճյանը այս նորամուծությունները անվանում են «չարի գործընթաց», Ստամբոլցյանն անգամ մեջբերումներ արեց Աստվածաշնչից, մասնավորապես` «...բոլոր մարդիկ կդրոշմվեն, ու նրանք, ովքեր դրոշմված չեն լինի, կզրկվեն գնելու ու վաճառելու իրավունքից...»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4