Մայիսի 24-ի «Բեռլիներ մորգենփոստը» հաղորդում է, թե հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2480 եվրո տուգանք պիտի վճարիՙ 2011-ին Բեռլինում իր վարած ավտոմեքենաներով 2 անգամ թույլատրելի արագությունը գերազանցելու համար:
Առաջին դեպքն արձանագրվել է 2011-ի մայիսի 18-ին, երբ Աբրահամի վարած BMW ժամում նախատեսված 50-ի փոխարեն 88 կմ արագությամբ է սլացել, ինչը նախատեսում է 480 եվրո տուգանք, վարելու իրավունքից 2 ամսով զրկում, իսկ երկրորդը 2011-ի սեպտեմբերին. այս անգամ նրա վարած «Ֆերրարին» ավտոմայրուղով սուրացել է 231 կմ ժամ արագությամբ, ինչը նախատեսում է 2000 եվրո տուգանք, վարելու իրավունքից 3 ամսով զրկում:
Աբրահամը բողոք է հայտնել: Խնդիրն իրավասու է լուծել ճանապարհատրանսպորտային հարցերով մասնագիտացված դատարանը, որի նիստին սակայն Աբրահամը չորեքշաբթիՙ մայիսի 23-ին չի ներկայացել: Բռնցքամարտիկի դատապաշտպանն էլ իրազեկել է, թե ինքն էլ անտեղյակ է, թե ինչու իր պաշտպանյալը չի ներկայացել: Փաստաբանը հաստատել է նաեւ, թե առաջին անգամ չէ, որ Աբրահամն իր «Ֆերրարիով» թույլատրելի արագությունը գերազանցելու պատճառով հայտնվում է գերմանացի իրավապահների ուշադրության կենտրոնում:
ԱՆ. Հ., Գերմանիա