Շվեդ Լինդբլադի օրինակը եզակի չէ
Լոբբիստական գործունեությունը օրինական դաշտում կատարվող քայլերի ամբողջություն է, որի դիմաց լոբբիստ ներկայացողները կարգին վճարվում են` առաջ տանելու այս կամ այն հարցը: Բայց երբ այդօրինակ գործունեությունը չի ներկայացվում որպես այդպիսին, այլ մատուցվում է տարբեր սոուսներով, արդեն լոբբիստական գործունեությամբ զբաղվողին ամենայն հանգստությամբ կարելի է առնվազն կոռուպցիայի մեջ մեղադրել:
Այդպիսի օրինակներ բավականին կարելի է բերել թեկուզ մի այնպիսի կառույցից, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է` իր խորհրդարանական վեհաժողովով, որտեղ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ինչ-որ վեհաժողովական, մարդու իրավունքներն ու բարձրահունչ այլ արժեքները մոռացած` ընկնում է Հայաստանի հետեւից, փորձում սեւացնել երկիրն էլ, այդ երկրի բնակիչներին էլ, իհարկե, ի լրումն թուրքամետ կամ ադրբեջանամետ ինչ-որ դիրքորոշման հիմնավորման:
Ոչ վաղ անցյալում, երկու տարի առաջ, Հայաստանի հարցով ԵԽԽՎ-ում հակազեկուցողի դերում հայտնվել էր շվեդ վեհաժողովական Գորան Լինդբլադը , որ այդ «պաշտոնում» հակահայկական շատ բան ասելու ու անելու հնարավորությունից երկար չօգտվեց, քանի որ մի քանի ամիս այդ դերում լինելուց հետո ուղղակի չվերընտրվեց Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում ու չհայտնվեց ԵԽԽՎ-ում:
Սակայն կարճաժամկետ համազեկուցողական գործունեության ընթացքում Լինդբլադը հասցրեց մի քանի «ախմախ» հայտարարություններ անել, որ ակնհայտորեն մատնացույց էին այն հանգամանքին, որ առնվազն ստրասբուրգյան նստաշրջաններից հետո շվեդ պատգամավորը ինչ-որ ադրբեջանական ծանրոցներ հետը տանում էր տուն: Լինդբլադն, օրինակ, իր հակահայկական գործունեության ընթացքում հասցրեց հայտարարել, թե «մարտի 1-ի գործով ձերբակալվածներին համարում եմ քաղբանտարկյալ, քանի դեռ ինձ հակառակը չեն ապացուցել»: Կամ թե լինդբլադյան հայտարարությամբ` իրենից հետո համազեկուցողը «պակաս անկախ է» լինելու, ինչը որեւէ տրամաբանությամբ ուղղակի անհեթեթություն է;
Շվեդ ադրբեջանամետ ու թուրքամետ պատգամավորը, որ որպես համազեկուցող փոխարինել էր Ժորժ Կոլոմբիեին, պատգամավորական գործունեությունը ոչ ինքնակամ ավարտելով` ակնհայտորեն սկսել էր ծառայել ադրբեջանական շահերին, ինչի առնչությամբ էլ ներկայումս քննադատության թիրախ է դարձել: Մասնավորապես, Շվեդիայի հայկական ընկերակցությունների միության տեղեկացմամբ, «Expressen» շվեդական պարբերականը փաստել է, որ Լինդբլադն աշխատում է Ադրբեջանի կառավարության համար, նրա իսկ խոսքերով, «լոբբիստական գործունեություն իրականացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հարցի առնչությամբ»:
Ըստ հրապարակման, Լինդբլադը, կորցնելով իր տեղը շվեդական խորհրդարանում դեռեւս 2010-ի հոկտեմբերին, հայտնվել է «Ադրբեջանական եվրոպական հասարակություն» կազմակերպությունում (եթե, իհարկե, մինչ այդ էլ այդ կազմակերպության հետ սերտ շփումներ ու համագործակցություն չի ունեցել - Ա.Հ.):
Ու չնայած այդ կազմակերպությունն իրեն ներկայացնում է որպես Ադրբեջանի շահերի պաշտպան, իրականում սերտ կապերի մեջ է Ադրբեջանի ղեկավարության հետ թեկուզ այն ակնհայտ ապացույցով, որ կառույցը գլխավորում է Ադրբեջանի կլանային շրջանակները ներկայացնող արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի որդին: Ասել է թե Լինդբլադը, գուցեեւ անուղղակի, կատարում է Ադրբեջանի իշխանությունների առաջադրանքները, ինչն, ըստ էության, ԵԽԽՎ-ում գործունեությունից առանձնակի չի տարբերվում` հաշվի առնելով հակահայկական լինդբլադյան նախաձեռնությունները այդ կառույցում:
Իսկ որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լինդբլադը եզակի օրինակ չէր սրա-նրա շահերը առաջ տանելով վարձատրվելու առումով` պետք է մտահոգի այդ կառույցում ներգրավվածներին, քանի որ լոբբիստները ԵԽԽՎ-ում գնալով ավելանում են` էժանացնելով ու վարկաբեկելով Եվրոպայի խորհուրդը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ