«Կարծում եմՙ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է», երեկ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած ՀՀ նախագահի 2011թ.-ի մրցանակների հանձնման արարողությանը հայտարարել է Սերժ Սարգսյանը :
«Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաեւ Ձեր այսօր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խոր հասկանալու նպատակ, այլեւ ուղղված է հարեւան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ», դիմելով թուրք հայտնի մտավորականին` ասել է Հայաստանի նախագահը: Հայաստանի նախագահի մրցանակների հովանավոր «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ժան Պողոսյանը եւս շեշտել է, թե ուրախ է, որ ՀՀ նախագահի այս տարվա մրցանակը` Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար, տրվում է Ռագըփ Զարաքոլուին , որը Հրանտ Դինքից հետո Թուրքիայի 2-րդ քաղաքացին է, որ Երեւանում արժանանում է այդ պարգեւին:
Սերժ Սարգսյանի հրամանագրով, 2011 թվականի մրցանակ է շնորհվել նաեւ Հարություն Մարությանին ` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար:
ՀՀ նախագահի 2011թ.-ի մրցանակներ են շնորհվել նաեւ բնական գիտությունների զարգացման բնագավառում Աշոտ Սաղյանին , տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին, արվեստի բնագավառում` Գարի Ռաշիդյանին, ֆիզիկայի բնագավառում` Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնյանին, Աննա Շահինյանին, գրականության բնագավառում` Հրաչյա Թամրազյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում`Հասմիկ Ստեփանյանին, երիտասարդական մրցանակներ են շնորհվել Արման Համբարձումյանին, Աշոտ Գեւորգյանին, Աստղիկ Ստեփանյանին :
Ա. Հ.