«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մեկնարկելու է բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատ ունեցող երեխաների վիրահատական ու անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա «NECO» միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կկատարեն «Նորք-Մարաշի» վիրաբույժները: Սա բարեգործական համատեղ ծրագիր է, որը վկայող հուշագրի ստորագրմանը երեկ ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից:
Համագործակցության հուշագիրը ստորագրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի եւ «NECO» (Ազգային էթնիկ կազմակերպությունների կոալիցիա) ընկերության միջեւ:
Տարոն Մարգարյանը նշել է. «Որպես Երեւանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել` միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական ու մարդասիրական նախաձեռնությունները, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության ներքո գտնվող «Նորք-Մարաշ» հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացված բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում»:
Երեւանի քաղաքապետը վստահություն է հայտնել, որ բուժկենտրոնում կան բոլոր հնարավորությունները որակյալ բուժում ապահովելու ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մանուկների համար»:
«NECO»-ի վարչության նախագահ Նասեր Կազեմինը նույնպես վստահություն է հայտնել, որ բուժկենտրոնը կապահովի բարձրակարգ բուժօգնություն տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար:
Ի. Պ.