«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2012-05-24 | #94, 2012-05-25 | #96, 2012-05-30


«ԵՍ ՀԱՆՃԱՐԻ ԱԽՏԱՆԻՇՈՎ ՉԵՄ ՏԱՌԱՊՈՒՄ»

Օրերս «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվեց Մարտին Ակողլյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Ակողլյանի աշխատանքները ցուցադրվել են Արցախում, Բերձոր քաղաքի պետական թանգարանում, Գորիսի եւ Նոյեմբերյանի թանգարաններում: Նրա գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում` Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Կանադայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլուր:

Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ երեք տասնյակ աշխատանքներ:

«Ազգի» հետ իր տպավորություններով կիսվեց նկարիչ Գեւորգ Մշեցին . «Այս բոլոր նկարների մեջ ամփոփված է իր կենսագրությունը, տրոփում է իր սիրտը, դրանցից մեր տաք լեռների, հողի, կարմիր արեւի շունչն է գալիս, նույնիսկ ամպերի տաքությունն ես զգում: Եվ ով Հայաստանում ապրել է, ոտաբոբիկ քայլել է, անկասկած այս նկարների մեջ իր մանկությունը կտեսնի: Հաջող ցուցահանդես է եւ այս նկարներում կա 60 տարվա շունչ, հոգի, վրձնահարված: Մեր ընկերն ունի իր յուրօրինակ ձեռագիրը, որը մոտ է իր մտածողությանը»:

Ցուցահնադեսին ներկա էին նաեւ Գերմանիայից հյուրեր, որոնցից մեկի` Ղայնո Փաթսոյի հետ զրուցեցինք, ով հիցած էր ցուցահանդեսով, եւ նշեց, որ նայելով նկարներին զգում է հայկական հողի ջերմությունը:

«Ազգը» զրուցեց նաեւ նկարչի` Մարտին Ակողլյանի հետ.

- Որո՞նք են Ձեր սպասելիքներն այս ցուցահանդեսից

- Սպասելիքներ չունեմ: Երբ աշխատում ես, մի նոր բան ես ստեղծում, նաեւ ցուցադրում ես: Ամեն դեպքում յուրաքանչյուր նկարիչ ինքն իր համար է ստեղծագործում: Թե պոեզիայում, թե երաժշտության մեջ, երբ ասելիք ես ունենում, ցանկանում ես այն ներկայացնել հանրությանը: Լինում են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արձագանքներ, որոնցից յուրաքանչյուր արվեստագետ պետք է հետեւություն անի, եւ ես հանճարի ախտանիշով չեմ տառապում:

- Ձեր ստեղծագործություններում շարունակ պահպանվում է թեմատիկան: Ո՞րն է Ձեր հիմնական ասելիքը:

- Մեր բնօրրանը` հայոց լեռնաշխարհը` Արեւմտյան Հայաստանը: Այսօր մենք շատ կարեւոր խնդիր ունենք, մենք մեր ձեռքից բաց ենք թողել այն, ինչ ունեինք: Գլոբալիզացիայի պայմաններում մի շարք երկրներ փորձում են ստեղծել պետություն, մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում` ազգից վեր ենք ածվում ժողովրդի:

- Հայ նկարչական դպրոցի ներկայացուցիչներից ո՞ւմ եք համարում Ձեզ ուսուցիչ:

- Սկսած Սարգիս Պիծակիցՙ Թորոս Ռոսլին, Հովնաթանյաններ, Սուրենյանց, Կոջոյան, Թերլեմեզյան, Քոչար, Սարյան, Մինաս: Նրանք հայ ազգի մեծագույն դեմքերն են, բայց համաշխարհային արվեստից կառանձնացնեմ Լեոնարդո դա Վինչիին:

- Աշխատանքների վաճառքի դեպքում չե՞ք ափսոսում դրանց բացակայության համար:

- Աստված տա, որ վաճառվեն, եւ յուրաքանչյուր նկարիչ ցանկություն ունի, որ իր նկարները վաճառվեն, քանի որ, օրինակ, ցուցահանդես բացելն արդեն իսկ ծախսերի հետ է կապված: Պիկասոն գեղեցիկ խոսք ունի. «Չհաջողված արվեստագետը վերջիվերջո դառնում է իր սեփական ստեղծագործությունների տերը», եւ բնականաբար աշխատում եմ հանկարծ այդ ճանապարհն չընկնել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 3-ը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4