«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ՀԱՆԴԻՍԱՎՈՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավորապես պատգամավորական վկայական ստացան 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները:

Պատգամավորի վկայական տալու առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց այն, ինչ ասում են նման դեպքերում` շնորհավորելով ԿԸՀ ի- անունից եւ մաղթելով աշխատել ի շահ երկրի զարգացման եւ հզորացման: Ասենք, որ վերը նշված հանդիսավորն այնքան էլ հանդիսավոր չէր, քանի որ ԿԸՀ փոքր սրահում մի երկու հարյուր մարդու միաժամանակյա գոյությունն այնպիսի շոգ էր առաջացրել, որ թանկարժեք կոստյում հագած մեր նորամանդատները թաշկինակը ձեռքերին էին դիմավորում այդ «սրտատրոփ» իրադարձությունը եւ տեսախցիկների առաջ երեւակվելու տանջանքը:

Առաջինը վկայական ստացան Ռուբեն Հայրապետյանը ու Սամվել Ֆարմանյանը: Վերջինս «Ազգին» ասաց. «Պատասխանատվության զգացումով եմ գնում Ազգային ժողով` շատ ակտիվ եմ աշխատելու», նշելով, որ ԱԺ-ն ի վերջո իր համար նոր չէ, ԱԺ նախագահի խորհրդական է եղել: Նա պատրաստվում էր որպես պատգամավոր իրացվել միջխորհրդարանական ձեւաչափերում եւ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում հատկապես:

Նոր մանդատավորներից ում հետ խոսում էինք` նախ նշում էր, որ ի շահ երկրի է աշխատելու, իր նպաստն է բերելու երկրի, ժողովրդի կյանքի բարելավման գործում եւ այլ հերթապահ խոսքեր:

Նույն տիպի խոսքերին Վրեժ Մարկոսյանն ավելացրեց, թե կգնա, կտեսնի, փորձառու պատգամավոր չէ դեռ, ընթացքը ցույց կտա: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կրկնեց վերջին օրերին իր անընդհատ ասածը` կառուցողական դաշտում են աշխատելու ԲՀԿ պատգամավորները: Գորիսից ամենաջահել ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը տեսախցիկների առաջ բոլորովին վատ չէր զգում` անգլերենի դասատու է եղել, ՀՀԿ եւ իր նախաձեռնության միախառնումով է դարձել պատգամավոր: Նորաթուխ ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը նախօրոք ոչինչ չէր կարող ասել. «Կաշխատենք, այն ժամանակ էլ հարցերին կպատասխանեմ», ասաց:

ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովը , որ երկրորդ անգամ է գալիս խորհրդարան, նշեց, թե իր համար այժմ ավելի պատասխանատվությունն է կարեւոր, քանի որ ինքն ավելի փորձառու է դարձել: Իսկ առաջին անգամ պատգամավոր դառնալիս առաջին դասարանցու նման հուզվել էր:

Պատգամավո՞ր, թե՞ արտգործնախարի մանդատն է գերադասելի, այս հարցին նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե ամեն մեկն իր արժեքն ունի: Օսկանյանը մի փոքր ուշ էր եկել մյուսներից, բայց նրան չհաջողվեց խուսափել լրագրողներից. «ԲՀԿ-ն խորհրդարանում այլընտրանք է լինելու, ճշտին` ճիշտ, սխալին` սխալ է ասելու», ասաց Վ. Օսկանյանը` նշելով, որ իրենք իրական փոփոխություն են բերելու հասարակության մեջ, խորհրդարանում էլ ընտրարշավի ժամանակ ներկայացված ծրագրերն են իրականացնելու: Լրագրողները փորձեցին պոկել «ընդդիմություն» բառը, բայց «այլընտրանք» բառից ավելին չլսեցին Օսկանյանից. այլընտրանք իշխանությանը, այլընտրանք մեծամասնությանը: Քանի որ հնարավոր չի եղել ընդհանուր լեզու գտնել իշխանության հետ, դա նշանակում է` ծրագրերի մեջ կան էական տարբերություններ: ՀՀԿ-ի հետ քննարկումները ոչ թե վերաբերել են պաշտոններին, ըստ Օսկանյանի, այլ բովանդակային են եղել: ԲՀԿ-ն պայքարել է իրական փոփոխությունների համար, բայց երբ հնարավոր չի եղել հասնել դրան, որոշում է կայացրել չմտնել կոալիցիա եւ այլընտրանք լինել իշխանություններին. «Այս իրավիճակից շահելու է երկիրը, շահելու են խորհրդարանի աշխատանքները, շահելու է հասարակությունը: Մենք այսօր շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանի, քան երբեւիցե եղել է», ասաց: Իսկ նախագահական ընտրությունների մասին դեռ վաղ է խոսելը, ըստ նրա, ու բացառվում է, որ ԲՀԿ-ն պորտֆելներ ունենա: Նույնն ասում էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր քանակը քիչ է, որակով պետք է տարբերությունը չեզոքացնենք», նշեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը : ՀՅԴ-ն ավելի ակտիվ է աշխատելու, մանավանդ խորհրդարան գնացող թիմը փորձառություն ունի: Ո՞ր ուժերի հետ համագործակցելու խնդիրը դեռ թողեց` այսօր խորհրդարանում կհայտարարեն` ո՞վ է ընդդդիմադիր դաշտում աշխատելու, բնականաբար կհամագործակցեն ընդդիմադիր դաշտի հետ: ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չլինելու վերաբերյալ էլ ասաց` խորհրդարանում հակակշռելիությունը կավելանա, քաղաքական բանավեճ կլինի:

Հին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը գործադիրո՞ւմ, թե՞ օրենսդիրում է աշխատանք նախընտրում, հետաքրքրվեցին լրագրողները. «Ես կուսակցականացված մարդ եմ, կուսակցական կարգապահությունը հարգում եւ սիրում եմ, միշտ էդպես է եղել, հիմա էլ էդպես կլինի. եթե ինձ իմ կուսակցությունը հարմար տեսնի գործադիրում, ես սիրով կաշխատեմ գործադիրում»: Եթե Հովիկ Աբրահամյանը նախագահ լինի, ցանկություն կունենա՞ տեղակալ լինելու, հետաքրքրվեց «Ազգը» . «Եթե առաջարկեն, կարծում եմ` այո, բայց կարծում եմ` ինձ այդ պատվին չեն արժանացնի», խոսքի մեջ հումոր դրեց Ս. Նիկոյանը:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը մինչեւ ժամը 17 անց 40 չեկան մանդատ ստանալու ու հավանաբար այսօրվա ԱԺ նիստին չեն մասնակցի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4