Մայիսի 30-ին Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեին Ավնի Կարսլիօղլուն այցելել է գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին:
Օպերատիվ աշխատաոճով աչքի ընկնող թերթի հայկական կայքը լուրը տարածել էՙ հղում անելով թուրքական sondakika կայքէջի հաղորդագրությանըՙ նշելով, թե թուրք դեսպանը հանդիպել է Քյոլնի պոլսահայ համայնքին:
Այդպիսի համայնք Քյոլնում բնականաբար չկա: Միգուցե Քյոլնում ապրող պոլսահայերի՞ն... Ի պատասխան մեր հեռախոսային հարցման արքեպիսկոպոս Բեկչյանն ասաց, թե թուրք դեսպանը միայն իրեն է այցելության եկելՙ «առաջնորդը ճանչնալու նպատակով»: Առաջին անգամ է, որ Թուրքիայի դեսպանը այցելում է գերմանահայոց առաջնորդին, այսպիսի նախաձեռնությունն արքեպիսկոպոսին չի՞ զարմացրելՙ մեր հարցին ի պատասխան արքեպիսկոպոսն ասաց, թե «չի զարմացրել, քանի որ ինքը պատրիարքության թեկնածու է»: Ինչ վերաբերում է վերոնշյալ «պոլսահայ համայնքի հետ հանդիպմանը», այդպիսի բան իհարկե չկա, հանդիպմանը ներկա են եղել վարչության մի քանի անդամներ, պարզաբանեց գերմանահայոց առաջնորդը, որը «բարի օր» մաղթելով նպատակահարմար չնկատեց պատասխանել մեր հետագա հարցումներին:
Թուրքական կայքը իրազեկել էր, թե թուրք դեսպանը հայկական կոնյակ է խմել եւ հյուրասիրության մասնակցել, շրջել եկեղեցում: «Ինձ համար կարեւոր չէՙ ինչ համայնք կլինի, ես հետաքրքրվում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիներով: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը փոխվել է: Անցյալում որոշ ցավեր են եղել, եւ բոլորս միմյանց ասելու բաներ ունենք, սակայն մենք պետք է նաեւ ապագային նայենք», ըստ թուրքական կայքիՙ ասել է դեսպան Կարսլիօղլուն: Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն իր հերթին թուրք դեսպանին գոհունակություն է հայտնել Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի մասին օրենքի առնչությամբ: Նա դեսպանին նաեւ Թուրքիայի հայերի մասին գիրք է նվիրել:
Թուրք դեսպանից այցի մանրամասները ճշտել չհաջողվեց երեկ: Բեռլինում Թուրքիայի դեսպանությունից խորհուրդ տվեցին կապվել Դյուսելդորֆի իրենց հյուպատոսարանի հետ: Այստեղ պատասխանող չեղավ: Մեր հեռախոսազանգը պատասխան գտավ Քյոլնում. Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցուհին, որ առանձնակի հետաքրքրությամբ արձանագրեց մեր տվյալները, հաղորդեց, թե Քյոլնում գերմանահայոց առաջնորդարան դեսպանին ուղեկցել է նաեւ Դյուսելդորֆում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, այլ մանրամասների, ասաց, տեղյակ չէ: Նա իրազեկեց, թե դեսպանը եւ հյուպատոսը գտնվում են Դյուսելդորֆի Լանդթագումՙ երկրամասային խորհրդարանում, կփորձի նրանց մեզ հետ կապել: Երեկ, ցավոք սրտի, չհաջողվեց պարզել թուրք դիվանագետներիՙ հայկական կոնյակից, հայկական եկեղեցուց ստացած տպավորությունները:
Հավելենք մի ծանուցումՙ Թուրքիայի դեսպան Հյուսեին Ավնի Կարսլիօղլուն Բեռլինում պաշտոնավարում է 2012-ի հունվարի 15-ից: 2001-2004-ին նա Թուրքիայի գլխավոր հյուպատոսն է եղել Բաթումում, 2007-2008-ինՙ Թուրքիայի դեսպանը Բաքվում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա